«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ հայտարարել է, թե ինքը կողջունի իշխանություն-ՀԱԿ երկխոսությունն այն պարագայում, եթե այն նպաստի Հայաստանում առկա համակարգի փոխվելուն եւ ավազակապետության կազմաքանդմանը, ինչպես ասել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իսկ եթե այդ երկխոսության նպատակը միայն Հայաստանում բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորումն է, ապա, ըստ Ա. Կարապետյանի` այդ գործընթացն անարդյունավետ է լինելու: «Թե իշխանությունը, թե ՀԱԿ-ը պետք է տեսնեն, թե ինչ է կատարվում Վրաստանում, որովհետեւ Հայաստանում հեղափոխական խնդիրները չգնացին, քնեցին, այսօր էլ որեւէ խնդիր չի լուծվել»,- ասել է նա: «Պարզապես երկխոսության գնալուց առաջ ՀԱԿ-ին խորհուրդ կտայի մտածել երկուստեք միմյանց «քցելու» հնարավորության մասին»,- հորդորել է Ա. Կարապետյանը` հավելելով, թե հիմա արդեն իշխանությունները ՀԱԿ-ին զրկում են քաղբանտարկյալների, Ազատության հրապարակի եւ այլ հարցերով կատարելիք շահարկումներից: Հարցին, թե ո՞ր պարագայում ՆԺԿ-ն կհամաձայնի համագործակցել ՀԱԿ-ի հետ, Ա. Կարապետյանը պատասխանեց. «Եթե արծարծվեն արտահերթ ընտրությունների կամ հեղափոխություն իրականացնելու հարցերը: Սակայն մենք ժամանակին խելացի ենք գտնվել, չենք թողել, որ մեզ հիմարի տեղ դնեն, ու դրա համար էլ ՀԱԿ-ի կազմի մեջ չենք մտել»: Ինչ վերաբերում է ՆԺԿ դիրքորոշմանը, ապա Արամ Կարապետյանն ասել է, թե իրենք պատրաստվում են արտահերթ ընտրությունների` որ ուժի հետ դա կլինի: Այդ ծրագրի շրջանակներում, ինչպես նշեց ՆԺԿ նախագահը, ինքը շարունակում է հանդիպումները Ռամկավարների համաշխարհային կառույցի ատենապետի եւ փոխատենապետի հետ եւ ՍԴՀԿ համաշխարհային կառույցի ատենապետի ու վարչության ներկայացուցիչների հետ, որը Հայաստանում գրանցված է Հնչակյան անվանումով: Ի դեպ, Արամ Կարապետյանը երեկ հայտարարել է, թե իր կուսակցությունը հավաք կազմակերպելու համար դիմել է երեք հյուրանոցների, սակայն երեքն էլ մերժել են տարածք տրամադրել: Արամ Կարապետյանի խոսքով` նախապայմաններով հարուստ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացն ամենեւին էլ կանգ չի առել: «Բայց քանի որ աշխարհը հասկանում է, որ դա անընդունելի է հայության համար, դրա իրականացման համար էլ նման հաշվարկված գործընթաց է իրականացնում»,- ասել է ՆԺԿ նախագահը` հավելելով, որ եթե ՀԱԿ-իշխանություն երկխոսության արդյունքն այս գործընթացի իրականացումը պետք է լինի, ապա դա անընդունելի է: Ա. Կարապետյանի համոզմամբ` այդ ծրագրի իրականացմանը դեմ կլինեն Լեռնային Ղարաբաղը, Հայաստանի բավական լուրջ քաղաքական, այդ թվում` «գերագույն իշխանությունից», ինչը, նրա դիտարկմամբ` նշանակում է, որ տվյալ ծրագիրը պարունակում է պատերազմի վտանգ: «Դատելով Հայաստանի արտգործնախարարի արագ այցերից, կարծում եմ` հիմա միջազգային հանրությունը խաղաղություն պարտադրելու ելք է փնտրում, ինչի համար որեւէ փոխզիջումային տարբերակ է առաջարկում, ըստ որի` հայկական կողմը պետք է հանձնի Ֆիզուլին ու Աղդամը, եւ քննարկվի ԼՂ կարգավիճակի հարցը»,- ասել է Ա. Կարապետյանը: Նրա խոսքով` ադրբեջանական կողմի հայտարարություններն եւ համաշխարհային հանրության վերլուծությունները համադրելով` դժվար չէ ենթադրել, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների` հունիսի 25-ին Կազանում կայանալիք հերթական հանդիպմանն Ադրբեջանն առաջ է քաշելու Աղդամն ու Ֆիզուլին հետ ստանալու հարցը։ «Դրանից հետո կսկսվի մի գործընթաց, որի մասին բոլորս գիտենք, այն է` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի բնորոշումը: Դատելով ամենից, իմ տպավորությունն այն է, որ լայնամասշտաբ պատերազմից խուսափելու համար միջազգային հանրությունը կշարունակի խաղաղություն պարտադրելու ճանապարհներ փնտրել: Սակայն փորձելով խաղաղություն պարտադրել` միջազգային հանրությունը չի գիտակցում, որ փորձում է համատեղել երկու անհամատեղելի` տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները, ինչը կրկին բերելու է փակուղու: Այս սկզբունքներն աշխարհի որեւէ տեղում առանց պատերազմի դեռ չեն իրագործվել»,- ասել է Ա. Կարապետյանը` նկատելով, թե քանի դեռ վիճելի սկզբունքները չեն հստակեցվել, կողմերը շարունակելու են կրակել: