«Ռուսաստանն անվտանգության հարցերում տարածաշրջանի առանցքային խաղացողն է»,- «Մոսկովսկիե նովոստի» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` հավելելով, թե Ռուսաստանից շատ բան է կախված: «Մյուս կողմից` մենք երբեք չենք հուսացել, որ Ռուսաստանը հայամետ ամուր եւ միանշանակ դիրք կգրավի: Ռուսաստանն, ամեն դեպքում, մեծ երկիր է, Ադրբեջանը եւս նրա հարեւանն է, այդ պատճառով Ռուսաստանը չի կարող սատարել հակամարտության կողմերից մեկին, ինչպես անում է Թուրքիան Ադրբեջանի դեպքում: Բայց մյուս կողմից, Ռուսաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում։ Ռազմական գործողությունների սկսման կամ մեր անվտանգությանը լուրջ սպառնալիքների դեպքում Ռուսաստանը պարտավորություններ եւ արձագանքելու հնարավորություն ունի»,- նշել է Ս. Սարգսյանը: Հարցին, թե հուսալի՞ է արդյոք ապահովում ՀԱՊԿ-ն հայկական սահմանի անվտանգությունը, Ս. Սարգսյանը պատասխանել է. «Համենայնդեպս, մենք ՀԱՊԿ շրջանակներում ակտիվորեն համագործակցում ենք: Կան բոլոր իրավական հիմքերը, որպեսզի ՀԱՊԿ անդամները միասնական գործեն: Կա նման վստահություն»: