Հյուսնունցը «քցել» է «Ալվարդ գրուպին»

20/05/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր խմբագրություն էր եկել ծնունդով ղարաբաղցի, բայց Երեւանի բնակիչ Ալվարդ Աթալյանը: Նա հայտարարում էր, թե իր ընտանիքի դեմ կատարված խարդախությունը ՀՀ համապատասխան մարմինների կողմից չբացահայտվելու դեպքում` դիմելու է ՌԴ իշխանություններին: «Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին, պատգամավորներին, կուսակցություններին, ՀՀ գլխավոր դատախազին, մի խոսքով` բոլորին դիմել եմ` խնդրելով բացահայտել ԼՂՀ պաշտոնյաների կատարած հանցագործությունը, սակայն բոլորն էլ ասում են` մենք գործ չունենք նրանց հետ… Բոլորին է պարզ, որ ԼՂՀ իշխանություններին նկատողություն անել կամ կարգի հրավիրել չեն ցանկանում միայն մեկ պատճառով, որովհետեւ Ղարաբաղը շահարկելով` դրսի փողերը միասին ուտում են: Այսինքն` չեն ցանկանում տրորել այն ոտքը, որից սնվում են եւ փողեր են լվանում: Չեն ցանկանում իրենք իրենց հացը կտրել»: Հիշեցնենք, որ Ալվարդ Աթալյանը եղբոր եւ որդու հետ 2008թ. Ղարաբաղի Ասկերանի շրջանի Շաղբուլախ ավանում հսկայական ջերմոցային տնտեսություն է ստեղծել` ներդնելով ընդհանուր առմամբ 16.000 դոլար: Ընդ որում, Ղարաբաղում բիզնես ստեղծելու գաղափարը նրանց առաջարկել է ԼՂՀ ԱԺ նախկին փոխնախագահ, իսկ ներկայումս պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը, ով նաեւ հանքարդյունաբերող «Տիգրանակերտ» ՍՊԸ հիմնադիրն է: Ըստ Ա. Աթալյանի` ջերմոցային տնտեսությունը ստեղծելուց, շահագործելուց եւ արդեն եկամուտ ստանալուց հետո Ռ. Հյուսնունցը սկսել է այնպիսի իրավիճակ ստեղծել, որպեսզի ներդրողները հարկադրաբար հեռանան: Մենք արդեն անդրադարձել ենք ինչպես Ա. Աթալյանի` այնպես էլ նրա որդու` Ռոմա Բաղդասարյանի, եւ եղբոր` Կամո Աթալյանի ներկայացրած փաստարկներին, որտեղ նրանք պատմում էին, թե Ռ. Հյուսնունցն ինչպիսի մեթոդներով է նրանց վտարել Ղարաբաղից եւ սպառնացել` այնտեղ ոտք դնելու դեպքում` նրանց սպանել: Ինչեւէ, Ա. Աթալյանին պատկանող «Ալվարդ գրուպ» ընկերությունն այսօր, ճիշտ է, հանդիսանում է տարածքի սեփականատերը, այդուհանդերձ, ըստ նրա` ջերմոցային տնտեսությունը շահագործում են ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն ու ԼՂՀ պատգամավոր Ռ. Հյուսնունցը. «Մենք վերջերս ենք պարզել, որ մեզ վտարելուց, ջերմոցը թալանի ենթարկելուց հետո, փաստորեն, հիմա ապօրինի ճանապարհով այդ բիզնեսը յուրացրել են ԼՂՀ վարչապետն ու Ռ. Հյուսնունցը: 160.000 դոլար գումար ենք ներդրել, մեր ունեցած-չունեցածը վաճառելով բիզնես ենք ստեղծել, բայց արի ու տես, որ ԼՂՀ բանդան տիրացել է դրան ու հիմա եկամուտ է ստանում ուրիշի ունեցվածքով: Ամբողջ խնդիրն էն է, որ սեփականության իրավունքի վկայականն իմ ձեռքի տակ է գտնվում, իմ անունով է, բայց տնտեսությունն ուրիշների ձեռքում է: Ես տեղեկություններ ունեմ, որ հիմա էլ էդ երկուսն են իրար հետ վիճաբանությունների մեջ, հիմա էլ իրար մեջ չեն կարողանում կիսել: Նույնիսկ շատ հավաստի տեղեկություններ ունեմ, որ էնպես են կռվել, որ ծեծկռտուք է եղել: Ասում են` Ռ. Հյուսնունցը հիմա Ա. Հարությունյանից պատկառելի բաժին է պահանջում` իբր` ես մարդկանց քցեմ, իսկ դու բիզնեսը ձեռքիցս խլե՞ս: Ղարաբաղում դատարանը վճռել է տնտեսությունը սնանկ ճանաչել, դեռ ավելին` մի բան էլ 46մլն 200.000 դրամ պարտադրել է, որ մենք վճարենք: Սա աբսուրդ, անհասկանալի մի բան է: Այսինքն` գողեր են նստած. եթե մի բան իրենց դուր է գալիս, ուրեմն` պիտի խլեն ամենաստոր ճանապարհով: Դատարանում մենք ներկա չենք եղել, որովհետեւ մենք երաշխիք չունենք` Ղարաբաղ ոտք դնելուց հետո ո՞ղջ կմնանք, թե՞ ոչ»,- ասում է Ա. Աթալյանը` վստահեցնելով, որ նույն անօրինական ճանապարհով ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաները տիրացել են նաեւ ցեմենտի գործարանին, որի սեփականատիրոջը սպառնալիքներով դատարկաձեռն վտարել են Ղարաբաղից: Ամենահետաքրքիրն այն է, որ ԼՂ եւ ՀՀ գլխավոր դատախազությունը Ա. Աթալյանի` հանցագործության մասին հայտարարություններին չեն արձագանքում: Վերջինիս դիմում-բողոքներին միայն արձագանքել են ԱԺ պատգամավորներ` դաշնակցական Վահան Հովհաննիսյանը եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Նրանք նամակներով դիմել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` պահանջելով անաչառ հետաքննություն իրականացնել: Մինչդեռ բավականին հետաքրքիր է Ա. Աթալյանի կողմից ԱԺ պատգամավոր, ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանին ուղղված նամակը, ով դրան պատասխանելու փոխարեն` պարզապես կնիք է դրել վրան եւ վերադարձրել է նամակագրին. «Բոլոր կուսակցություններին, կառավարության անդամներին, ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին դիմել եմ: Ոմանք այդ գործերի հետ կապված նամակ են ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, այնտեղից էլ` ուղարկել են ԼՂՀ դատախազություն: Հասկանո՞ւմ եք, ո՞նց կարող է Ղարաբաղի դատախազությունն էս գործը բացել, երբ հենց իշխանություններն են հեղինակները: Հիմա էդ բիզնեսը վարչապետինն ու Ռ. Հյուսնունցինն է: Այսինքն` Դատախազությունը պիտի էնքան անաչառ լինի, որ բացահայտի՞ իշխանությունների կատարած հանցանքը: Դա եղել է Ռ. Հյուսնունցի ծրագիրը, որն այն ժամանակ ԱԺ փոխնախագահ էր, իսկ վարչապետ Արայիկ Հարությունյանն անմիջականորեն մասնակցել է այս հանցագործությանը: Հիմա նրանք դարձել են ջերմոցային տնտեսության անօրինական շահագործողներ: Լավ, Հայաստանի համապատասխան մարմինները ինչո՞ւ չեն ասում, որ, եթե սեփականության իրավունքի վկայականն ինձ մոտ է, ինչպե՞ս են նրանք տիրացել այդ տնտեսությանը: Սա աբսուրդ իրավիճակ է: Դիմում եմ Սփյուռքի նախարարին, բայց նույնիսկ հանդիպում թույլ չեն տալիս: Բայց դրսից փողեր մուրալուց լավ են: Մեզ նմանները շատ են, կմուրան, կբերեն էստեղ, հետո էլ` քցելով կվտարեն»: Ի դեպ, Ա. Աթալյանի եղբայրն ու որդին ՌԴ քաղաքացիներ են, եւ Հայաստանում արդարություն չգտնելու դեպքում` պատրաստվում են դիմել Ռուսաստանի իշխանություններին: «Ղարաբաղում մի սիստեմ կա. մարդկանց փողերը վերցնում են, զզվացնում են, վախացնում են ու վտարում են Ղարաբաղից: Եթե էս սիստեմը չքանդվի` շատ մարդկանց նույն ճակատագիրն է սպասվում: Մեզ նման մեկն էլ կա` ամբողջ ունեցվածքը ներդրեց, ցեմենտի գործարան կառուցեց, բայց վախեցնելով` գործարանը յուրացրին, իսկ նրան հեռացրին Ղարաբաղից»,- ասում է Ա. Աթալյանը` հիշեցնելով, որ Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունների հայտարարություններին` Ղարաբաղում ներդրումներ կատարելու վերաբերյալ` չարժե վստահել, քանի որ այնտեղ բիզնես ստեղծելը վտանգավոր է նույնիսկ մարդկանց կյանքի համար: