«Լեռնային Ղարաբաղի հարցով Իրանի դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն չի եղել»,- նախօրեին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը: «Իրանը կողմնակից է ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը` միջազգային օրենսդրության շրջանակում եւ բանակցությունների շարունակման միջոցով»,- ասել է նա` պատասխանելով հակամարտության վերաբերյալ Հայաստանում Իրանի դեսպանության հայտարարության մասին հարցին: Հիշեցնենք, որ Հայաստանում Իրանի դեսպանատունը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ ասվում էր, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության, ուժի չկիրառման եւ ինքնորոշման իրավունքի հարգման հիման վրա: Մեհմանպարաստը նույնպես հայտարարել է, որ Իրանը պատրաստ է օգնել կողմերին` հակամարտության լուծման հարցում: