Կտրված չէ իրականությունից

20/05/2011

Երեկ Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մամլո ասուլիսը: Այն Մեդվեդեւի նախագահության երեք տարիների ընթացքում առաջին ասուլիսն էր ռուս եւ օտարերկրացի լրագրողների համար: Ասուլիսին մասնակցելու համար հավատարմագրվել էր 815 լրագրող, որոնցից ավելի քան 300-ը հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ էին, 45-ը` ռադիոընկերությունների, 240-ը` տպագիր մամուլի եւ լրատվական կայքերի, իսկ 45-ը` ֆոտոլրագրողներ: Ի դեպ, հավատարմագրված լրագրողներից մոտ 300-ը եղել են օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Անդրադառնալով Ռուսաստանում առկա բենզինի ճգնաժամին, Մեդվեդեւն ասել է, թե դա ընդհանուր առմամբ պայմանավորված է նավթամթերքների գների աճով, սակայն, չի բացառվում, որ ներքին շուկայում ստեղծված այդ ճգնաժամը նաեւ դավադրության արդյունք լինի: Հարցին, թե` վստա՞հ եք, արդյոք, որ կարողանում եք ստանալ ռուսական կյանքի օբյեկտիվ պատկերը, Մեդվեդեւը պատասխանել է, թե բացի նրանից, որ ինքը մեքենայով է շրջում, նա նաեւ բլոգներ, «Twitter» է կարդում. «Ինձանից առաջ դա ոչ ոք չի արել: Իմ կարծիքով, քաղաքացիների կյանքի մասին իմ պատկերացումներն իրականությունից կտրված չեն»:

Անդրադառնալով ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու փաստաբանի հայտարարությանը թե խնդրին, Մեդվեդեւը հայտարարել է, թե «հասարակության համար վտանգ չի տեսնում այն բանում, որ Խոդորկովսկին ազատության մեջ հայտնվի»: «Բացարձակապես ոչնչով վտանգավոր չէ»,- ասել է Մեդվեդեւը: Հիշեցնենք, որ Խոդորկովսկու փաստաբան Վադիմ Կլյուվգանտը, մեկնաբանելով Դ. Մեդվեդեւի այն հայտարարությունը, թե` հասարակության անվտանգությանը չսպառնացող մարդիկ չպետք է գտնվեն բանտում, ասել էր. «Չեմ կարող չհամաձայնել նախագահի հետ, սակայն հարց է առաջանում` ինչո՞ւ է մարդը գտնվում բանտում, եթե վտանգ չի ներկայացնում հասարակության համար, եւ մինչեւ ե՞րբ է նա գտնվելու այնտեղ»: