Ուղարկվել է դատարան

20/05/2011

Անցած տարվա նոյեմբերին Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում հրազենային վիրավորումից ժամկետային զինծառայող Ռոբերտ Ավետիսյանի մահվան առիթով հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան: Այդ մասին տեղեկացրել են Պաշտպանության նախարարության Քննչական ծառայությունից: Գործով երկու մեղադրյալները` 19-ամյա շարքային զինծառայողներ Հմայակ Մարտիրոսյանը եւ Արտյոմ Պողոսյանը, ի սկզբանե ձերբակալվել էին պահակային կամ կայազորային ծառայության կանոնները խախտելու կասկածանքով, նրանց սպառնում է մինչեւ 2 տարվա ազատազրկում: Այժմ նրանք մեղադրվում են նաեւ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանության մեջ` Քրեական օրենսգրքի 108 հոդվածի հատկանիշներով: Այս հոդվածով սահմանված առավելագույն պատիժը 3 տարվա ազատազրկումն է: Սպանված Ռոբերտ Ավետիսյանի հարազատներն ու նրանց շահերի պաշտպան Արա Զաքարյանը օբյեկտիվ չեն համարում գործով անցկացված նախաքննությունը եւ պնդում են, որ ներկայացված մեղադրանքները իրականությանը չեն համապատասխանում:

«Այստեղ խոսքը գնում է դիտավորյալ սպանության մասին,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նշել է Արա Զաքարյանը` ավելացնելով,- Մեր ամբողջ պայքարը գնալու է, որ դատարանում փոփոխվեն մեղադրանքները»: Կրտսեր սերժանտ Ռոբերտ Ավետիսյանի սպանության գիշերը այս երկու զինծառայողները պահակակետում ծառայություն են իրականացրել: Փաստաբանի փոխանցմամբ, քննչական մարմնի վարկածը հետեւյալն է` ջրծաղիկով հիվանդ Ռոբերտ Ավետիսյանը ինչ-ինչ հանգամանքներում որոշել է կյանքին վերջ տալ եւ կեսգիշերին զորամասի բուժմասից դուրս է եկել, գնացել պահակակետ: Այնտեղ ծառայություն իրականացնող զինվորները զգուշացրել են` «Մի՛ մոտեցիր, թե չէ կկրակենք»: Սակայն Ավետիսյանը չի ենթարկվել հրահանգին, ասել է` «Ապե՛ր, կրակեք», մոտեցել է, զինվորներն էլ կրակել են:

«Հեքիաթային վարկած է, իմ խորին համոզմամբ»,- երեկ ասել է Արա Զաքարյանը: Կան պնդումներ, որ Ռոբերտ Ավետիսյանի ձեռքին դանակ է եղել: Զոհված զինծառայողի հարազատները պահանջել են փորձաքննություն` պարզելու, թե դանակի վրա արդյոք Ռոբերտի մատնահետքե՞րն են, թե՞ դանակը հանցագործությունից հետո են գցել դեպքի վայրում` որպես վարկածի ապացույց: Ռոբերտ Ավետիսյանի հայրը` Գուրգեն Ավետիսյանը, նույնպես համոզմունք է հայտնել, որ որդուն դիտավորյալ են սպանել: «Քանի որ իմ տղաս այսօր չկա` իրենց համար ամենահեշտ տարբերակն է, որ գործը ամբողջությամբ շուռ տան տղայիս վրա»,- կարծում է որդեկորույս հայրը: Գուրգեն Ավետիսյանի տեղեկություններով` որդին մեղադրյալներից մեկի հետ վաղուց լարված հարաբերությունների մեջ է եղել, իսկ միջադեպի օրը զորամասի բուժմասում վիճաբանություն է եղել: Հոր կարծիքով, գիշերը Ռոբերտին դուրս են կանչել` վիճաբանությունը շարունակելու, եւ կրակել նրա վրա: