Նոր դաշի՞նք

20/05/2011

«Նոր Ժամանակները» պատրաստվում է գաղափարական ընդհանրության հենքի վրա դաշինք ձեւավորել: Այս մասին tert.am-ին ասել է կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը` տեղեկացնելով, որ ինքն այդ նպատակով հանդիպումներ է ունեցել ՀՌԱԿ համաշխարհային կառույցի գործադիր-ատենապետ Հարություն Առաքելյանի եւ այլ կուսակցությունների ղեկավարների եւ անդամների հետ` համագործակցության եզրեր գտնելու եւ Հայաստանում նախընտրական դաշինք ստեղծելու նպատակով; «ՀԱԿ-ի եւ իշխանության` հետզհետե սերտացող կապերի արդյունքում ձեւավորված իրավիճակը հիմա այնպիսին է, որ որոշ քաղաքական ուժեր ուղղակի պարտավոր են միավորվել եւ գաղափարական հենքի վրա ստեղծել նոր ճակատ»,- ասել է Ա. Կարապետյանը: Նրա խոսքով` ոչ միայն պարտադիր չէ, որ այդ ճակատը ձեւավորվի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, այլեւ` անհրաժեշտ է, որպեսզի դրա ձեւավորման հիմքում դրվի ուղղակի գաղափարական ընդհանրությունը։ «Ես հատուկ նշեմ` դաշինք ձեւավորում են ուժեղ կուսակցությունները, որոնք, ինչպես մենք, խորհրդարանական տեղերի խնդիր չունեն, եւ նման փոքր նպատակներ չեն հետապնդում: Իսկ այ, հետո այդ դաշինքներին միացող առավել թույլ ուժերը կարող է եւ ունենան անձնական եւ քաղաքական նպատակներն այս միջոցով իրագործելու ծրագրեր»,- ասել է Կարապետյանը` հավելելով, թե ՆԺԿ-ն գաղափարական ընդհանրությամբ կարող է միավորվել ՀՅԴ-ի, «Ժառանգության», Սոցիալ-դեմոկրատ հնչակյան եւ ՀՌԱԿ կուսակցությունների հետ: «Կարեւորն այն է, որ դա պիտի լինի ազգային դաշինք: Այն չի ձեւավորվելու ուղղակի ընտրություններին մասնակցելու համար, ինչ-որ ժամանակավոր քաղաքական խնդիրներ լուծելու համար: Այն նորովի բարձրացնելու է թե արտաքին, թե ներքին խնդիրներ` արդյունաբերության զարգացումից սկսած` մինչեւ հայ-թուրքական հարաբերություններ եւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորում»,- ասել է Ա. Կարապետյանը: «Կարծում եմ` դեռ վաղ է խոսել համագործակցության ավարտուն պայմանավորությունների մասին: Նման որոշումներ կընդունվեն, թերեւս, ամառվա վերջում կամ ավելի ուշ»,- հավելել է ՆԺԿ նախագահը: