Ադրբեջանական «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում գրոսմայստեր Գարրի Կասպարովը հայտարարել է, որ եթե Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսվի, ապա այն տարվելու է «մինչեւ զրոյական տարբերակի»: Նաեւ հավելել է. «Պատերազմին դեմ եմ, քանի որ պատերազմն ունի իր տրամաբանությունը, որ տարբերվում է մնացած ամեն ինչից: Տվյալ դեպքում ես չեմ հավատում, որ այն լոկալ եւ սահմանափակ պատերազմ է լինելու: Պատերազմը վարվելու է մինչեւ զրոյական տարբերակի, եւ որեւէ ինքնավարություն չի լինի: Կան բաներ, որ չեն հաղթահարվում ռազմական գործողություններով, թափված արյունը միայն հեռացնում է խնդրի լուծումը»: Գ. Կասպարովի խոսքով` հակամարտությունն օգտագործվում է Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների կողմից` «իրենց դիրքերի ամրապնդման եւ հարստացման համար»: «Կարծում եմ` Հեյդար Ալիեւի վերջին կտակը եղել է` «սպառնա՛ պատերազմով, բայց մի՛ պատերազմիր»: Եվ նա չի պատերազմելու»: Ըստ նրա` ներկայիս ստատուս-քվոն ձեռնտու է թե՛ Բաքվին, թե՛ Երեւանին։ «Երեւանում էլ իշխանության ղեկին են նրանք, ովքեր վերեւում են հայտնվել պատերազմի շնորհիվ եւ ցանկանում են պահել իշխանությունը»,- ասել է Գ. Կասպարովը: