Դիլիջանում գտնվող Կինեմատոգրաֆիստների հանգստյան տունը վաճառվել է: Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, ռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը վաճառքի փաստը պայմանավորում է հանգստյան տունը պահպանելու անկարողությամբ: Նա նշում է, որ հանգստյան համալիրը պահպանելու եւ վերանորոգելու համար հարկավոր էին ֆինանսական մեծ ներդրումներ, որոնք միությունը չուներ: Ուշագրավն այն է, որ Դիլիջանի այս գեղեցիկ հանգստյան համալիրներից մեկը ոչ թե մասնավոր անձ է գնել, այլ` պետությունը: Ռ. Գեւորգյանցի փոխանցմամբ` նոր սեփականատերը Պետական եկամուտների կոմիտեն է, որը հանգստյան տան վերանորոգումից հետո տարեկան 10 կինեմատոգրաֆիստների թույլ կտա հանգստանալ` զգալի զեղչերով: «Մեզ համար շատ կարեւոր էր, որ գնորդը հենց պետությունն է, քանի որ այդպես մենք կարող ենք խուսափել մեզ ներկայացվող հնարավոր մեղադրանքներից: Երբ գնորդը պետությունն է, ուրեմն գործարքը ազնիվ է եղել, եւ ոչ ոք կասկածել չի կարող, որ հանգստյան տունը վաճառվել է ավելի մեծ գումարով, քան փաստաթղթի վրա է նշված»,- ասում է Ռ.Գեւորգյանցը: Ըստ նրա` հանգստյան տան վաճառքից ստացված գումարը պահվում է հատուկ բանկային հաշվի վրա եւ օգտագործվում է Կինեմատոգրաֆիստների միության անդամներին թոշակ եւ բժշկական ապահովագրություն տրամադրելու համար: «Բժշկական սատարումը առավել հարկավոր է մեր կինոյի վետերաններին, որոնք մեր միության մեծ մասն են կազմում»,- ասում է Ռ. Գեւորգյանցն ու ավելացնում, որ որպես օգնություն` կինոգործիչներին նաեւ սննդի փաթեթներ է տրամադրվում: «Թվում էր, որ արդեն վաղուց հարկ է հրաժարվել այդ պրակտիկայից, սակայն, ինչպես ցույց տվեց փորձը` շատ կինոգործիչներ պատրաստ չեն այդ օգնությունից հրաժարվել: Այդ պատճառով էլ` մենք այդ ավանդույթը չենք դադարեցնում»,- ասում է նա: Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը 200 անդամ ունի, տպագրում է ամսագիր ու գրքեր: Ռ. Գեւորգյանցը չի բացառում, որ հետագայում հնարավոր կլինի Հայաստանի մեկ այլ վայրում ավելի փոքր հանգստյան տուն կառուցել: