Հինգշաբթի օրը Վաշինգտոնում կայացել է Հայաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների դեմ առ դեմ հանդիպումը:
Ինչպես նշված է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքէջում, Էդվարդ Նալբանդյանը եւ Հիլարի Քլինթոնը բանակցային սենյակ մտնելուց առաջ մի քանի հայտարարություն են արել լրագրողների համար: ԱՄՆ պետքարտուղարը, մասնավորապես, նշել է. «Մենք արտգործնախարար Նալբանդյանի հետ բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, եւ ինձ մեկ անգամ եւս հաճելի է ողջունել նրան Պետդեպարտամենտում: Միացյալ Նահանգները եւ Հայաստանը բազմաբնույթ կապեր ունեն, որոնք ընդգրկում են քաղաքականությունն ու հասնում մինչեւ ընտանեկան հարաբերություններ ու բազմաթիվ այլ ոլորտներ, որոնք շատ կարեւոր են մեզ համար»:
Հիլարի Քլինթոնն ընդգծել է, որ ինքն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկելու բազմաթիվ հարցեր ունեն, կարեւոր է համարել իրենց միջեւ շարունակվող երկխոսությունը, սակայն այլ մանրամասներ չի հավելել:
Իր հերթին, Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել պետքարտուղարին ջերմ ընդունելության համար: «Մեր հանդիպումների հաճախակիությունը ցույց է տալիս հայ-ամերիկյան հարաբերություններն ամրապնդելու մեր հանձնառությունը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը եւ ընդգծել, որ վերջին տարիներին երկու երկրների հարաբերությունները է՛լ ավելի են սերտացել: «Համատեղ ջանքերի շնորհիվ մենք կարողացանք որակական նոր մակարդակի բարձրացնել մեր հարաբերությունները, եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` ցույց տրված աջակցության, ջանքերի ու մասնակցության համար,- ասել է Նալբանդյանը` ավելացնելով,- Վստահ եմ, որ այս հանդիպումը եւս մեկ հնարավորություն կդառնա Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ բարեկամական գործընկերությունը ամրապնդելու համար»: Այս խոսքերից հետո երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները շարունակել են հանդիպումը փակ դռների ետեւում: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրության` Նալբանդյանը եւ Քլինթոնը քննարկել են երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տնտեսական գործակցության զարգացման եւ ընդլայնման հնարավորությունները, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների դրական ընթացքը, տարածաշրջանային հարցեր: Էդվարդ Նալբանդյանն ու Հիլարի Քլինթոնը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ: Պետքարտուղարն ընդգծել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով, եւ նշել է, որ ԱՄՆ-ը` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր լիակատար աջակցությունը հակամարտության կողմերի միջեւ համաձայնությունների ձեռքբերմանը եւ հիմնախնդրի հանգուցալուծմանը: