«Ազգային ժողովի աշխատակազմի եւ պատգամավորների պահպանման համար»։ Այսպես է կոչվում այն հոդվածը, որով պետական բյուջեից ամեն տարի միլիարդներ են հատկացվում ազգընտիրներին։
Իհարկե, երբ Հայաստանի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը օրեր առաջ Ազգային ժողովում ներկայացնում էր նախորդ տարվա բյուջեի կատարողականը եւ մասնավորապես պատգամավորների պահպանման համար կատարված ծախսերը, պատգամավորների ճնշող մեծամասնությունը դահլիճում չէր, ուրիշ տեղ էին պահպանվում։ Իսկ 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ծախսերի համար նախատեսվել էր 3,382 մլրդ դրամ, եւ այդ ծախսը կատարվել է 100 տոկոսով:
Բյուջեն՝ տեղին եւ անտեղի հատկացվող գումարներով, իհարկե, նորություն չէ լրագրողների համար, եւ մասնավորապես, 2010 թվականի բյուջեի հիմնական ցուցանիշները հայտնի էին դեռ 2009-ի վերջին։ Փաստացի կատարողականը փոքր-ինչ շեղվում է նախնական ծրագրից, սակայն ընդհանուր առմամբ համամասնությունները շատ չեն փոխվում։ Պարզապես, երբ գլխավոր գանձապետն, օրինակ, տեղեկացնում է, որ Հայաստանի նախագահի աշխատակազմին 2010 թվականին 3,67 մլրդ դրամի փոխարեն հատկացվել է 4,7 մլրդ դրամ, եւ պարզաբանում, որ ծախսերի ավելացումը հիմնականում պայմանավորված է արտասահմանյան գործուղումներով եւ օտարերկրյա պատվիրակությունների ընդունմամբ, ակամայից ցանկություն է առաջանում «աչքի անցկացնել» պետական բյուջեի ցուցանիշներն ու համեմատականներ անցկացնել։
Նշենք, որ պետական համակարգի վրա կատարվող ծախսերն ընդհանրացված են բյուջեի «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» բաժնում։ Այդ հոդվածը ներառում է թե՛ պաշտոնյաների աշխատավարձերը, թե՛ գործուղումների համար հատկացվող գումարները, թե՛ շենքերի եւ շինությունների ձեռքբերումն ու պետական պարտքի գծով գործառնությունները։ Մասնավորապես, պետական կառավարման համակարգի պահպանման ծախսերը արտացոլված են վերը նշված բաժնի առաջին խմբում, որը կրում է հետեւյալ երկարաշունչ անունը. «Օրենսդիր եւ գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական եւ հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ»։
Աղյուսակում 1-ում ներկայացրել ենք այդ խմբի ծախսային հոդվածներից առավել հետաքրքիրները՝ ըստ տարիների (որպես հիմք վերցրել ենք ոչ թե փաստացի բյուջեն, այլ բյուջեի մասին օրենքի ցուցանիշները)։
Ընթերցողը կարող է աղյուսակից ինքնուրույն հետեւություններ անել։ Օրինակ, կարող է տեսնել, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի եւ պատգամավորների պահպանման ծախսերը վերջին 3 տարիների կտրվածքով հետեւողականորեն աճել են եւ 2011թ. համար սահմանվել են 2.7 միլիարդ դրամ։ Նույնը՝ նախագահի աշխատակազմի գծով։ Ինչ վերաբերում է կառավարությանը, ապա 2010թ. ծախսերը մի քիչ պակասել են նախորդ տարվա համեմատ, իսկ հետո` ավելացել։
Ընդգծենք, որ պետական տարբեր կառույցներին բյուջեից գումարները հատկացվում են ըստ տարբեր հոդվածների, այնպես որ, մեզ համար դժվար է թերթի ձեւաչափում մանրամասն հաշվարկ ներկայացնել, թե կոնկրետ որ կառույցին որքան գումար է հատկացվել։ Օրինակ, նախագահի աշխատակազմին հիմնական հոդվածով հատկացված է 2.6 միլիարդ դրամ (2011թ. համար), սակայն դրան պետք է գումարել մի շարք լրացուցիչ հատկացումներ, օրինակ՝ վարչական օբյեկտների շինարարության համար՝ 200 միլիոն դրամ, վարչական օբյեկտների հիմնանորոգման համար՝ եւս 200 միլիոն, քաղաքական հետազոտությունների համար՝ 115 միլիոն դրամ եւ այլն։
Նույնը կառավարության դեպքում է։ Օրինակ՝ բացի հիմնական հատկացումներից, արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար հատկացված է 150 միլիոն դրամ, իսկ արտասահմանյան գործուղումների համար՝ 300 միլիոն։
Ավելի մանրամասն տվյալներ ստանալու համար ընթերցողը կարող է այցելել կառավարության կայք։ Սակայն, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հրապարակման նպատակն ընդամենը պաշտոնական թվերը ներկայացնելն էր, առաջարկում ենք ուշադրություն դարձնել աղյուսակ 2-ի վրա։
Այն կազմել ենք պաշտոնական տվյալների հիման վրա, որտեղ կարելի է տեսնել ոչ միայն տարբեր տարիների բյուջետային հատկացումները՝ ըստ տարբեր ոլորտների, այլեւ դրանց տեսակարար կշիռն ընդհանուր ծախսերի մեջ։
Աղյուսակի թերեւս ամենաարժեքավոր «վկայությունն» այն է, որ միակ ոլորտը, որի տեսակարար կշիռը ընդհանուր ծախսերի մեջ 2008 թվականից ի վեր անշեղորեն եւ կայուն կերպով աճել է, հենց ընդհանուր բնույթի հանրային ծառայություններն են (հիշեցնենք, որ դրա մեջ են մտնում նաեւ ազգընտիրների եւ կառավարության անդամների պահպանման ծախսերը)։ Եթե 2008թ. բյուջեով այս բաժնին հատկացված էր 103.8 միլիարդ դրամ (կամ՝ բյուջետային ծախսերի 12.6%-ը), ապա 2011թվականին հատկացվել է 1.5 անգամ ավելի շատ գումար՝ 153.1 միլիարդ դրամ (ծախսերի 15.3%-ը)։
Սա ուշագրավ է այնքանով, որ փաստացի պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում անգամ պաշտպանության ոլորտի ծախսերն են իրենց տեսակարար կշռով նվազել՝ 15.3%-ից հասցնելով 14.6%-ի։ Կրթության ոլորտի տեսակարար կշիռը 2008թ. 12.6%-ից նվազել է 10.8%-ի, առողջապահության ոլորտինը՝ 6.6%-ից 6.2%-ի։
Ընդգծենք, որ օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմինների գծով ծախսերի ավելացումը ամենեւին չի նշանակում, որ այստեղ աշխատավարձեր են բարձրացվել։ Մենք ուրախ կլինեինք, եթե ծախսերի աճը պայմանավորված լիներ ԱԺ հասարակ աշխատողների չնչին վարձատրության ավելացմամբ։ Սակայն դա այդպես չէ, եւ ծախսերը հիմնականում ավելանում են կողմնակի հաճույքների վրա, օրինակ՝ «կյանքի որակի գնահատման հետազոտությունների»։ Սակայն ամենացավալի փաստը հետեւյալն է. եթե 2008 թվականին պետական պարտքի գծով գործառնություններին (այսինքն՝ պետական պարտքի սպասարկմանը) հատկացվել էր 15.9 միլիարդ դրամ, ապա 2011թ. բյուջեում արդեն 42.5 միլիարդ դրամ է։ Այսինքն՝ խնայում ենք ամեն ինչի վրա՝ պարտքերը փակելու համար։