Երեկ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում մի միջադեպ է գրանցվել, որի արդյունքում ՀՀ քաղաքացի Մարգարիտա Բաղդասարյանին տարել են ՀՀ Ոստիկանության Էրեբունու ստորաբաժանում:
Այն, թե այս ընկերությունում ինչպես են վերաբերվում շարքային այն քաղաքացիներին, ովքեր այս կամ այն հարցով դիմում են «Հարավկովկասյան երկաթուղու» տնօրեն Շ. Շայդուլինին` արդեն բազմիցս ներկայացրել ենք: Ինչպեսեւ տպագրել ենք այն քաղաքացիների բաց նամակներն, ովքեր ՀՀ իշխանություններից պահանջում են կարգի հրավիրել ընկերության ղեկավարությանը: Մինչդեռ երեկվա կատարվածը կարելի է համարել սանձարձակության գագաթնակետ: Նախկին երկաթգծի աշխատակցուհի Մարգարիտա Բաղդասարյանը 1978թ.-ից մինչեւ 2006թ. աշխատել է որպես ուղեկցորդուհի: «2006թ. ինձ մի դիմում տվեցին, ասացին` ստորագրի, որ քեզ ուղարկում ենք Ուկրաինա գործուղման: Ստորագրեցի, որից հետո միայն իմացա, որ խաբեության միջոցով ինձ աշխատանքից ազատել են, իրականում դա եղել է աշխատանքից ազատման դիմում: 170.000 դրամ էլ աշխատավարձ ինձ պարտք մնացին, որը մինչ օրս չեն վճարել»,- ասում է Մ. Բաղդասարյանն, ով մեկ ամիս առաջ Շ. Շայդուլինին ուղղված նամակով խնդրել է իրեն ընդունել աշխատանքի` որպես ուղեկցորդուհի. «Խնդրել էի, որ թողնեն սեզոնին գոնե 3 ամիս աշխատեմ: Ես աշխատանքս կորցնելուց հետո օրվա հացի գումար չեմ կարողանում հայթայթել: Ես այդ մասնագիտությամբ ավարտած եմ, մտածեցի` կընդառաջեն, կգնամ քննություններ կտամ, կվերապատրաստվեմ, կաշխատեմ»: Տեսնելով, որ նամակին չեն պատասխանում, եւս մեկ անգամ դիմում-նամակ է գրել եւ ներկայացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցներին, ովքեր խոստացել են երեք օրից պատասխանել նամակին, եւ հեռախոսահամար տալով` հորդորել են զանգահարել: Բավական երկար սպասելով նամակի պատասխանին, բայց չստանալով այն` Մ. Բաղդասարյանը զանգահարել է իրեն տրամադրված համարով եւ խնդրել է նամակի վերաբերյալ տեղեկություն տրամադրել: Ընկերությունից ասել են, որ Շ. Շայդուլինը Հայաստանում չէ, Դանիայում է, մեկ ամսից կվերադառնա, հետեւաբար պետք է սպասել նրան: Մ. Բաղդասարյանը հիշեցրել է, որ խոստացել են երեք օրից պատասխանել` «Ասացի` մի քանի տեղակալ ունի, թող նրանք պատասխանեն: Ինձ ասացին` եկեք` կպատասխանեն»: Երեկ Մ. Բաղդասարյանը կրկին գնացել է ընկերություն, սակայն… «Գնացել, հասել եմ էնտեղ, ասում ա` պատասխան չկա, գնա: Ասում եմ` ախր ինձ կանչեցիք, ես տրանսպորտի փող էլ չունեմ, որ անընդհատ պարտք անեմ գամ, գործազուրկ մարդ եմ: Պետրոսյան Արմեն ներկայացած մեկն եկավ, թե` հես ա միլիցիա ենք կանչելու: Ասում եմ` ինձ ասել են` արի նամակիդ պատասխանը ստացի, էդ իրավունքը ես ունեմ: Էս ինչպե՞ս եք վարվում ինձ հետ: Ես ի՞նչ եմ արել, իմ դիմումի պատասխանն եմ ուզում, իմ իրավունքն եմ ուզում»,- ստորացնող վերաբերմունքից անդադար լաց լինելով` պատմում է Մ. Բաղդասարյանը, որի հավաստմամբ` րոպեներ անց տեղում հայտնվել են ոստիկաններն ու իրեն տարել են բաժին: Էրեբունու ոստիկանության հերթապահ մասում նրան մի քանի հարց տալուց հետո ոստիկաններն ազատ են արձակել` ասելով, որ պետք է վարչական տույժի ենթարկեին, բայց դա չեն անում: Այնուհետեւ հասկանալով տիկնոջ հետ կատարված աբսուրդ իրավիճակը` նրան հորդորել են դիմել ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարություն: Մեր հարցին, թե արդյո՞ք Մ. Բաղդասարյանը ընկերությունում աղմուկ կամ սկանդալ է սարքել` նա պատասխանեց. «Ոչ մի բան, ախր ես ոչ մի սխալ բան, ձայն բարձրացնել, ոչինչ չեմ արել: Ընդամենն ասել եմ` ինձ ասել եք` արի պատասխանդ տար, ես էլ եկել եմ, տվեք իմ պատասխանը»: Մենք զանգահարեցինք «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն եւ փորձեցինք հասկանալ, թե ինչո՞ւ է իրենց դիմած քաղաքացին հայտնվել Ոստիկանությունում: Նախ` այս ընկերության աշխատակիցներն այնպես են պատասխանում հեռախոսազանգերին, կարծես հեռաձայնողը խանգարել է նրանց խրախճանքն, ու վերջիններս ալարկոտ, անփույթ եւ տնավարի կերպով փորձում են արագ մի բան «բստրել»: Բավական երկար հեռախոսազանգին պատասխանող Մանյա անունով տիկինը փորձում էր փնտրել այն մարդուն, ով կարող է լրագրողի հարցերին պատասխանել: Այնուհետեւ մեզ տվեց մի հեռախոսահամար եւ ասաց, որ Անվտանգության ծառայությունից Գրիշա Մանուկյանը մեր հարցերին կպատասխանի: Զանգահարեցինք տրված համարով, սակայն մեզ տեղեկացրին, որ դա բնակարանի հեռախոսահամար է: Կրկին զանգահարեցինք ընկերություն եւ կրկին նույն հարցը տվեցինք: Դժկամությամբ պատասխանեցին, որ սխալմամբ հին համար են տվել: Շատ երկար փնտրելուց հետո մեզ տվեցին Գ. Մանուկյանի հեռախոսահամարը: «Պրն Մանուկյան, այսօր ձեր ընկերությունից մեր քաղաքացիներից մեկին տարել են Ոստիկանություն: Կասե՞ք, ի՞նչ միջադեպ է եղել»: «Ի՞նչ Ոստիկանություն, ի՞նչ քաղաքացի: Ոչ մի բան չի եղել, առաջին անգամ եմ լսում»,- պատասխանեց Գ. Մանուկյանը: Մենք նրան բացատրեցինք, որ եթե ինքը Անվտանգության ծառայության պետն է, ապա չի կարող տեղյակ չլինել, որ Ոստիկանության ներկայացուցիչը եկել է ընկերություն եւ իրենց դիմած քաղաքացուն էլ տարել է Ոստիկանություն. «Զարմանում եմ, թե ուրդուց քեզ տենց տեղեկություններ: Ասում եմ` բան չի եղել` դու ինձ սենց բաներ ե՞ս ասում: Թե բան գիդես` ինձ էլ ասա` իմանամ»: «Դուք Անվտանգության ծառայության պետ եք` դուք պիտի տեղյակ լինեք, թե ով է մուտք գործում ընկերության տարածք»,- ասում եմ: «Էս ընձի կանտրոլ ես անո՞ւմ: Քեզ ասում եմ` ի՞նչ գիդես, ասա` մենք էլ իմանանք»,- կրկնեց գռեհիկ բառապաշարով փայլող Գ. Մանուկյանը, ում խոստացանք մեր իմացածը տպագրել, եւ հորդորեցինք թերթից տեղեկանալ, թե ինչ է կատարվել իրենց հաստատությունում: Էրեբունու ոստիկանության հերթապահ մասից հաստատեցին, որ Ոստիկանություն բերման է ենթարկվել Մ. Բաղդասարյանը: Հարցրեցինք նաեւ, թե ի՞նչ բողոքի հիման վրա, կամ ո՞վ է ահազանգել Ոստիկանություն: «Իրենց անվտանգությունից են դիմել, մենք էլ քաղաքացուն հրավիրել ենք այստեղ, հարցեր ենք տվել եւ պարզել ենք, որ այդ կինը ոչինչ չի արել, ընդամենը իր դիմումի պատասխանն է ուզել: Հասկանալով, որ նա անօրինական ոչ մի գործողություն չի կատարել` նրան ուղարկել ենք տուն»,- ասացին Էրեբունու ոստիկանության հերթապահ մասից: «Բայց ընկերության անվտանգությունից մեզ ասացին, որ նման բան չի եղել եւ իրենք ձեզ չեն դիմել»,- փոխանցեցինք իրավապահ մարմնի ներկայացուցչին, ով զարմանալով ասաց` «Դա արդեն իրենց հետ ճշտեք: Ես ձեզ ասացի այն, ինչ իրականում կատարվել է»: