Օղակը սեղմվում է

13/05/2011

Հայաստանում կատարվող իրադարձությունների եւ ներքաղաքական իրավիճակի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը գնալով ավելի է մեծանում: Երեկ հրապարակվել են Հայաստանի վերաբերյալ միանգամից երկու կարեւոր փաստաթղթեր: Նախ` միջազգային հեղինակավոր «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունն իր տարեկան զեկույցի` Հայաստանին վերաբերող հատվածում անդրադարձել է 2008 թվականի մարտյան իրադարձություններին` արձանագրելով, որ դրանց բացահայտման ուղղությամբ, մեղմ ասած, բավարար քայլեր չեն արվել: «2010թ. տարեվերջի դրությամբ այդպես էլ անկախ քննություն չի իրականացվել 2008թ. ետընտրական հասարակական բողոքների մասնակիցների նկատմամբ անհարկի ուժ կիրառելու հարցով: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել 10 մահվան գործերով»,- նշված է իրավապաշտպան կազմակերպության զեկույցում: Իսկ երեկ ավելի ուշ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Եվրամիությունը: «Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին` շուտ ազատ արձակել բոլոր մնացյալ ակտիվիստներին: Եվրոպական միությունը գտնում է, որ 2008թ. մարտյան դեպքերի մանրակրկիտ հետաքննությունը եւ այդ դեպքերի առնչությամբ ձերբակալված բոլոր անձանց ազատարձակումը կօգնեն ՀՀ իրական առաջխաղացմանը»,- նշված է ԵՄ հայտարարության մեջ: Ի դեպ, եթե «Amnesty International»-ը նախորդ տարիներին եւս նման կոշտ գնահատականներ պարունակող զեկույցներ է հրապարակել, ապա ԵՄ-ի կողմից այսօրինակ հայտարարություն հնչում է առաջին անգամ: