Որքան ավելի է մոտենում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, այնքան ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ բնակչության շրջանում անցկացվելիք այդ հարցումն, ըստ էության, քաղաքական միջոցառում է եւ ոչ մի կապ չունի պետական շինարարության հետ։ Ես այսպես եմ կարծում, քանի որ թե իշխանությունները եւ թե ընդդիմությունները, որոնք՝ չնայած միավորվելու բոլոր ջանքերին ու հավաստիացումներին, կարեւոր պահերին միշտ հոգնակի են, ավելի շատ քաղաքական վստահության խնդիր են հետապնդում եւ ավելի պակաս` իրավական։
Ընդդիմություններն ասում են, որ սա գործող իշխանության փորձությունն է, որ այս հանրաքվեն է ցույց տալու՝ վստահո՞ւմ է ժողովուրդը, թե՞ ոչ։ Իշխանություններն էլ, թեեւ հասկացնում են, որ «ոչ»-ի դեպքում չեն հեռանալու, ամեն ջանք գործադրում են ժողովրդից սահմանադրական բարեփոխումներին ասված «այո»-ն իբրեւ վստահության քվե պոկելու ուղղությամբ։
Ինչո՞ւ է այսպես։ Միջազգային հանրությունն՝ իր բոլոր կառույցներով, արդեն ձանձրացել ու հոգնել է ոչ լեգիտիմ իշխանություն ունեցող Հայաստանի հետ շփվելուց։ Վերջիվերջո, սկզբունքներ ու կանոններ կան, որոնք, որքան էլ փորձես աչք փակել, միեւնույն է, ինչ-որ տեղից դուրս են գալիս։ Միջազգային հանրությունն՝ իր բոլոր կառույցներով ձանձրացել ու հոգնել է նույնքան ոչ լեգիտիմ ընդդիմությանը սպասելուց, թե սրանք վարդագույն, նարնջագույն կամ որեւէ այլ գույնի ինչ-որ բան կանեն։ Եվ որպեսզի չափերով փոքրիկ, բայց նշանակությամբ բավական կարեւոր հարավկովկասյան մեր երկիրը չդառնա դատարկ խոռոչ, նրանք ձեռնարկել եւ առաջ են մղում «Սահմանադրական բարեփոխումներ» կոչվող գործընթացը, որի միակ նպատակը Հայաստանի իշխանություններին շպարելն է։ Այլ ելք չկա։ Մինչեւ նախագահական նոր ընտրություններ ավելի քան երկու տարի ժամանակ կա, իսկ մինչ այդ` լուծվելիք հազար ու մի խնդիր՝ հարեւանության շրջանակի ընդլայնում, հակամարտությունների լուծում, հարավկովկասյան կայունության եւ անվտանգության ապահովում, նույնն է թե` հարեւան երկրներով անցնող նավթամուղն անվտանգ պահելը։
Այս պայմաններում միջազգային հանրությունը ո՞նց կարող է գործ բռնել մի իշխանության հետ, որը չի վայելում ժողովրդի վստահությունը։ Ո՞նց կարող է հակամարտության լուծումներ քննարկել մեկի հետ, ով նեղն ընկնելիս կազնվանա ու կասի՝ ես համաձայն եմ, բայց իմ համաձայնությունը ոչինչ է։ Ու քանի որ մեր ընդդիմություններն էլ առավելագույնը 2000 մարդ հրապարակ հանելու ունակություն ունեն, միջազգային հանրությունն այս հարցին մոտենում է «Օգտագործիր ձեռքիդ տակ եղածը» հին եւ իմաստուն մեթոդով։ Եվ այսուհանդերձ, մնում է «Սահմանադրական բարեփոխումներ» կոչվող աճպարարությամբ լեգիտիմացնել անլեգիտիմացնելին։
Եթե ուշադիր վերլուծենք անլեգիտիմացնելին լեգիտիմացնելու բոլոր հնարավորությունները, միանգամայն պարզ կդառնա, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից բացի, որեւէ այլ եղանակ չկա։ Հայաստանը նավթ չունի կամ վերը նշված նավթամուղը գոնե չի անցնում մեր տարածքով, որ այդ պատճառով վերցնեն ու չորով լեգիտիմացնեն կամ պարզապես աչք փակեն, ինչպես դա արվում է Ալիեւի դեպքում։ Մնում է, այսպես կոչված, սահմանադրական բարեփոխումների ճանապարհը, որը թափանցիկ ակնարկ է լուկաշենկոներին ու միջինասիական դիկտատորներին, թե սահմանադրական ճանապարհը սպառված չէ (ընդդիմությունների ականջը կանչի), թե խաղի իրենց կանոններն ընդունելով` նրանք կարող են քաղաքակիրթ ձեւով խուսափել գունավոր հեղափոխություններից՝ միաժամանակ ժողովրդի կյանքը բարելավելու առանձնահատուկ նեղություն չկրելով։
Այս ամենը շատ լավ են հասկացել իշխանությունները, իսկ հասկացե՞լ են ընդդիմությունները, որոնք վստահության հարց են բարձրացնում։ Նրանք գիտե՞ն, որ ամեն ջանքով ու միջազգային հանրության աչքակապությամբ ձեռք բերված «այո»-ն դառնալու է իրենց ստույգ վախճանը։ Նրանք գիտե՞ն, որ «ոչ»-ն այնքան աներեւակայելի է, որ կարելի է իբրեւ այլընտրանք քվեաթերթիկներում չգրել անգամ։ Նրանք գիտե՞ն, որ սահմանադրական միապետությունը Հայաստանում արդեն համարյա իրողություն է։ Գիտեն, անշուշտ գիտեն, բայց անկեղծ չեն։
Գիտեն եւ «ոչ» քարոզելու փոխարեն` չեն ասում ժողովրդին. «Մի մասնակցեք»։ Չեն ասում, որովհետեւ չմասնակցությունն արձանագրելու է ինչպես իշխանությունների, այնպես էլ իրենց՝ ընդդիմությունների, խաղից դուրս վիճակը։ Չմասնակցելը մաքրելու է դաշտը, որտեղ այլեւս ոչ մեկը չի կարողանալու կանգնել ու ասել, թե սա 2003-ը չէ, սա 2005-ն է, թե դուք 2000 հոգի չեք, այլ՝ 200.000։ Չմասնակցելը լինելու է վերջն ու սկիզբը, նոր սկիզբը, մաքուր էջը, որտեղ զոռբայությամբ կամ պատահականորեն հայտնված մարդիկ չեն լինելու։
Նոյեմբերի 27-ին արդար կամ անարդար, թափանցիկ կամ անթափանց մեթոդներով կորզված «այո»-ն ճերմակ ձիու վրա բերելու է մեր երկրի միանգամայն լեգիտիմ իշխանություններին։ Հետո Կոնդոլիզա Ռայսը Ջորջ Բուշի՝ «Շնորհավորում եմ, գալ տարի Վաշինգտոնի մեջ» համառոտ նամակը ծրարի մեջ է դնելու եւ ուղարկելու է Հայաստան։ Հաջորդ նամակը լինելու է Եվրոպայից՝ «Մտահոգ ենք անմեղ փաստաբանի ճակատագրով» բովանդակությամբ։ Եվ արդեն գործադիր իշխանությունից անկախ դատարանը՝ բոլոր հանգամանքները մանրազնին ուսումնասիրելուց հետո ազատ է արձակելու Նոր Հաճընի ընտրված, բայց հրաժարական տված քաղաքապետին։
Վարդանարնջագույն մշուշի մեջ բացվելու է հայոց հինավուրց երկրի առավոտը։