Օրերս ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները բերման են ենթարկել «Վաղարշ եւ որդիներ» ընկերության ոսկյա եւ թանկարժեք զարդերի շուկայում ադամանդե քարերի առեւտրով զբաղվող Ս. Գրիգորյանին: Վերջինս կասկածվում է խարդախության մեջ: Ըստ մեր աղբյուրների՝ Գրիգորյանը դեռ սեպտեմբերին շուկայում ոսկյա զարդեր վաճառող մի քաղաքացուց խաբեությամբ վերցրել է 3 մլն 380 հազար դրամ արժողությամբ ադամանդե քարերով զարդարված մատանին ու հափշտակել: Բացի այդ, հոկտեմբեր ամսին մեկ այլ քաղաքացուց վերցրել է 2 մլն 495 հազար դրամ արժողության ադամանդե քար, այն վաճառել է ու գումարը չի տվել: Ի դեպ, տուժողների անունները նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում: Այժմ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Ա.Գ.