Թեեւ Ռուսաստանի նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը դեռ պաշտոնապես հայտարարված չէ, սակայն այն արդեն սկսվել է: Երեքշաբթի օրը երկրի գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մամուլի մեծ ասուլիս էր հրավիրել, որն ուղիղ եթեր էին հեռարձակում դաշնային երեք խոշորագույն հեռուստաալիքներ` «Առաջինը», «Ռոսիան» եւ «Ռոսիա-24»-ը: Այս միջոցառմանը մասնակցելու համար հավատարմագրվել էին մոտ 1000 ռուսաստանյան ու արտասահմանյան լրագրողներ: Ռուստաստանի նախագահն առաջին անգամ էր ներկայանում նման «գիգանտոմանիայով»: Սովորաբար նրա շփումները շատ ավելի փոքր «տարածություն» են ընդգրկում:
Մամուլի ասուլիսի գլխավոր ինտրիգն այն էր, որ ամբողջ աշխարհը` առանց չափազանցության, ակնկալում էր Մեդվեդեւից լսել մոտեցող ընտրությունների եւ կառավարող «տանդեմի» ապագայի մասին գոնե որոշ մեկնաբանություններ, տանդեմ, որ, դատելով ինչ-ինչ նշաններից, «ճեղքվածք է տվել»: Քաղաքագետ Գլեբ Պավլովսկին, վերջերս պատասխանելով Ռուսաստանի ապագայի մասին մի շարք հարցերի, ասաց, որ չի բացառում, թե Մեդվեդեւը կարող է պաշտոնանկ անել Վլադիմիր Պուտինի ղեկավարած կառավարությանը, ինչից հետո գործի կդնի Կրեմլի հզոր քարոզչական մեքենան: «Ներկայիս վարչապետին տեղեկատվական «կեղտի մեջ թաղելուց» հետո միայն Մեդվեդեւը շանս կունենա հաղթելու նախագահական ընտրություններում, ընդ որում` դա պետք է սկսել հենց հիմա, քանի որ ժամանակ առանձնապես չի մնացել»,- կարծում է Պավլովսկին: Մի խոսքով` Կրեմլի երբեմնի մերձավոր քաղաքագետը վստահ է, որ հաջողության հասնելու համար Մեդվեդեւը պետք է կրկնի այն սցենարը, որ մի ժամանակ հենց իր` Վլադիմիր Պուտինի թիմը նախագահական աթոռի համար պայքարում կիրառեց Պրիմակով-Լուժկով զույգի դեմ: Քաղաքական երկու ծանրակշիռ դեմքերը, որ համարվում էին այն ժամանակվա նախագահական քարոզարշավի ֆավորիտները (հիշեցնենք, որ Եվգենի Պրիմակովը պատրաստվում էր գլխավորել երկիրը, իսկ Յուրի Լուժկովն այդ դեպքում դառնալու էր վարչապետ), բացարձակապես պատրաստ չէին տոննաներով կոմպրոմատներին ու բացահայտ ստին, որ ամեն օր նրանց վրա էր թափվում Կրեմլին ենթակա հեռուստաալիքներով: Նրանք շփոթվեցին, իրենց կորցրին, իսկ երբ ուշքի եկան եւ «լուժկովյան» հեռուստաալիքներով փորձեցին հակահարված տալ, արդեն չափազանց ուշ էր: Պուտինի թիմն օրինակելի կերպով ցույց տվեց, թե ինչպես են շահում ինֆորմացիոն պատերազմները, որոնց համար չկան գրված ու չգրված օրենքներ: Պրիմակովն ու Լուժկովը կարող էին ուզածների չափ վրդովվել «գոտկատեղից ներքեւ» ստացած հարվածներից, բայդ դա արդեն ոչինչ չէր փոխում: Պավլովսկին գիտի, թե ինչի մասին է խոսում: Մի ժամանակ Ռուսաստանի թերեւս գլխավոր քաղաքական տեխնոլոգին ոչ կոմպետենտ լինելու մեջ մեղադրելն անհնարին է: Սակայն պատրա՞ստ է արդյոք Մեդվեդեւը նման կոշտ մեթոդների: Իհարկե, միանգամայն անհիմն էին ղեկավարման սկզբնական շրջանում նրան անհաստատակամություն վերագրում: Դմիտրի Մեդվեդեւը գործնականում հերքեց դա Մոսկվայի խիստ ազդեցիկ քաղաքապետ Յուրի Լուժկովի դեմ հետեւողական պայքարով: Ընդ որում` այնպես ստացվեց, որ քաղաքական պայքարի կանոնները խախտել է ոչ թե նախագահը, այլ քաղաքապետը: Այժմ Մեդվեդեւի առաջ շատ ավելի բարդ խնդիր է կանգնած: Սակայն բոլոր նրանք, ովքեր ակնկալում էին Սկոլկովոյում մամուլի ասուլիսի ժամանակ նախագահի կողմից որեւէ հնչեղ հայտարարություն լսել, հիասթափված մնացին: Մեդվեդեւի պատասխանն այդ մասին «հերթապահ» հայտարարություն էր: Պետության ղեկավարը նշեց, որ մտադիր չէ խախտելու նախընտրական սցենարը, եւ եթե որոշի մասնակցել նախագահական աթոռի համար պայքարին, ապա այդ մասին կհայտարարի, երբ գա ժամանակը: Առավել մեծ հաճույքով նա սկսեց խոսել համացանցի, երկիրն արդիականացնելու, տնտեսության մեջ նորարարության, հակահրթիռային պաշտպանության, պատերազմի վետերանների, ուսուցիչների ու դպրոցների, գիտության ու բուհերի եւ այլ թեմաների մասին: Այսինքն` մոտ երեք ժամ նախագահը զուտ պետական զրույց էր վարում Ռուսաստանի շահերի մասին:
Մինչդեռ Մեդվեդեւի մամուլի ասուլիսի նախօրեին «Ռուսկի պիոներ» ամսագիրը տպագրել էր ամերիկյան «OutdoorLife» ամսագրի հարցազրույցը Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ ոչ մի բառ չկար քաղաքականության մասին: Ընթերցողի առաջ ներկայանում է ուժեղ, երիտասարդ տղամարդը, որ սիրում է որսորդություն, ձկնորսություն…, մի խոսքով` ոչ թե ՌԴ վարչապետը, այլ Ջեկ Լոնդոնի կամ Հեմինգուեյի վեպերի մի վառ հերոս: Այդ հերոսը, բացի տղամարդուն հատուկ զբաղմունքներից, ուրիշ շատ այլ բաներով էլ է հետաքրքրվում: Նրան հետաքրքիր է մասնակցել բարդ գիտական արշավախմբերի աշխատանքներին, արբալետով կրակել կետաձկներին, որպեսզի գիտական նպատակներով նրանց մաշկից նմուշ վերցնի, ճամփորդել Ռուսաստանով մեկ, ընթերցել եւ այլն: Մի քանի էջանոց հոդվածում, կրկնում եմ, ոչ մի բառ չկա քաղաքականության մասին, սակայն, դրա հետ մեկտեղ` սա ակնհայտորեն Պուտինի նախընտրական քարոզարշավի ինֆորմացիոն սկիզբն է: Պատկերն ավելի պարզ է դառնում, եթե հաշվի առնենք «Ժողովրդական ճակատ»-ի ստեղծման մասին տեղեկությունը` եւս մի «Միացյալ Ռուսաստան», բայց ոչ այդքան հսկայական, այլ աջակիցների մի արագաշարժ խումբ` նախընտրական այս երկար մարաթոնում: Սա արվեց առանց մեծ աղմուկի եւ քիչ մնաց մնար մի այլ իրադարձության ստվերի տակ. միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը դարձավ «Արդար գործ» (Պռավոյե դելո) կուսակցության առաջնորդը: Ընդ որում` ոչ միայն դարձավ, այլեւ հայտարարեց, որ այդ կուսակցությունը սկսում է ստեղծել զրոյից: Հարց է ծագում, թե ի՞նչն էր խանգարում Պրոխորովին նոր կուսակցություն ստեղծել, ոչ թե քանդել եւ նորից վերստեղծել «Պռավոյե դելո»-ն:
Թերեւս այս հարցի պատասխանը պետք է փնտրել Ռուսաստանի ընտրական օրենսգրքում, որը բավականին անորոշ ձեւակերպում է պարունակում այս կամ այն կուսակցությանը կամ նրա անդամներին ընտրություններին մասնակցելու թույլտվություն տալու վերաբերյալ` կախված այն բանից, թե քանի տարի գոյություն ունի այդ կուսակցությունը: Այսպիսով, հնարավոր է` Պրոխորովը, առանց այդ մասին որեւէ բան ասելու, որոշել է կուսակցության «տարիքի» հարցում ինքն իրեն ապահովագրել, որպեսզի իր ցանկություններն իրագործելու ճանապարհին խոչընդոտներ չլինեն: Իսկ այն, որ Պրոխորովի հետեւից ձգվում է քուշավելյան սկանդալի հետքը (միլիարդատերը ընկերների եւ հիմնականում կանանցից բաղկացած շքախմբի հետ այնքան աղմկոտ կերպով էր հանգստանում ֆրանսիական այդ հանգստավայրում, որ Ֆրանսիայի իրավապահ մարմինների համար հարցեր առաջացան), մեր ժամանակներում առանձնապես կարեւոր չէ. օրինակ` Արժույթի Միջազգային Հիմնադրամի տնօրենին բռնաբարության մեջ են մեղադրում: