«Հայաստանի Վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումների համար մեղավոր են այն պաշտոնատար անձինք, ովքեր անմիջականորեն պատասխանատու էին այդ ոլորտների համար, իսկ ահա պատասխանատվություն կրում են իշխող բոլոր կուսակցությունները»,- երեկ ԱԺ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` ընդգծելով, թե իշխանություններն իրենք են հայտնաբերում իրենց կողմնակիցների իրավախախտումները: «Դա նպաստում է կոռուպցիայի դեմ պայքարին: Իշխանությունները վերլուծում են ստեղծված իրավիճակը, փորձ է արվում արդյունավետ ելքեր գտնել»,- ասել է նա: Անդրադառնալով ՎՊ-ի կողմից կատարված բացահայտումներին, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ ասել է, թե սոցվճարների ոլորտում հայտնաբերված ֆինանսական իրավախախտումները «դարի հանցագործություն» են: Մարգարյանը միաժամանակ պահանջել է պատժել մեղավորներին, քանի որ, նրա խոսքով` նրանք «մտել են աղքատների գրպանը»: Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում բազմաթիվ ոլորտներում խոշոր ֆինանսական խախտումներ էին հայտնաբերվել: