Ճյուղը` ծառին, կինոն` կյանքին

23/05/2011

Ավարտվեց Կաննի 64-րդ կինոփառատոնը, որն աչքի ընկավ ոչ միայն հայտնի կինոանուններով ու լավ ֆիլմերով, այլեւ` կինոյից հեռու ցնցող իրադարձություններով: Եվ դրանցից ամենակարեւորը դանիացի կինոռեժիսոր Լարս ֆոն Տրիերին Կաննում «անցանկալի մարդ» հռչակելու նորությունն էր: Փառատոնի ժյուրին` դերասան Ռոբերտ դե Նիրոյի գլխավորությամբ` «Ոսկե արմավենու ճյուղը» շնորհեց «Կենաց ծառը» ֆիլմին, որի հեղինակը` ռեժիսոր Թերենս Մալիկը, իր սկզբունքների համաձայն` մրցանակների հանձնման արարողությանը ներկա չէր, քանի որ մենակյաց ստեղծագործողի համբավ ունի եւ երբեք հարցազրույցներ չի տալիս ու ասուլիսների չի մասնակցում: Նույնիսկ իր ֆիլմի պրեմիերայի ժամանակ նա դահլիճ էր մտել աննկատ, երբ արդեն դահլիճի լույսերը մարել էին: Մալիկը կինոլեգենդ է, ում «Կենաց ծառը» կինոքննադատները ունիկալ նախագիծ են անվանել, որը հնարավոր չէ ենթարկել տրամաբանական վերլուծության, քանի որ ֆիլմը դիտողի վրա ենթագիտակցորեն է ազդում: Այդ ֆիլմը տեխասցի մի ընտանիքի պատմությունը համադրում է կյանքի ծագման գաղափարի հետ: Ֆիլմի գործողությունը ծավալվում է 1950-ական թվականներին, սակայն ժամանակը պոետ-ռեժիսոր Մալիկն ընկալում է ավելի ծավալուն` նմանեցնելով այն վիզուալ հոսանքի, որտեղ հանգավորումը, ռիթմն ու գեղեցկությունը ավելի կարեւոր են, քան բանականությունը: Մրցանակներ ստացան նաեւ բելգիացի կինոռեժիսորներ Դարդեն եղբայրների «Հեծանվով տղան» եւ թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանի հակադեդեկտիվային ժանրում ստեղծած «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմերը: Լավագույն դերասանուհի ճանաչվեց Կիրստեն Դանստը (Լարս ֆոն Տրիերի «Մելանխոլիա» ֆիլմում կատարած դերի համար), իսկ լավագույն դերասանը դարձավ ֆրանսիացի կատակերգակ Ժան Դյուժարդենը, ով ոճավորված սեւ-սպիտակ «Արտիստը» ֆիլմում կատարել է իր դերը գրեթե առանց տեքստի` գործի դնելով միայն իր մնջախաղացի վարպետությունը: