– Հայաստանի իշխանություններն ինչո՞ւ հանկարծ որոշեցին բարեփոխումներ իրականացնել: Այդ մասին հայտարարություններ, նույնիսկ որոշակի քայլեր են անում:
– Ես կարծում եմ, որ Հայաստանի վրա ազդեց այն մթնոլորտը, որ ստեղծվել էր աշխարհում արաբական հեղափոխություններից հետո: Խնդիրն այնքան հեղափոխությունները չէին, այլ նոր ոճի այն հայտարարությունները, որոնք սկսեցին հնչել գերտերությունների կողմից: Նրանք մի քիչ այլ կերպ սկսեցին խոսել ավտորիտար ռեժիմների, մարդու իրավունքների մասին: Լիբիայում կատարվածն աննախադեպ բան էր, երբ միջազգային կոալիցիան խառնվում է ներքին պատերազմին` բարձրացնելով մարդու իրավունքների հարցը: Այս ամենը շատ էական ազդեցություն է թողել բոլոր երկրների վրա: Բնական է, որ Հայաստանի վրա նույնպես պիտի ազդեցություն ունենար: Մենք երկիր ենք, որ 2008-ից ապրում ենք Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների կնիքի տակ: Եվ դա թելադրում է ողջ ներքին քաղաքական կյանքը: Բայց դրանից ոչ իշխանության որակը, ոչ էլ տրամադրություններն են փոխվում: Մենք ունենք հստակ գործող օլիգարխիկ համակարգ` իր շահերով, աշխարհի մասին իր պատկերացումներով: Եվ իշխանությունները փորձեցին մի քիչ բարդացնել ներքին խաղը` հասարակ, ուղիղ ռեպրեսիվ գործունեությունից անցնել ավելի բարդ գործունեությունների: Սկսեցին ասել, թե երեկ ընդդիմությունն այլ էր, այսօր` այլ, որ մենք կարող ենք համագործակցել: Որ հրապարակում ժամանակին սուտ լուտանք էր հնչում, հիմա այլ է:
– Դա նշանակում է, որ ընդդիմության դիրքորոշման մեջ փոփոխությո՞ւն է եղել:
– Ես ընդդիմության դիրքորոշման մեջ էական փոփոխություն չեմ տեսնում, որովհետեւ ՀԱԿ-ի ստեղծման օրվանից Կոնգրեսի ղեկավարությունը հայտարարել է, թե պատրաստ է երկխոսության գնալ իշխանությունների հետ քաղբանտարկյալներին ազատելու պայմանով: Մեղմացնում էին իրենց քայլերը` պատճառաբանելով արտաքին վտանգը: Ի՞նչ է փոխվել դրանից հետո, ոչ մի բան էլ չի փոխվել: Եվ երբ հասարակությունը դրան կտրուկ էր արձագանքում, հայտարարում էին, որ երկխոսության են գնում միայն արտահերթ ընտրությունների պահանջով: Այսինքն` ընդդիմության գործունեության մեջ ես էական որեւէ փոփոխություն չեմ տեսնում: Եվ ՀԱԿ-ի ղեկավարներն էլ հայտարարում են, որ դիրքորոշման մեղմացումը իշխանությունների նախաձեռնությունն է, որ իշխանությունները գնում են թավշյա հեղափոխության:
– Իսկ իշխանություններն ինչո՞ւ են դրան գնում:
– Սոցիալական վիճակը շատ ծանր է, որեւէ լավ բան չեն կարողացել անել: Բնական է, որ դա պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծում: Արտաքին ազդակների պատճառով գնացել են խաղի բարդացմանը, եւ դա բավականին հաջող են անում: Եվ պարզվեց, որ ՀԱԿ-ի 15 պահանջները պետք էլ չէր կատարել, ընդամենը պետք էր 3-ը կատարել:
– Բայց ՀԱԿ-ը հայտարարում է, որ քաղբանտարկյալներին ազատելուց հետո երկխոսության կգնա արտահերթ ընտրությունների պահանջով: Հակառակ դեպքում իրենք նորից ակտիվ հանրահավաքներ, միգուցե նաեւ` շուրջօրյա նստացույց անեն:
– Որոշ վերլուծաբաններ ճիշտ են գնահատում, որ այդ 3 պահանջների կատարումն ընդամենը կոնկրետ քաղաքական իրավիճակի հետեւանք պետք է լինեն, եւ դրանք չէ որ հասարակական պահանջին համապատասխանող քայլեր են: Հասարակությունն ուզում է, որ սպանությունները բացահայտվեն, եւ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Կոնգրեսն իր շատ պահանջները հանել ու թողել է 3-ը: Իսկ իշխանությունների համար դժվար չէր կատարել այդ 3 պահանջները: Իսկ դա միանշանակ չի ընկալվում, ու ստացվել է մի անորոշ վիճակ: Քաղաքական շրջանակներում շատ քիչ հավատ կա, որ արտահերթ ընտրություններ կլինեն: Եվ եթե իշխանությունները չեն ընդունում, որ այդ հարցի շուրջ պիտի բանակցեն, ապա ինչի՞ շուրջ են բանակցելու: Կազատեն տղաներին ու կասեն` մենք չենք բանակցում: Կոնգրեսի կողմից հեղափոխական գաղափարն ի սկզբանե ժխտված է, իշխանություններն էլ դրանից ելնելով են իրավիճակը դիտարկում: Հայտարարում են, թե արտահերթ ընտրություն իրենց օրակարգում չկա, բայց կխոսեն համագործակցության մասին եւ դրա համար ոլորտներն են մատնանշում` իրավական, հակակոռուպցիոն եւ այլն: Շատ դժվար է հասկանալ այս իրավիճակի էությունը: Բոլոր այն երկրներում, որտեղ ավտորիտար ռեժիմները հեռացել են, համագործակցություն չի եղել: Այդ երկրներում` Չիլի, Լեհաստան, Հարավային Աֆրիկա, իշխանությունները գնահատվել են հանցավոր, եւ շարժումների առաջին պահանջը եղել է իշխանությունների հրաժարականը խաղաղ ճանապարհով: Դրանից հետո արդեն դրվում էր ձեւավորված հասարակական պահանջը` որպես վերջնագիր: Եվ ժողովուրդն իշխանություններին խաղաղ շարժումով պարտադրում էր այդ վերջնագիրը: ՀԱԿ-ն այդ «վերջնագիր» բառին զգուշորեն է մոտենում: Բայց աշխարհի շատ երկրների պայքարի տրամաբանությունը ցույց է տալիս, որ միայն վերջնագիրն է արդյունավետ, որովհետեւ անօրինական իշխանության առաջ միայն վերջնագիր կարող ես դնել, որը ձեւակերպված է Սահմանադրության դրույթների հիման վրա:
– Դուք չե՞ք հավատում, որ քաղբանտարկյալների ազատ արձակվելուց հետո ՀԱԿ-ն այդ վերջնագիրն էլ կներկայացնի:
– Շատերը խոսում են այն մասին, որ ՀԱԿ-ի ղեկավարները տեղեր են ապահովել խորհրդարանում: Դա նրանից է գալիս, որ արտահերթ ընտրությունները որպես պայքարի արդյունք չի ընկալվում: Նրանք ասում են` կոմպրոմիսային բանակցություն: Դա ի՞նչ է: Դա դժգոհության թեմա է: Ի՞նչ է նշանակում` կոմպրոմիս հանցավոր իշխանությունների հետ: Հարց է առաջանում` սա պայքա՞ր է, թե՞ խնդիրները հանում ես ու բարիշում ինչ-որ հարցերի շուրջ: Սրանք տարբեր բաներ են: Պայքա՞րն է տանում արդյունքի, թե՞ ընդամենը մի կողմ ես թողնում պայքարը` ելնելով արտաքին վտանգներից:
– Շատ է խոսվում երրորդ ուժ, նոր ալյանս ձեւավորելու մասին: Այսօրվա քաղաքական դաշտում կա՞ դրա անհրաժեշտություն, երբ կա ՀԱԿ-ի նման խոշոր ընդդիմադիր կառույց:
– Հայաստանում գոյություն ունի իշխանափոխության պահանջ, եւ հասարակության մեծամասնությունն այս իշխանություններին համարում է ոչ օրինական: ՀԱԿ-ը հիմնական ընդդիմադիր ուժն է, որը հայտարարել է իշխանափոխության մասին: Բայց այսօր ՀԱԿ-ի շուրջ անորոշություն կա: Ուրեմն այլ կազմակերպություններ կարող են հայտ ներկայացնել, թե իրենք կլուծեն այդ հարցը, որովհետեւ դա չի անում Կոնգրեսը:
– Այսօր մեր երկրում կա՞ կամ կարո՞ղ է ձեւավորվել մի այնպիսի ուժ, որն ընդդիմադիր դաշտում ՀԱԿ-ին այլընտրանք լինի:
– Դա կախված է ՀԱԿ-ի անելիքից, թե նա իր պայքարի ոգուն համապատասխա՞ն է մնում: Եթե` ոչ, ապա ժամանակն աշխատում է ՀԱԿ-ի դեմ:
– Բայց փորձը ցույց տվեց, որ այս իշխանությունները զիջումների պատրաստ չեն, իսկ ՀԱԿ-ը զգուշանում է ներքաղաքական նոր ցնցումներից:
– Եթե հասարակությունն ընդունում է այդ երկարատեւ պայքարը, բնական է, որ ՀԱԿ-ը մնում է իր դիրքերում: Բայց եթե հասարակության մեծամասնությունը չի ընդունում, բնական է, որ նոր ուժի պահանջ է ծնվում, որն այլ բաղադրատոմս կներկայացնի: Այսօր ես չեմ կարծում, որ ՀԱԿ-ը լավ է պատկերացնում իր վիճակը, անելիքները: Բավականին բարդ վիճակ է, երբ մի բանը ոչ թե ներքին, այլ արտաքին պահանջներից է գալիս քաղաքականություն: Իսկ դա ցույց է տալիս, որ քո գործունեությունն անգամ քեզ չի համոզում:
– Բայց ինչո՞ւ եք կասկածում այդ արտաքին վտանգի գոյությանը:
– Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ արտաքին վտանգը շահարկվում է Հայաստանում ցանկացած իշխանության կողմից, շահարկվում է նաեւ ընդդիմության կողմից: Բայց նորագույն պատմությունը, նաեւ Մարտի 1-ն է ցույց տվել, որ անմիջական կապ` արտաքին անվտանգության եւ ներքին խնդիրների միջեւ, գոյություն չունի: Արտաքին գործոնն օգտագործվում է միայն այն ժամանակ, երբ դու չես փորձում այլ գործոնով համոզել հասարակությանը:
– Ամեն դեպքում հասարակությունը` մարդիկ, որքան էլ հիասթափված լինի Կոնգրեսից, նորից իր սպասելիքներն այդ ուժի հետ է կապում: Իշխանական դաշտից դուրս այլ ուժի հետ հույսեր չի կապում:
– Իհարկե, որովհետեւ իշխանափոխության խնդիրը չի փոխել: Բայց եթե փոխի, հայտարարի, որ արտահերթը չստացվեց, գնում ենք հերթականի, հասարակությունը կարող է այլ ուժերի կողմը նայել: Այդ ժամանակ կարող է ՀԱԿ-ից ուժեր դուրս գան: Ցանկացած քաղաքական ուժի պոտենցիալը հասարակությունն է: Հասարակությունը եթե առաջիկա հանրահավաքին չգա, ՀԱԿ-ից ի՞նչ է մնալու: Նոր ուժեր դուրս են գալիս կամ հզորանում են այն ժամանակ, երբ ներքին քաղաքական ծանուցագիրը փոխվում է: Եվ այս պայմաններում կհզորանա այն ուժը, որը կարողանա հասարակությանը ապացուցել, որ ունի ժողովրդավարություն հաստատելու տեխնոլոգիա, կարող է պարտադրել գործող վարչախմբին հեռանալ: Բայց ՀԱԿ-ը դեռ հավակնում է դրան:
– Սկզբում ասացիք, թե իշխանությունները սոցիալական պատճառով են բարեփոխումների մասին հայտարարություններ անում: Գործադրվող քայլերը բարելավում կապահովե՞ն:
– Իհարկե` ոչ:
– Ինչո՞ւ, իշխանությունները չե՞ն ցանկանում, որ իրենց նկատմամբ ժողովրդի տրամադրվածությունը, վստահությունն ավելանա: Չէ՞ որ առջեւում երկու համապետական ընտրություններ կան:
– Ինչպես կարող են: Այդ մարդիկ իշխանությունը նվաճել են բարդ պայմաններում: Եվ իրենց գերխնդիրը դա պահելն է: 3 տարի ինչո՞վ էր զբաղվում այս իշխանությունը: Ռեպրեսիայով: Հիմա գնան ընտրական մեխանիզմները հստակեցնելու եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու ճանապարհո՞վ: Ինչի՞ համար, որ 10 տոկոս ստանան ու գնան բա՞նտ:
– Այդ դեպքում նրանք ունե՞ն ընտրությունները նորից կեղծելու ռեսուրս:
– Բա ես ինչո՞ւ եմ ասում, թե բարդացրել են խաղը: Իրենք փայլուն գիտեն, որ ի վիճակի չեն գնալ նոր ճնշումների: Դրա համար գնացել է բարդ խաղի, որն այսօր տեսնում ենք: Այդ բարդ խաղը առայժմ ՀԱԿ-ն ընդունել է: Ի՞նչ որոշում կընդունի ՀԱԿ-ը մայիսի 31-ին: Սա է այս խնդիրը: Կոնգրեսի խնդիրը շատ բարդ է լինելու, եթե իշխանությունը մնա իր դիրքորոշմանը, որ արտահերթ ընտրությունների շուրջ երկխոսության չի գնա: Եվ այդ որոշումից էլ կախված է լինելու ՀԱԿ-ի ապագան եւ շատ բան Հայաստանի հետագա քաղաքական պրոցեսներում:
– Իր հարցազրույցում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ի՞նչ էր ցանկանում ասել իշխանություններին:
– Նա իր հարցազրույցում շատ պարզ ցույց է տվել, որ իր հաշվին ինչ-որ մերձեցում, պայմանավորվածություններ են ընթանում: Որ դրանց արդյունքում ինքը թիրախ, քավության նոխազ է դառնում: Նա ասաց, որ իր քայլերի մեջ ոչինչ մենակ չի արել, ամեն ինչ արել է` ըստ Սահմանադրության եւ բոլորի հետ համաձայնեցված: Եվ ամենաէականը, ասաց, թե Դատախազությունում գտնվող գործը չի վերաբերում իշխանությունների գործունեությանը, դա վերաբերում է զանգվածային անկարգություններին: Նա իշխանություններին ուղղակի առաջարկեց` դուք գնացեք եւ սրանով զբաղվեք: Եվ կպարզվի, թե ով ինչով է զբաղվել: Ես երբեք չեմ հավատացել իշխանությունների` Մարտի 1-ի դեպքերը բացահայտելու ցանկությանը: Եվ չեմ հասկանում, թե ՀԱԿ-ը ինչո՞ւ այդքան հեշտ համաձայնեց Ս.Սարգսյանի այդ հայտարարությանը: