Մարտի 1-ի գործի հետ կապված բավականին հետաքրքիր հայտարարություններ են հնչում իշխանական դաշտից: Այդ գործը քննող` Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանն անցած շաբաթ չէր բացառել, որ հարցաքննության կարող են հրավիրվել առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը:
Նա ասել էր, թե անպայման քննարկելու են այդ հարցը եւ անհրաժեշտության դեպքում նրանց հրավիրելու են հարցաքննության: Բացի այդ, նա հայտնել է, որ Մարտի 1-ի գործով արդեն նոր վկաներ են հայտնվել: Ա.Միրզոյանը նաեւ նշել է, որ ընդլայնվել է այդ գործով զբաղվող քննչական խումբը, որում հիմա աշխատում է 15 քննիչ: ՀՔԾ ղեկավարի պնդմամբ, քննիչները կրկին քննարկում են բոլոր դետալները, որոնք ուսումնասիրվել են մինչ այդ: Միրզոյանը հայտնել է, որ նախկինում հարցաքննված վկաներից մի քանիսը կրկին կհարցաքննվեն: Նա նաեւ չի բացառել, որ ավելի փորձված մասնագետների հրավիրեն, հնարավոր է, անգամ արտասահմանից: ՀՔԾ ղեկավարը նաեւ հուսադրել է, որ այս անգամ իրավապահները կաշխատեն արդյունքների հասնել: Վերջինիս խոսքերով` հետաքննության ընթացքում ի գիտություն կընդունվի 2008թ. Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ Փաստահավաք խմբի զեկույցը, եւ այդ խմբի ցանկացած եզրահանգում կհամադրվի ՀՔԾ-ի եզրահանգումների հետ: Իսկ երեկ այս բոլոր հայտարարությունները եզրափակեց Գլխավոր դատախազությունը` տեղեկացնելով, թե որոշել է բաց դռների օր հայտարարել լրագրողների համար, որպեսզի հասարակությունը կարողանա տեղյակ լինել Մարտի 1-ի գործով հնարավոր նոր ապացույցների եւ փաստերի, նախաքննական մարմնի կատարած աշխատանքների մասին: Այդ նպատակով Գլխավոր դատախազության ավագ դատախազները` քննչական խմբի ղեկավարի եւ խմբի քննիչների հետ, յուրաքանչյուր ամիս երկու անգամ հանդիպելու են զանգվածային լրատվության ներկայացուցիչների հետ: Սրանք ընդամենը հայտարարություններ են, որոնք հնչեցին մոտ մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունից հետո, թե ինքը նոր ազդակ ու թափ է ակնկալում Մարտի 1-ի դեպքերի բացահայտման հարցում: Իհարկե, սրանք բոլորն էլ հայտարարություններ են, եւ միայն մեծ լավատեսություն ունենալու դեպքում կարելի է հավատալ, որ այդ դեպքերը կբացահայտվեն բոլոր հանգամանքներով ու գործող անձերով: Հավանաբար վերը նշված պաշտոնյաները նման հայտարարություններ անելիս տուրք են տալիս ընդդիմության ու միջազգային կառույցների ճնչումներին: Եվ, որ այս պարագայում բավականին կարեւոր է, այդ հայտարարությունները տեղավորվում են նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Ամեն դեպքում այդ պաշտոնատար անձինք հայտարարություններ արել են, մնում է սպասել, թե բացահայտման գործն ինչ ընթացք կունենա: Երեկ ՀՔԾ քննիչ, Մարտի 1-ի գործով քննչական ծառայության ղեկավար Վահագն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, թե գործի համար նշանակություն ունեցող նոր տվյալներ, նոր տեղեկություններ դեռ չկան:
Իսկ ՀՔԾ-ն ինչո՞ւ որոշեց միայն հիմա վերանայել կամ նոր թափ հաղորդել ու թափանցիկ դարձնել այդ գործի նախաքննությունը: Չէ՞ որ այս երեք տարիներին այն փակված չէր, այսինքն` պետք է որ նախաքննություն ընթանար: Թեեւ Մարտի 1-ի զոհերի հարազատները ՀՔԾ-ին նույնիսկ մեղադրեցին անգործության մեջ: Ս.Սարգսյանի հայտարարություննե՞րը կամ հանձնարարությո՞ւնը դա ստիպեց: «Ըստ էության, գործի քննությունը երբեւէ չի էլ դադարել, ուղղակի նախագահի հանձնարարականն ուղղված էր այն հնարավորինս ակտիվացնելուն, ինչը եւ արվում է: Հիմա նոր մարդիկ ենք փորձում գտնել, գործում եղած ապացույցները վերանայել, նորից գնահատել դրանք»,- պատասխանեց Վ.Հարությունյանը:
Այս նպատակով ՀՔԾ-ն անցած շաբաթ հայտարարություն էր տարածել, թե Մարտի 1-ի դեպքերի արդյունքում զոհված Դավիթ Պետրոսյանի մահվան հանգամանքները պարզելու կապակցությամբ կատարված նախաքննությամբ հաստատվել է, որ վերջինս հրազենային մարմնական վնասվածք ստանալուց հետո Մաշտոցի պողոտայի գյուղմթերքի շուկայի մոտակայքից քրեական գործով չպարզված սպիտակ «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել է թիվ 2 կլինիկական հիվանդանոց: Եվ ՀՔԾ-ն խնդրում էր «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ավտոմեքենայի վերաբերյալ տեղեկություններ ունեցող, ինչպես նաեւ` վերը նշված դեպքին ականատես անձանց դիմել իրենց: Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը զարմանում է, որ Դ.Պետրոսյանին տեղափոխող մեքենայի մասին ՀՔԾ-ն նոր է իմացել: «Վաղուց այդ մասին գիտեն, նկարահանված հատված կա, թե նրան ինչպես են մեքենայով տեղափոխում: Գուցե մեր տեսանյութերից էլ օգտվեն, եւ դա էլ օգնի շուտ գտնել այդ անձին»,- ասում է Ս.Սաֆարյանը:
Իսկ Փաստահավաք խումբը մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրության արդյունքում ի՞նչ կարեւոր բացահայտում է արել, որը ՀՔԾ-ն կարող է իր քննության հիմքում դնել: «Ես կարծում եմ, որ Համլետ Թադեւոսյանի մահվան դրվագը բացահայտված է, եւ եթե ուզեն` գնահատականներ կտան ու կավարտեն: Այս դեպքում շատ ավելին է արվել, եւ քիչ բան է մնացել անելու: Կարծում եմ, որ մեր հավաքած փաստերը Հ.Թադեւոսյանի մահվան հանգամանքների հետ կապված բավարար են: Նույնը կասեի նաեւ Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների հետ կապված, կարծում եմ` բավականին շատ նյութեր կա, եթե նախաքննական մարմինն աշխատի այդ նյութերի ուղղությամբ, մի քիչ էլ ինքը հավաքի, արդյունքում քրեական գործում դրական տեղաշարժեր կլինեն»,- ասում է Ս.Սաֆարյանը:
Ս.Սաֆարյանի խոսքերով` Փաստահավաք խմբի բացահայտումները բավարար չեն Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտելու համար, որովհետեւ իրենց գործը կիսատ մնաց: Բայց եթե նախաքննական մարմինը կամ իշխանությունները ցանկություն եւ քաղաքական կամք ունենան, իրենց կիսատ թողած գործը շարունակելով` առաջ կգնան: «Ինձ համար, օրինակ, հետաքրքիր է, թե իրենք հիմա ինչպես են խոստովանում, թե ինչքան քիչ գործ են արել»,- ասում է նա:
Իսկ արդյո՞ք ընդդիմությունը հուսադրված է, որ այս հայտարարությունների արդյունքում Մարտի 1-ի գործի բացահայտումը տեղից կշարժվի: «Մենք համարում ենք, որ պետք է քննվի առաջին հերթին երկրորդ նախագահի գործունեությունը` որպես գլխավոր հրամանատար եւ գործող նախագահ, ով, ըստ էության, հրաման է տվել, հակասահմանադրական հրամանագրով բանակը ներքաշել է մարտիմեկյան իրադարձությունների մեջ: Երկրորդը` եթե լուրջ քննություն անցկացվի Ոստիկանության, օլիգարխների թիկնազորերի մասնակցության հարցով, եւ եթե այս ամենով զբաղվեն, դա կլինի լուրջ քննություն: Թե չէ զբաղվել ընդդիմության ակտիվիստներին նորից հարցաքննելով, դա իմիտացիա է, որ, եթե այդպես շարունակվի, իսկապես ցույց կտա, որ դատարկ խոսքեր էին այդ հավաստիացումները»,- ասում է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: