Ռուսական «Կոմերսանտ» թերթն իր երեկվա համարում գրել է, որ ռուսական երեք ընկերություններ քննարկում են Հայաստանի ինտերնետի մագիստրալային օպերատոր GNC-Alfa ընկերության ձեռքբերման հնարավորությունը: Ըստ թերթի` ընկերությունը գնահատվում է $50-60 մլն: GNC Alfa ընկերությունը ձեռք բերելու համար բանակցում են «ՄՏՍ», «Ռոստելեկոմ» եւ «Տրանստելեկոմ» ընկերությունները: Ըստ «Կոմերսանտի»` հայկական ընկերությունը գնելու հավակնություն կարող է դրսեւորել նաեւ «France Telecom»-ը: GNC-Alfa-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը Tert.am-ին ասել է, որ իր ունեցած տեղեկություններով` ժամանակ առ ժամանակ բաժնետերերը քննարկումներ են վարում ռազմավարական ներդրողների հետ։ 2010թ. հոկտեմբերին GNC-Alfa-ն եւ «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն համաձայնագիր էին ստորագրել ՀՀ տարածքում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո ծառայություններ մատուցելու մասին: Անցած տարի Հայկ Ֆարամազյանը հայտարարել էր, որ համաձայնագիրը նախատեսում է հայաստանյան հաճախորդներին «Ռոստելեկոմի» այնպիսի ծառայությունների տրամադրում, ինչպիսին է IP-տարանցումը, կորպորատիվ հաճախորդների համար ինտերնետային կապը եւ կապուղիների վարձակալությունը: Նշենք, որ ընկերությունը Հայաստանին ինտերնետ մատակարարող երեք մագիստրալ օպերատորներից մեկն է (ելք ունի դեպի Իրան ու Վրաստան, ապահովված է երեք միջազգային կապուղիներով. մեկը` հարավում, երկուսը` հյուսիսում): Հայաստանին ինտերնետ մատակարարող մյուս երկու մագիստրալ օպերատորներն են «ԱրմենՏել» եւ «Fibernet Communications» ընկերությունները: