Կամայական ճարտարապետական վերափոխումներն այնքան են շատացել մեր քաղաքում, որ տարբեր ճարտարապետներ (պաշտոններ ունեցող, իշխանական բարեհաճությունը վայելող, կամ էլ անկախ աշխատող) ստիպված են արձագանքել տեղի ունեցածին:
Ինչի շնորհիվ էլ տպավորություն է ստեղծվում, որ ճարտարապետներն ամենաըմբոստ ու անկախ մարդիկ են: Համենայնդեպս, դերասանները, ռեժիսորները կամ երաժիշտները երբեք այդքան միահամուռ ու համախմբված հանդես չեն գալիս, մինչդեռ արվեստի բոլոր բնագավառներում բազմաթիվ պրոբլեմներ կան, որոնք, սակայն, հանրային արձագանք չեն ստանում: Իսկ ճարտարապետական տարբեր նախագծերը լայն քննարկման նյութ են դառնում եւ վերջիվերջո, դրդում են իշխանություններին հաշվի նստել մասնագիտական կարծիքի հետ:
Դատելով վերջին տարիներին տեղի ունեցող կտրուկ քաղաքաշինական միջամտությունների առատությունից` Երեւանում հասունացել է պատմական միջավայր ձեւավորող շինությունների անձեռնմխելիության խնդիրը: Իհարկե, շատ ուրախալի է, որ կասեցվեց «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդումը (Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը վերջերս հայտարարեց, որ այդ վայրում երիտասարդական կենտրոն է ստեղծվելու), սակայն խնդիրը ոչ թե բարի կամքի նման դրսեւորման, այլ լուրջ օրենսդրական դաշտ ունենալու մեջ է: Եվ այդ տեսակետից շատ հետաքրքիր է Մոսկվայի փորձը: Վերջերս Մոսկվայի քաղաքապետարանը որոշում է ընդունել պաշտպանել պատմական շենքերն ու անվավեր է ճանաչել նախկինում ընդունված բոլոր այն որոշումները, որոնք թույլ էին տալիս կամ ամբողջությամբ, կամ էլ` մասնակի քանդել Մոսկվայի պատմական գոտիներում գտնվող շինությունները: Այդ քայլով Մոսկվայի քաղաքապետարանը զրոյացրել է նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կողմից տրամադրված շինարարական թույլտվությունները, որոնք կարող են խեղաթյուրել Ռուսաստանի մայրաքաղաքի մշակութային միջավայրը: «Մենք չենք պատրաստվում մեր նախորդ քաղաքապետի կասկածելի որոշումների համար պատասխանատվություն կրել»,- հայտարարել են քաղաքապետարանից: Ուշագրավ է, որ այն շինարարական ընկերությունները, որոնք արդեն իսկ շինարարություն իրականացնելու փաստաթուղթ ունեն, կրկին պետք է դիմեն Պատմական ժառանգության պահպանման կոմիտեին ու ապացուցեն, որ իրենց նախագծերը Մոսկվայի արտաքին տեսքին վնաս չեն հասցնելու:
Չէ՞ որ կորուստներն անդառնալի են, եւ հետեւաբար` տարբեր անպատեհ շինարարությունները կարելի է միայն այսպիսի` էքստրեմալ կասեցման միջոցով կանխել: Երեւանի կենտրոնում, օրինակ, հարկ է ոչ թե նոր եկեղեցի կառուցել` այլանդակելով Սուրբ Կաթողիկե եկեղեցու շուրջը ձեւավորված աուրան, այլ ընդհակառակը` քանդել այն շինություններ-խանութները, որոնք իրենց զուտ սպառողական բովանդակությամբ աղավաղում են Աբովյան փողոցի դիմանկարը:
Վերջերս Երեւանի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել «ճարտարապետական փոքր ձեւերի»` նստարանների, լուսատուների, լապտերների, շատրվանների ու ջրավազանների ոճային ձեւավորման վերաբերյալ: Շատ լավ նախաձեռնություն լինելով` այդ մրցույթն, այնուամենայնիվ, չի կարող քողարկել այն խնդիրները, որոնք ծագել են մեր քաղաքում: Փոքր ֆորմաների համար նախեւառաջ մեծ դաշտ է հարկավոր:
Այսպես ասած` հարկ է մաքրել, ավելորդություններից ազատել մեր փողոցներն ու պուրակները: Եթե նման կամք լինի, փոքր ֆորմաներն օրգանապես կտեղավորվեն միջավայրի մեջ, այլ ոչ թե` որպես դեկորացիա կընկալվեն:
Վերջիվերջո, կարելի է ընդունել, որ օրենքները փոփոխվում են` հաշվի առնելով պահանջները: Իսկ պահանջներից կարեւորագույնը ոչ միայն Երեւանի պատմամշակութային հուշարձանների, այլեւ սակավաթիվ պատմական շենքերի ու միջավայրի պահպանումն է: Այդ մասին խոսում են գրեթե բոլոր ճարտարապետները: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն, օրինակ, շեշտեց, որ չի կարելի շտապել ու հապճեպորեն վերաձեւել քաղաքը:
Երեկ հայտնի դարձավ նաեւ, որ Երեւանի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը հրաժարական է տվել: Նա համաձայն չէ այն ճարտարապետական վերաձեւումների հետ, որոնք վերջին շրջանում իրականացվում են Երեւանում: Մասնավորապես շեշտվում է նրա անհամաձայնությունը Երեւանի Հանրապետության հրապարակում գտնվող կառավարության շենքի վրա գմբեթի տեղադրման նախագծի հետ: Թե ինչպե՞ս կարձագանքի այդ դիմումին Երեւանի քաղաքապետը, պարզ կլինի այսօր: Լավ կլինի, որ այդ հրաժարականը (կամ էլ դրա մասին լուրը) օրենսդրական դաշտի հստակեցման հիմքը դառնա: