Մեղադրում է բժշկին

20/05/2011

Մի քանի ամիս առաջ «Ներսես Շնորհալի» բժշկական կենտրոնում վիրահատված եւ վիրահատությունից որոշ ժամանակ անց մահացած Հրանտ Նարինջյանի որդին` Գոռ Նարինջյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ հոր մահվան մեջ մեղավոր է վիրահատող բժիշկը` նույն բուժհաստատության աշխատակից Անահիտ Գեւորգյանը: «Հորս նույն հաստատությունում վիրահատել էին նաեւ 2006 թվականին, պատճառն աղիների անանցանելիությունն էր: Հետո, 2007-ի դեկտեմբերին վերականգնել էին հաստ աղին: Վերջին 4 տարվա ընթացքում նա իրեն լավ էր զգում: Բայց երբ կրկին ցավեր ունեցավ, գնացինք հիվանդանոց, ուղեգրեցին համակարգչային տոմոգրաֆիայի: Տոմոգրաֆիան ցույց տվեց, որ հորս որովայնում թարախային տոպրակ կա, որոշեցին վիրահատել եւ հանել այն։ Վիրահատեցին, սակայն այդպես էլ չհանեցին` պատճառաբանելով, որ այն շատ խորն է, եւ այդ հատվածին մոտենալ հնարավոր չէ: Աղիքը հանեցին դուրս, որպեսզի այն դրսից գործի: 10 օր անց` դեկտեմբերի 27-ին, հորս բաց վերքով դուրս գրեցին: Այդ օրը երեկոյան նկատեցինք, որ վերքը տան պայմաններում ինքներս չենք կարող մշակել, կանչեցինք վիրահատությունը կատարած բժշկին` Անահիտ Գեւորգյանին, նա ասաց, որ վերքը կլավանա, ուղղակի պետք է վիրակապեր անել: Ծանոթ բժիշկներ ունեինք, խնդրեցինք մասնագետի ձեռքերով գոնե օրը մեկ անգամ փոխել վիրակապը: Մեր ծանոթ բժիշկը չմերժեց եւ վիրակապ անելու ժամանակ ասաց, որ հորս վիրահատելիս ասեղով վնասել են նրա բարակ աղին` այն կարելով մաշկի հետին պատին: Հայրս պառկած վիճակում հազացել կամ փռշտացել էր, ինչի հետեւանքով կարը պատռվել էր, ինչն էլ վնասել էր բարակ աղին: Երբ այս մասին ասացինք վիրահատող բժշկին, նա պատճառաբանեց, որ հորս մոտ չարորակ ուռուցք է, եւ նրա աղիներն ուղղակի քայքայվում են: Փետրվարի 17-ին հայրս մահացավ։ Դիահերձման ժամանակ պարզվեց, որ ինքը մահացել է ֆիբրինոզ պերիտոնիտի հետվիրահատական բարդությունների հետեւանքով։ Չարորակ ուռուցք հորս մոտ այդպես էլ չհայտնաբերվեց այնպես որ, նրա մահվան պատճառը եղել է ֆիբրինոզ պերիտոնիտը»,- ասել է Գոռ Նարինջյանը: NEWS.am-ը խնդրի առնչությամբ, զրուցել է նաեւ հիվանդին վիրահատած բժշկուհու` Անահիտ Գեւորգյանի հետ: Նրա խոսքով, Հրանտ Նարինջյանն իրենց բուժկենտրոնում չարորակ ուռուցքի եւ աղիների անանցանելիության պատճառով վիրահատվել է դեռ վեց տարի առաջ: «Այն ժամանակ ուռուցքը հեռացրեցինք, աղին դուրս բերեցինք փորի վրա: Դրանից ութ ամիս հետո պարզեցինք, որ մետաստազներ չկան, աղիքը կրկին միացվեց։ Անցյալ տարի նրա հայրը կրկին դիմեց մեզ, համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում կրկին ուռուցք հայտնաբերվեց: Տոմոգրաֆիայի տվյալներով` դա ուռուցքային կոնգլոմերատ էր, եւ ախտահարված էին նաեւ միզապարկի հետին պատը, նաեւ բարակ աղիի գալարը։ Այդ ուռուցքը տեղում չվիրահատվելու ենթակա ուռուցք էր։ Սա բժշկություն է, եւ ամեն բան ունի իր հիմնավորումը, պատճառահետեւանքային կապը։ Այնպես որ, ամբողջովին հերքում եմ Գոռ Նարինջյանի մեղադրանքները, թե իր հոր մահվան մեջ մենք ենք մեղավոր: Հիվանդը մեր բուժհաստատությունից դուրս գրվելուց 2,5-3 ամիս անց է մահացել»,- ասել է բժշկուհին։