Լավ է` շնորհակալություն չի հայտնել

23/05/2011

Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը երեկ հրավիրված ասուլիսում անդրադարձել է շրջանառվող այն լուրերին, թե Հայաստանում միգրացիոն հոսքերն անհանգստացնող չափերի են հասել: «Նման հայտարարությունները քաղաքական շահարկման նպատակով են արվում: Դա այդ մասին խոսողների անտեղյակության մասին է փաստում: Այդ թվերը ներկայացնողները չեն մատնանշում իրենց աղբյուրը: Այն անձինք, ովքեր նման հրապարակումներ են անում, թող բարի լինեն` նաեւ հղումը կատարել»,- ասել է նա` իր կողմից որոշակի թվեր ներկայացնելով: Բնականաբար, դրանք համընկնում են պաշտոնական վիճակագրության կողմից ներկայացվող թվերին: Նրա խոսքով` 2009-2010թթ.-ին միգրացիայի բացասական սալդոն մեծ չի եղել: Օրինակ` 2009թ.-ին միգրացիայի տարեկան բացասական մնացորդը կազմել է 24.978 մարդ, 2010թ.-ին` 29.860: «Նման պայմաններում չի կարող խոսք լինել զանգվածային արտագաղթի մասին, հատկապես, եթե հաշվի առնենք, որ 92-94թթ.-ին միգրացիոն բացասական սալդոն տարեկան կազմել է 120գ220 հազար, իսկ 1995-2001թթ.-ին` յուրաքանչյուր տարի` շուրջ 60 հազար»,- ասել է Եգանյանը: Նա անդրադարձել է նաեւ Ռուսաստանի կողմից իրականացվող «Համերկրացիների վերաբնակեցման» ծրագրին: «Նմանատիպ ծրագրերի իրականացումը յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է, 40-ական թվականներին Հայաստանն էլ է իրականացրել»,- ասել է նա` փորձելով արդարացնել ՌԴ իշխանությունների կողմից պաշտոնապես ՀՀ քաղաքացիների արտագաղթին նպաստելու զանգվածային քայլը: Այդ ծրագիրը ՀՀ-ում իրագործում է ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցչությունը: Ըստ Եգանյանի ներկայացրած տվյալների` 2007-2010թթ. հոկտեմբեր ծրագրի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար դիմել են 13.677, իսկ 2010թ.-ի հոկտեմբերից մինչ օրս` 12.321 քաղաքացիներ: Նախորդ չորս տարիներին ծրագրով ՌԴ է մեկնել 626 ընտանիք` 1508 մարդ: «Սա, անշուշտ, անցանկալի միգրացիոն հոսք է, քանի որ մարդիկ մշտական բնակության են մեկնում: Սակայն դիմողների մեծ թիվն ու մեկնողների փոքր թիվը փաստում են, որ ռուսական կողմից առաջարկվող պայմանները խիստ գրավիչ չեն, առաջարկվող աշխատավարձերի չափն էլ շատ ցածր է»,- ասել է Գ. Եգանյանը: