Կիրակի օրը՝ հոկտեմբերի 30-ին, Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում դեպք է տեղի ունեցել: Ժամը 19.00-ին Արմավիրի հատուկ ծառայությունների մի խումբ աշխատակիցներ՝ մոտ 40 հոգի, ներխուժել են քաղաքի կենտրոնում գտնվող «Դոսուգ» զվարճանքի կենտրոն՝ մահակներով ջարդուփշուր անելով խաղային ավտոմատները, շրջելով բիլյարդի սեղաններն ու ռեստորանի աթոռները: Հարվածներ են ստացել նաեւ աշխատողներն ու հաճախորդները: Որոշ ժամանակ անց խումբն ուղղվում է դեպի «Աստորիա» ռեստորան, եւ ամեն ինչ կրկնվում է: Աշխատողներն ու հաճախորդները թաքնվում էին զուգարաններում, սեղանների տակ, նկուղում:
Միջադեպի հետեւանքով 25 մարդ գտնվում է քաղաքային հիվանդանոցում: Տուժածների թվում տարբեր ազգերի ներկայացուցիչներ կան՝ դաղստանցիներ, չերքեզներ, հայեր, ռուսներ: Այս ակցիան կազմակերպել է հատուկ ծառայությունների ղեկավարությունը՝ ի պատասխան այն բանի, որ շաբաթ՝ հոկտեմբերի 29-ին, ծեծի էին ենթարկվել նրանց 3 աշխատակիցներ: Վերջիններս գտնվում են վերակենդանացման բաժնում: Քաղաք են ժամանել Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի զինդատախազը, այլ պաշտոնյաներ: Անգամ չեղյալ է հայտարարվել երկուշաբթի օրը Արմավիրի հատուկ ծառայությունների Չեչնիա գործուղումը: Արգելք է դրված ԶԼՄ-ներին որեւէ տեղեկատվություն տալու վրա:
Արմավիրը Կրասնոդարի երկրամասի խոշոր տնտեսական եւ մշակութային կենտրոններից է, այն ավելի քան 160 տարեկան է: XVIII դարի վերջերին այս տարածքում բնակություն են հաստատում կազակները, իսկ 1839-ին Կուբան գետի ձախ ափին հայտնվում է 42 հայ ընտանիք (այսպես կոչված` լեռնաբնակ հայեր՝ չերքեզահայեր): Մոտավորապես 1475թ. մուսուլմանների կողմից հալածված ղրիմահայերի մի մասն ուղղվում է Չերքեզիա: Գրեթե 300 տարի ապրելով տեղի ժողովրդի մեջ՝ նրանք փոխառում են վերջիններիս լեզուն, սովորությունները, կենցաղն ու բարքերը, սակայն պահպանում են իրենց ազգային ինքնագիտակցությունն ու քրիստոնեական հավատքը: Երկու մշակույթների փոխներթափանցումից գոյանում է նոր էթնիկ խումբ՝ չերքեզահայեր:
Սեփ.լր.