Սարկոզին է գալու

20/05/2011

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեին հրավիրել է այցելել Հայաստան: Ըստ ԱԳՆ մամուլի ծառայության` նախարարներ Նալբանդյանն ու Ժյուպեն արձանագրել են, որ մի շարք միջազգային հարցերի վերաբերյալ Հայաստանի եւ Ֆրանսիայի դիրքորոշումները համընկնում են: Նրանք քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները եւ այդ շրջանակներում իրականացվող ծրագրերը, մտքեր փոխանակել միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ֆրանսիական համագործակցության շուրջ, անդրադարձել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանը: Բանակցությունների օրակարգում էր արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Երկուստեք շեշտվել է հիմնահարցի խաղաղ եւ բանակցային լուծման այլընտրանքի բացակայությունը: Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի կառուցողական ներգրավվածությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Մայիսի 17-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ: Հանդիպմանը քննարկվել է այս տարվա երկրորդ կեսին նախատեսված` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան այցելության, ինչպես նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Ֆրանսիա կատարելիք այցի նախապատրաստմանն առնչվող հարցեր: Երեկ Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի անդամների հետ: