Նաֆիսատուն եւ Լագարդը

23/05/2011

«Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը իրեն մեղավոր չի ճանաչում, եւ նա կարդարացվի»,- նման հայտարարություն է արել Կանի փաստաբան Բենջամին Բրաֆմանը` համոզմունք հայտնելով, որ իր պաշտպանյալի վրայից կհանվեն նյույորքյան հյուրանոցում 32-ամյա սպասուհու նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ իրականացնելու մեղադրանքները: Ըստ պաշտպանի` Ստրոս-Կանը «իրեն լավ է տիրապետում` չնայած այն իրավիճակին, որում հայտնվեց»: Այդուհանդերձ, միջազգային մամուլը տեղեկացնում է, որ Կանի փաստաբաններն իրենց պաշտպանյալի անմեղությունն ապացուցող փաստեր են փնտրում: Մասնավորապես` պաշտպանական կողմը դիմել է մասնավոր խուզարկուների օգնությանը: «Guidepost Solutions» ընկերության խուզարկուներից մեկն արդեն ուղեւորվել է Նոր Գվինեա` Կանին բռնաբարության մեջ մեղադրող սպասուհու` Նաֆիսատու Դաիլոյի կյանքի մանրամասները պարզելու համար: Ֆրանսիական «Le Monde» թերթը գրել է, որ խուզարկուն իր մեկ ժամվա աշխատանքի դիմաց առնվազն 700 եվրո է ստանում: Ստրոս Կանի գործով հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 6-ին։ Իսկ մինչեւ այդ ակտիվորեն քննարկվում է ԱՄՀ նոր ղեկավարի թեկնածությունը: Բրիտանական լրատվամիջոցները վկայակոչելով երկրի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնի հայտարարությունը` հայտնում են, որ Մեծ Բրիտանիան ԱՄՀ նոր ղեկավարի պաշտոնում պաշտպանել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդի թեկնածությունը:

«Մենք աջակցում ենք նրան, քանի որ նա այս պաշտոնի լավագույն թեկնածուն է, եւ ես անձամբ կարծում եմ, որ հիանալի կլինի, որ իր 60 տարվա պատմության ընթացքում ԱՄՀ-ն առաջին անգամ կին ղեկավար ունենա»,- հայտարարել է Օսբորնը: Այդպիսով, Մեծ Բրիտանիան կողմ արտահայտվեց 55-ամյա Լագարդի թեկնածությանը` հետեւելով Իտալիայի, Գերմանիայի եւ մի շարք այլ եվրոպական երկրների օրինակին: