Ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկ Սամվել Միքայելյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ երեկվանից անժամկետ հացադուլ է սկսել: Որպես պատճառ, թե ինչո՞ւ է նա ընտրել հենց Ֆրանսիայի դեսպանատան տարածքը` հացադուլի համար, Ս. Միքայելյանն ասել է, թե ֆրանսիական իշխանությունները սիրում են իրենց քաղաքացիներին եւ մտածում նրանց մասին, ինչը չես ասի ՀՀ իշխանությունների մասին: Նա ցանկանում է անձամբ հանդիպել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի հետ եւ խնդրել իրեն այդ երկիր տեղափոխվելու հնարավորություն տալ: Մինչ պատասխան ստանալը, ըստ news.am-ի` Ս.Միքայելյանը պատրաստվում է գիշերները լուսացնել դեսպանատան առջեւ գտնվող նստարաններից մեկի վրա: Նրա խոսքով, թեպետ ինքը վաղուց պայքարում է «գլխին ծածկ ունենալու համար, սակայն սայլը տեղից չի շարժվում»: Այս հարցի առնչությամբ նա հանդիպել է անգամ ՀՀ պաշտպանության նախարարի հետ, սակայն այդպես էլ իրեն բնակարան հատկացնելու խնդրանքին ոչ ոք ընթացք չի տալիս: Նա այժմ ապրում է «Հույսի ավան» թաղամասում` իր ծանոթներից մեկի տանը: «Պաշտպանության նախարարը դիմումը մակագրեց, իր ենթակայի վրա զայրացավ` ասելով, թե ինչո՞ւ է այս մարդու վիճակն այսպես, ինչի՞ մինչեւ հիմա բնակարանով չեք ապահովել, բայց այդ մարդիկ ինձ կոնկրետ պատասխան չեն տալիս, գրում են, որ սպասեմ հերթի»,- ասել է Ս. Միքայելյանը: Կայքի թղթակցի հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն ընդունել եւ լսել ազատամարտիկին, դեսպանատան լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել են, որ նման բան չի նախատեսվում։ «Քանի որ դեպքը վերաբերում է Հայաստանի եւ ոչ թե Ֆրանսիայի քաղաքացուն` մանավանդ բնակարան տրամադրելու հարցով վերջինս դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին, դեսպանությունը չի կարող իրեն իրավունք վերապահել միջամտել Հայաստանի ներքին խնդիրներին»,- ասել է դեսպանատան ներկայացուցիչը: Ի դեպ, երեկ Պաշտպանության նախարարի խոսնակ Դավիթ Կարապետյանը հայտարարել է, թե ազատամարտիկ Սամվել Միքայելյանի պնդումը, թե ինքը հանդիպել է Պաշտպանության նախարարի հետ, որի ընթացքում նախարարը հրահանգել է արտահերթ բնակարան հատկացնել նրան, չի համապատասխանում իրականությանը: Նրա խոսքով` զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների բնակարանային պայմանների բարելավումը կարգավորվում է ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 9-ի 947-N որոշմամբ: «Ցավոք հնարավոր չէ միանգամից ապահովել զոհված կամ հաշմանդամ դարձած բոլոր ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավումը, սակայն յուրաքանչյուր տարի Պաշտպանության նախարարությունը, ըստ հաշվառման հերթացուցակի եւ նախարարության ֆինանսական հնարավորությունների, բնակարանային պայմանների բարելավում է կատարում զոհված կամ հաշմանդամ դարձած տասնյակ ազատամարտիկների ընտանիքների համար»,- ասել է նա: Իսկ 2-րդ խմբի զինհաշմանդամ Սամվել Միքայելյանի վերաբերյալ Դ. Կարապետյանն ասել է, թե նա ի սկզբանե գրանցված է եղել Կապանի իր բնակարանում, իսկ հետո տեղափոխվել է Երեւան եւ դիմել Պաշտպանության նախարարությանը` բնակարան ստանալու խնդրանքով: «Չէի ցանկանա փաստաթղթային այդ փոփոխության մեջ որեւէ ենթատեքստ տեսնել, կցանկանայի միայն տեղեկացնել, որ Սամվել Միքայելյանին արտահերթ բնակարան հատկացնելու վերաբերյալ որեւէ կարգադրություն չի եղել, եւ այդ կապակցությամբ տարածված տեղեկությունները փաստերի միտումնավոր խեղաթյուրում են»,- ասել է պաշտպանության նախարարի խոսնակը: