Ամենահարուստ գործարար ընտանիքները

20/05/2011

Ռուսական «Ֆինանս» ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ գործարար ընտանիքների թոփ-50-ը` «Ընտանեկան խոշորագույն բիզնեսները» վարկանիշային աղյուսակը: Այն գլխավորում են Անանեւ եղբայրները: «Պրոմսվյազբանկի» տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Անանեւը եւ նրա կրտսեր եղբայր Դմիտրին` Ֆինանսական շուկաների եւ գումարային շրջանառության դաշնության խորհրդի հանձնաժողովի նախագահը, ընդհանուր առմամբ, տնօրինում են 6,5 մլրդ դոլար կապիտալ: Նրանք, ամսագրի նախորդ` միլիարդատերերի վարկանիշում, զբաղեցնում էին 43-րդ եւ 44-րդ հորիզոնականները:

Ռուսաստանի ամենահարուստ գործարար ընտանիքների թոփ-50-ում ընդգրկված է երեք հայ ընտանիք: «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության հիմնական բաժնետերեր Դանիիլ եւ Սերգեյ Խաչատուրովները 2,20 մլրդ դոլար ընդհանուր կապիտալով զբաղեցնում են վարկանիշի 8-րդ հորիզոնականը: Տարվա ընթացքում նրանց բիզնեսը 39% աճ է արձանագրել: Վարկանիշի 10-րդ տեղում կրկին հայազգի եղբայրներ են` «Ռեսո գարանտիա» ապահովագրական ընկերության հիմնական բաժենետերեր Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովները` 2 մլրդ դոլար ընդհանուր կապիտալով: Նրանց բիզնեսի տարեկան աճը կազմել է 28%:

Վարկանիշի 14-րդ հորիզոնականում են հայտնվել «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն ու նրա ազգական Վասպուրակ Պողոսյանը` 1,28 մլրդ դոլար ընդհանուր կապիտալով: Նրանց բիզնեսի տարեկան աճը կազմել է 88%:

Ամսագրի` ընտանեկան բիզնեսի վարկանիշի անցած տարվա առաջատարներն են` «Ռուսնեֆտի» հիմնադիր Միխայիլ Գուցերիեւը եւ նրա ազգականները. 5,8 մլրդ դոլար ընդհանուր կապիտալով այս տարի նրանք զբաղեցրել են վարկանիշի երկրորդ հորիզոնականը: Երրորդ տեղում Արկադի եւ Բորիս Ռոտենբերգներն են, որոնց հիմնական ակտիվներն են «Ստրոյգազմոնտաժը», «ՍՄՊ» բանկը եւ «Մոստոտրեստը»: Նրանց ընդհանուր կապիտալը կազմում է 3,6 մլրդ դոլար: Ըստ ամսագրի` Ռոտենբերգների կապիտալի աճը տարվա ընթացքում կազմել է 88%: Անանեւների կարողությունն ավելացել է 41%-ով, Գուցերիեւներինը` 17%-ով: Ըստ ամսագրի` ընտանեկան բիզնեսներն իրականում զարգանում են ավելի արագ: Այսպես` միլիարդատերերի վարկանիշի ընդհանուր կապիտալն ավելացել է 34%-ով, իսկ ընտանիքներինը` մեկուկես անգամ: Ըստ ամսագրի` նախընտրելի է բիզնեսը սկսել եղբայրների հետ (կամ քույրերի), քանի որ հարստանալու հնարավորություններն այս դեպքում ավելի մեծ են: Ռուսական «եղբայրական» բիզնեսի միջին կապիտալը կազմում է 1,65 մլրդ դոլար: «Հայր եւ որդի» կատեգորիայում այս ցուցանիշը 2 անգամ քիչ է` 0,75 մլրդ դոլար:

«Ֆինանս» ամսագրի այս վարկանիշը, ընդհանուր առմամբ, ընդգրկում է 124 մարդ, որից 77-ը ամսագրի նախորդ` միլիարդատերերի վարկանիշի մասնակիցներն են: