ԱՄՆ դատարանը Թուրքիային 21 օր ժամանակ է տվել` արձագանքելու ամերիկահայերի ներկայացրած դատական հայցին, որոնք փոխհատուցում են պահանջում 1915թ. իրադարձությունների արդյունքում կորցրած կարողությունների դիմաց: Այդ մասին «Hurriyet»-ին ասել է դատական հայցը ներկայացնող փաստաբան Վարդգես Եղիայանը: Ըստ «Ազատության»` հայցով Ցեղասպանության զոհերի ժառանգները պնդում են, որ Թուրքիայի կառավարությունը յուրացրել է իրենց նախնիներին պատկանող` տասնյակ հեկտարների հասնող հողատարածքը, եւ 64 մլն դոլար փոխհատուցում պահանջում դրա դիմաց: Այդ հողակտորները գտնվում են Հարավային Ադանա նահանգում, որտեղ այժմ տեղակայված է Ինջիրլիքի ամերիկյան ռազմաբազան: «Այս հայցը կարեւոր է ոչ միայն հայ, այլեւ միջազգային համայնքի համար»,- ասել է Եղիայանը` հավելելով, թե այն նախադեպ կդառնա եւ ճանապարհ կբացի նմանատիպ այլ հայցերի համար: «Թուրքիայի կառավարությունն ու պետությունը շահույթներ են ստանում այս սեփականությունների շահագործումից եւ պետք է պատասխան տան իրենց քայլերի համար»,- ասել է փաստաբանը, ով նախկինում շահել էր ցեղասպանության զոհերի ժառանգների բազմամիլիոնանոց դատն` ընդդեմ երկու ապահովագրական ընկերությունների: Այս անգամ, սակայն, հայցվորները դատի են տվել ոչ թե մասնավոր ընկերությունների, այլ թուրքական կառավարությանն ու երկու խոշորագույն դրամատների, որոնցից մեկը Թուրքիայի կենտրոնական բանկն է: «Թուրքիան խախտել է միջազգային օրենքները եւ ապօրինաբար բռնագրավել օրինավոր տերերին պատկանող սեփականությունը: Բացի այդ, Թուրքիան խախտել է նաեւ սեփական սահմանադրությունն ու Լոզանի պայմանագիրը: Սակայն առավել կարեւոր է այն, որ հետագայում ապօրինաբար ստացված այս տարածքներն օգտագործվել են շահույթներ ստանալու համար»,- ասել է Վարդգես Եղիայանը: