Կոշիկի վերանորոգմամբ զբաղվողներից քչերն են այսօր լիովին տիրապետում այս մասնագիտության գաղտնիքներին: Եթե ժամանակին գործել են արհեստագործական դպրոցներ կամ գործարաններում հնարավոր է եղել մասնագիտանալ, այժմ արդեն կոշկակար դառնալու երազանքը մեր երկրում հնարավոր է իրականացնել միայն մասնավորի մոտ սովորելով: Եթե բախտդ բերեց` լավ կոշկակար բարեկամ կամ բարեխիղճ ուսուցիչ ունեցար, մասնագիտության գաղտնիքները կսովորես, հակառակ դեպքում՝ միշտ վտանգ կա, որ հաճախորդը երեսիդ կշպրտի «փինաչի» բառը: Առհասարակ այսօր կոշիկի վերանորոգմամբ զբաղվողները պնդում են, որ Հայաստանում լավ կոշկակար չի մնացել: Իմ զրուցակից 30-ամյա Արման Այվազյանը, որի հայրն էլ է կոշկակար, արհեստին տիրապետել է Ռուսաստանում: «Բոլոր լավ կոշկակարները փախել են, գնացել Մոսկվա»,- համոզված է Արմանը: Կոշիկի վերանորոգումն այսօր ավելի շահավետ է, քան բուն կոշկակարությունը. «Եթե ես կոշիկ կարեի, յուրաքանչյուր զույգ կոշիկից իմ շահույթը կազմելու էր ոչ ավելի, քան 2000 դրամ, իսկ ընդհանուր եկամուտս հաստատ չէր գերազանցի միայն վերանորոգմամբ վաստակած գումարին,- ասում է Արմանը: -Է, ավելի հեշտ չի՞ վերանորոգեմ»: Հատկապես, որ այս դեպքում զերծ են մնում մի շարք այլ գլխացավանքներից, ինչպես օրինակ՝ ապրանքի իրացման խնդրից, որ նախատեսում է կոշիկի զուտ արտադրությունը:
Քանի որ կոշիկի վերանորոգմամբ զբաղվողները հիմնականում կոշկակարության մեջ նեղ մասնագիտացում ունեցող մարդիկ են՝ ձեւարարներ, վրաքաշ անողներ, «զագատովշչիկներ», ապա բնական է, որ պոկված կրունկով կոշիկի տերը դժգոհ կմնա ձեւարարի վերանորոգած կրունկից: Թեեւ իմ մյուս զրուցակից Սերգեյ Սիմոնյանն էլ մասնագիտական հմտություններին հավասար` տեղ էր տալիս նաեւ քթածակին՝ «եթե անծանոթ մոդելի կոշիկ են բերում, մի քիչ էլ պիտի քթածակ ունենաս՝ իմանաս ինչը ոնց անել», ապա դժվար է չհամաձայնել Արմանի հետ, որ «լավ «զագատովշչիկը» ինչքան էլ ուզենա լավ վրաքաշ անի, էլի մի բան պակաս կլինի»: Հատկապես, որ կոշիկի վերանորոգման այս արհեստանոցներում նաեւ անհրաժեշտ նյութերի ու գործիքների բազմազանությունն ապահովված չի: Հիմնականում հանդիպող գործիքներն էին մուրճ, դանակ, աքցան, մեխ, սոսինձ, թել, կրունկ հղկող հաստոց՝ «տաչիլկա»: Իմ այցելած շուրջ տասը արհեստանոցներից միայն մեկում կարի մեքենա կար: Մնացածները շարունակում են բզով կարել: Արհեստանոցներում վերանորոգման գները շատ չեն տարբերվում՝ ամենաթանկը կոշիկի տակը փոխելն է: Եթե շուկայում տակացուն արժե 1000-1500 դրամ, վերանորոգումը կարժենա համապատասխանաբար 1500-2000 դրամ: Վարպետները, որպես վատ վերանորոգված կոշիկի «անմեղության կանխավարկած», բողոքում են շուկայից. «Շուկայի 90 տոկոսը թուրքական արտադրության անորակ նյութեր են՝ ոչ կաշին է կաշի, ոչ սոսինձն է նորմալ, ոչ էլ տակացուն՝ դիմացկուն, դրա համար էլ արած գործը երկար չի դիմանում»: Որակյալ նյութերով աշխատելը, բնականաբար, ձեռնտու չէ, թանկ է. «Այսպես գոնե հնարավոր է ընտանիք պահել»: Կոշիկի վերանորոգումն էլ է սեզոնային բնույթ կրում: «Ամբողջ ամառ գրեթե փող չի գալիս,- բողոքում են,- կամ էլ բերում են 1000 դրամանոց պոկված չուստեր, ինչքա՞ն փող կարաս աշխատես դրանով»:
Վերանորոգման այս արհեստանոցների տերերը համարվում են անհատ ձեռնարկատերեր: Քանի որ նրանցից շատերն այդ մասին չգիտեին, ենթադրվում է, որ նրանք ուղղակի «բուդկա են դրել, որ մի քիչ հացի փող աշխատեն, մի քիչ էլ մուծվում են թաղապետարաններին», որովհետեւ նրանք, ում «անհատ ձեռնարկատեր» արտահայտությունը չէր խրտնեցնում, ունեին թաղապետարանների հետ կնքած պայմանագրեր, որտեղից էլ ծանոթ էին արտահայտությանը: «Բացի հողի տարեկան 25.000 դրամ հարկից, սոցվճարում ենք անում, շահութահարկ վճարում, ինչպես նաեւ` վճարում տարածքի աղբահանության եւ, բնականաբար, օգտագործած էլեկտրաէներգիայի համար»,- թվարկում էին իրենց ծախսերը: Բնականաբար, ոչ ոքից հնարավոր չեղավ ճշտել` ամսական շահույթը մոտավորապես որքա՞ն է կազմում: Արհեստանոցները հիմնականում գտնվում են շենքերի բակերում: «Էս մայթերի վաճառքը որ սկսվեց, մեզ այնտեղից քշեցին, հիմա արգելում են փողոցների վրա կրպակ դնել, էս կորած տեղերում էլ մարդ տեղդ չի իմանում,- պատմում էր Թումանյան փողոցի շենքերից մեկի բակում տեղադրված արհեստանոցի վարպետը,- հետո՝ բակում ուզածդ տեղը չես կարող կրպակ դնել, դա էլ փող արժե»: