«Հայաստանը հանդես է գալիս սպառազինությունների վերահսկողության պարտավորությունների կատարման օգտին»,- այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը` Երեւանում ընթացող «ՀԱՊԿ-ն եւ Հարավային Կովկասը. Տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հեռանկարներ» միջազգային խորհրդաժողովում: Ըստ նրա, Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրը, նաեւ ԵԱՀԿ-ի քաղաքական պարտավորությունները Հարավային Կովկասի անվտանգության համակարգի կարեւոր բաղադրիչներից են: «Այդ կապակցությամբ կցանկանայի նշել մեր խորը մտահոգությունը սպառազինությունների վերահսկման պարտավորությունների պարբերական խախտման դեպքերի վերաբերյալ, որ կարող են հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների»,- ասել է նա` հիշեցնելով, որ պաշտոնական Երեւանն աջակցում է Եվրոպական Անվտանգության մասին նոր պայմանագրի կնքմանը: Ռուսաստանի տվյալ նախաձեռնությունը ենթադրում է համաձայնություն` իրավականորեն պարտավորեցնող պարտականություններով, որը կարող է եվրոպական անվտանգությունը բարձրացնել միասնական եւ ամբողջական մակարդակի վրա: