Ամերիկացի մեծահարուստ Դոնալդ Թրամփը, ում հետ մեծ հույսեր էին կապում Վրաստանի իշխանությունները, որոշել է մուտք չգործել քաղաքականություն: Վերջին ամիսներին լուրեր էին տարածվել, որ նա մասնակցելու է 2012 թվականի նախագահական ընտրություններին: Ավելին, իր հայտարարությունում Թրամփը երաշխավորել էր իր հաղթանակը: Սակայն նա ստիպված է եղել «դժվար որոշում» ընդունել եւ հրաժարվել երկրի ղեկավարի պաշտոնի հավակնությունից: Ըստ վրացական մամուլի, դա, անկասկած, վատ նորություն է Թբիլիսիի համար, քանի որ վրացիները Թրամփի հետ մեծ հույսեր էին կապում: Նրանք երազում էին, որ ԱՄՆ նախագահ կդառնա «իրենց» քաղաքական գործիչը: Բացի միլիարդները, ամերիկացի գործարար Թրամփը վրացի քաղաքական գործիչների աչքին եւս մեկ արժանիք ունի. նա ակնհայտ սառնությամբ է վերաբերվում Ռուսաստանին: Այդուհանդերձ, 2007 թվականին Լարի Քինգին տված հարցազրույցում նա Պուտինին ժամանակակից ամենահաջողակ քաղաքական գործիչն էր համարել: «Նայեք, ինչ է նա անում Ռուսաստանի հետ: Դուր է գալիս նա ձեզ, թե` ոչ, բայց այդ տղան լավ է անում իր գործը: Նա վերականգնում է Ռուսաստանի հեղինակությունը, վերականգնում է Ռուսաստանը»,- ասել էր Թրամփը: