Բուժիչ նամակներ

23/05/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Էդելվեյս, առյուծաճանկ, առյուծաթաթիկ
Leontopodium alpinum

Այս բույսի հետ բազմաթիվ առասպելներ են կապված։ Մի արքայադուստր պայման է դնում, որ կամուսնանա այն խիզախ ասպետի հետ, ով իրեն կնվիրի աստղակերպ, էդելվեյս ծաղիկը։ Շատ խիզախների կյանքեր կործանվեցին դեպի ծաղիկը տանող ճանապարհին։ Երբ վերջապես մի ասպետի հաջողվեց բերել այդ ծաղիկը` նա տեսավ, որ արքայադուստրն իր տատիկի տարիքին է։ Նշենք, որ էդելվեյսը համարվում է Իշտար (Վեներա) Աստվածուհու կողմից հովանավորվող սրբազան ծաղիկ, իսկ Աստվածուհու սիրելի կենդանին առյուծն էր։

Այս առասպելական բույսը ամբողջ աշխարհում պահպանվում է օրենքով։ Էդելվեյսը բարձր լեռներում աճող բազմամյա բույս է։ Ցողունի բարձրությունը 10-15 սմ է։ Նրբագեղ ցողունի գագաթը զարդարում է էդելվեյսը։ Ծաղկակոթի տերեւները հորիզոնական են` խիտ թավշապատ, դրանց վրա են գտնվում մանր փոքրիկ ծաղիկների փնջիկներ։ Որպես կանոն` ծաղիկներն աճում են կավոտ թերթաքարով պատված հողի վրա։ Բույսը ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին։ Այն անվանում են նաեւ մետաքսանման ծաղիկ։ Բույսը հանդիպում է Ալթայում, Կարպատներում, Կովկասում։ Ունի ավելի քան 10 տարատեսակներ։ Հնագույն ժամանակներից բույսն օգտագործվում է ժողովրդական բժշկությունում։ Ունի հակադողէրոցքային, հանգստացնող, խորխաբեր հատկություններ։

Տիբեթյան բժշկության մեջ բույսը կիրառվում է որպես մարդու կյանքը երկարացնող միջոց, քանի որ այն ունի օրգանիզմի հյուսվածքները վերականգնելու, թարմացնելու հատկություն։ Բույսի պատրաստուկները նպաստում են մաշկի երիտասարդացմանը։ Բույսը կիրառում են ստամոքսի խանգարումների, ճողվածքի, լեղաքարային հիվանդության, երակների վարիկոզ լայնացման, տրոֆիկ խոցերի բուժման համար։ Բույսը պարունակում է մեծ քանակությամբ տանին, նաեւ հակաօքսիդանտային հատկություններ ունեցող քլորոգենային եւ ֆենոլային թթուներ։ Այդ պատճառով շատ երկրներում բույսն օգտագործվում է մաշկի խնամքի համար նախատեսված միջոցների արտադրության մեջ։

Դեղատոմսեր

Բույսի մանրացրած 1 դեսերտային գդալ խոտը 1 ժամ թրմեք 200 մլ զտված սառը ջրի մեջ, եփեք մարմանդ կրակի վրա (ջրային բաղնիք), եռացրեք 5 րոպե։ Հովանալուց հետո քամեք։ Բաժանեք 3 մասի, խմեք սնունդ ընդունելուց 20-30 րոպե առաջ։

Լոսյոն

Մանր կտրատած 4 ճ/գ էդելվեյսի բույսի վրա լցրեք 500 մլ օղի, թրմեք երկու շաբաթ։ Քամեք։ Մաքրեք մաշկն առավոտյան եւ երեկոյան։

Աստղածաղիկ ալպիական
Aster alpinus

Ըստ հին ավանդազրույցների` բույսերի այս տեսակի անվանումը կապված է երկնքից ընկնող աստղերի հետ։ Հին սումերների մշակույթում, բացի երկնքի, երկրի եւ ստորգետնյա ջրերի Աստվածներից` եղել են նաեւ յոթ աստվածություններ, որոնք կապվել են երկնային լուսատուների հետ։ Ուշագրավ է, որ աստղածաղիկը հինդուիզմում խորհրդանշում է աստվածային գերհզոր զենք։ Հունարեն aster բառը համահունչ է հայերեն «աստղ» բառին։ Հնում մարդիկ հավատացել են, որ աստղածաղիկները հաղորդակցվում են իրենց «քույր» հանդիսացող երկնային աստղերի հետ։ Եթե այդ ծաղիկների մեջ կանգնած գուշակություն անեք` նայելով ընկնող աստղերին, ապա այն կկատարվի։ Ծաղիկն, իրոք, նման է աստղի, կենտրոնում դեղին խողովակաձեւ ծաղիկներն են, որոնցից տարածվում են ճառագայթաձեւ կապտամանուշակագույն ծաղկաթերթիկները։

Հարյուրամյակներ առաջ Ֆրանսիայի կուսակրոն Նիկարվիլը Չինաստանից բերել է աստղածաղիկի Կալիստեֆուս տեսակը, որից մշակվել են ավելի քան 4000 դեկորատիվ ձեւեր։ Եվրոպայում, բնության մեջ հանդիպում են amellus-երիցուկի, albosetus սպիտակ ասեղնաձեւ, Կենտրոնական Ամերիկայում` Baseharis trinervis տեսակը, վերջինիս ցողունը նման է թռչնի թեւի, իսկ ծաղիկները սպիտակ են։

Աստղածաղիկ ալպիականի սերմերը երկարավուն են, խավոտ, երկար թեւիկով։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, աճում է քարքարոտ լանջերին, սոճուտների մոտակայքում, երբեմն ալպիական գոտում։ Աստղածաղիկները հեշտ են հարմարվում հայաստանյան կլիմայական պայմաններում։ Բուժական նպատակներով ծառայում է բույսը ամբողջությամբ, մթերում են ծաղկման շրջանում։ Բույսը պարունակում է ալկալոիդներ, կվերցետին, ռուտին, սապոնիններ։ Արմատներում հայտնաբերվել են գլյուկոզիդներ։ Բույսը ունի խորխաբեր, ջերմությունը իջեցնող վարակամերժ հատկություն։

Թոքախտի, էկզեմայի, մրսածության, հոդացավերի, ստամոքսաբորբի դեպքում կիրառում են հետեւյալ թուրմը. 2 ճ/գ փոշիացրած խոտաբույսին ավելացրեք 400 մլ եռջուր, թրմեք 30 րոպե։ Եփեք 15 րոպե եռացող ջրային բաղնիքի վրա։ Քամեք։ Բաժանեք 4 մասի, խմեք օրվա ընթացքում, սնունդ ընդունելուց 1 ժամ հետո։