Կմեկուսանա

23/05/2011

«Վրաստանը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, քանի որ ճանաչելու դեպքում կկորցնի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ունեցած ռազմավարական հարաբերությունները»,- «Tert.am»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Վրաստանում գործող Ռազմավարական հետազոտությունների կովկասյան կենտրոնի նախագահ Մամուկա Արեշիձեն` պատասխանելով հարցին, թե Վրաստանն ինչո՞ւ է ճանաչում «չերքեզ ժողովրդի ցեղասպանությունը», որն աշխարհի ոչ մի երկիր չի ճանաչել, իսկ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բազմաթիվ կոչերն անպատասխան է թողնում: «Դա ինքնըստինքյան հասկանալի է: Քանի որ այստեղ գոյություն ունի քաղաքական կոնյունկտուրա: Եթե Վրաստանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կմնա մեկուսացման մեջ եւ կկորցնի իր ռազմավարական գործընկերներին, ինչպիսիք են Թուրքիան եւ Ադրբեջանը»,- ասել է Արեշիձեն: Հարցին, թե Վրաստանն ինչո՞ւ է հատկապես հիմա ճանաչում «Չերքեզ ժողովրդի ցեղասպանությունը», Արեշիձեն պատասխանել է. «2008-ից հետո Վրաստանի ղեկավարությունն ակտիվացրել է իր տարածաշրջանային քաղաքականությունը, այդ թվում` Հյուսիսային Կովկասի ուղղությամբ»: Ըստ նրա` Վրաստանի որոշումը առաջին հերթին կարելի է դիտել որպես պատասխան քայլ Ռուսաստանի գործողություններին: «Մյուս կողմից` դա Հյուսիսային Կովկասում 19-րդ դարում տեղի ունեցածին տրված գնահատական է, հարց, որը վաղուց արդեն օդում կախված է, իսկ Ռուսաստանի ղեկավարությունը չի ցանկանում նկատել այդ հարցը»,- ասել է նա: Վրացի փորձագետը չի աջակցում «չերքեզների ցեղասպանությունը» ճանաչելու նախաձեռնությանը` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Վրաստանը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Որպես Հյուսիսային Կովկասի հարցերով փորձագետ` ես համարում եմ, որ չերքեզների հարցն անկասկած պետք է դրվեր քննարկման, եւ դրան պետք է գնահատական տրվեր: Սակայն քաղաքական գնահատական տալը հղի է որոշակի բարդություններով, այդ թվում` հայկական հարցի մասով»,- ասել է նա: Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Վրաստանի խորհրդարանը միաձայն ճանաչել է «չերքեզ ժողովրդի ցեղասպանությունը» 18-19-րդ դարերում Ռուսական Կայսրությունում: