«Տրամաբանությունը բերում է նրան, որ ամեն ինչ խաղաղ ճանապարհով գալու, հանգելու է հերթական խորհրդարանական ընտրությունների, որտեղ թամադան էլի լինելու է Սերժ Սարգսյանը»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ, այժմ «Առցանց ազատականների ալյանս» կամ 3Ա նախաձեռնության ղեկավար Կարապետ Ռուբինյանը: Ըստ նրա, անտրամաբանական է, որ իշխանությունը ՀԱԿ-ի հետ նստի-բանակցի սեփական հրաժարականի շուրջ: «Հեղափոխության մասին պետք է մոռանանք»,- ասել է նա` պարզաբանելով, որ դրա համար առկա բոլոր գործոններն այլեւս չկան, «թերեւս միայն մնացել է սոցիալական իրավիճակի գործոնը»: Անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսության թեմային, Ռուբինյանը նշել է, որ ինքը սկզբունքորեն դեմ չէ երկխոսությանը: «Ուղղակի մեր համաժողովրդական պայքարը, որը մինչեւ մարտի 1-ը բավական ռադիկալ եւ գրագետ քաղաքացիական անհնազանդության մեթոդներ էր կիրառում, անթերի պայքար էր իրականացնում… դա պիտի բերեր իշխանությունների հրաժարականի: Մենք օր առ օր տանուլ ենք տալիս մեր երկիրը, քանի որ այս ռեժիմի գոյատեւումը կործանում է երկիրը»,- հայտարարել է ՀԱԿ-ի նախկին անդամը: Ռուբինյանի կարծիքով` ՀԱԿ-ից դուրս ընդդիմադիրների մոտ փնտրտուք կա: «Մեր այսօրվա խղճուկ քաղաքական դիսկուրսը լի է մեծ քաղաքական բամբասանքներով, տարբեր խարդավանքներով: Տեղի են ունենում հանդիպումներ ու քննարկումներ, որոնց ես էլ եմ մասնակցել: Քննարկել ենք տարբեր թեմաներ, հնարավոր զարգացումները»,- ասել է նա: Արձագանքելով իր` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող քաղաքական թիմում հայտնվելու հավանականության մասին ակնարկին, Ռուբինյանը նշել է. «Բացառվում է, որ ես հայտնվեմ մի թիմում, որը պաշտպանի Քոչարյանին: Դա զարհուրելի ֆանտաստիկայի ոլորտից է»:
Նա չի հերքել այն լուրերը, որ այսօր ընդդիմադիրների շրջանում հանդիպումներ են տեղի ունենում, ինչը, ըստ նրա, փորձում են կապել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվացման հետ: «Այդ հանդիպումներն առայժմ որեւէ արդյունքի չեն բերել: Ձեւավորված քաղաքական իրավիճակի գնահատականները համարյա բոլորի մոտ նույնն են` այս անցումային փուլում մտածում ենք, թե ինչ կարելի է անել, որ նպաստենք երկրի զարգացմանը եւ ժողովրդավարացմանը,- ասել է Ռուբինյանը` չբացառելով ապագայում որեւէ կուսակցության անդամագրվելու հնարավորությունը: – Ասել, որ ինչ-որ մեկի հետ համախոհ եմ կամ համախոհ չեմ, կամ համատեղ պլաններ ունենք արդեն գծած` այսպիսի բան չկա»: Հարցին, թե ում հետ է հանդիպել, Ռուբինյանն արձագանքել է. «Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, «Ժառանգության» այլ անդամների հետ, մի անգամ խմել ենք դաշնակների հետ»:
Ի դեպ, արձագանքելով «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի` նախօրեի հայտարարությանը, թե ՀՀ հաջորդ նախագահը պետք է «այլ գույն ունենա», Կարապետ Ռուբինյանը հայտարարել է. «Հայաստանի հաջորդ` չորրորդ նախագահը պետք է լինի զոլավոր: Կտրականապես դեմ եմ, որ հաջորդ նախագահը այլ գույն ունենա, նա պետք է լինի զոլավոր: Զեբրի ու վագրի խառնուրդ»: Լրջացնելով իր պատասխանը, Ռուբինյանն ասել է, թե Հայաստանը պետք է անցում կատարի խորհրդարանական կառավարման համակարգի: «Կուզենայի, որ հաջորդ նախագահ կամ չլիներ, կամ էլ լիներ այնպիսի մի ծրագրով նախագահ, որը կհայտարարեր, որ գալիս է իշխանության` երկու տարում սահմանադրական ռեֆորմներ անելու եւ դեպի խորհրդարանական հանրապետություն անցում կատարելու համար: Ահա այդպիսի մի թեկնածուի ես լիաթոք կպաշտպանեի»,- ասել է նա` ավելացնելով, որ Հայաստանի հաջորդ նախագահը պետք է լինի նախկին եւ ներկա երեք նախագահների եռանկյունուց դուրս: