Տիկին Վերգոյի պատմությունը

13/05/2011

Երեկ տեղի է ունեցել Ժողովրդական կուսակցության հերթական համաժողովը: Որքան էլ զարմանալի է, սակայն, համաժողովին առաջին ելույթի իրավունքը վերապահված էր ոչ թե ԺԿ նախագահ Տիգրան Կարապետովիչին, այլ` ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանին, ում գնահատմամբ` Հայաստանում ստեղծված իրավիճակը կոչվում է «խառնակ ժամանակաշրջան»: Իսկ այս ժամանակաշրջանը, նրա դիտարկմամբ` սկիզբ է առնում, երբ քաղաքական էլիտան կորցնում է փոխադարձ վստահությունը, երբ փոխադարձ խաբեությունները դառնում են առօրեական: «Տեղի է ունենում ձեռք բերված կապիտալի եւ իշխանության սերտաճում եւ, վերջին հաշվով, սա ծանրագույնս անդրադառնում է հասարակության վրա»,- ասել է Վ. Խաչատրյանը: Ելույթ է ունեցել նաեւ նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` ասելով. «Մենք կատարել ենք մի հանցագործություն. մենք մոռացել ենք մեր աստվածներին: Ասում են` քրիստոնյա ժողովուրդ ենք, դուք սենց քրիստոնյա ե՞ք տեսել: Էդ ո՞ր քրիստոնյան է, որ փողը սարքում է ոսկի, ոսկուց սարքում է ոսկե հորթը ու սկսում է երկրպագել էդ ոսկե հորթին»: Նրա խոսքով` այսօր «հարստությունը կերել է մարդկանց». «Այս բոլոր ստեղծված իրավիճակի հիմնական գաղափարախոսը, հիմնական պահապանը, ցավոք սրտի, տիկին Վերգոն է: Ո՞վ է տիկին Վերգոն: Դա մի կին է, որը տեր է ուզում կանգնի իր ընտանիքին, եւ ընտանիքը պիտի ապրի լավ: Իսկ կողքն ապրում է տիկին Հռիփսիկը, իսկ նրա ամուսինը նախորդ օրը կահույք է առել: Ու տիկին Վերգոն իր ամուսնուն ասում է` վաղը կգնաս, որտեղից ուզում ես` կճարես, իմս դրանից լավը պիտի լինի: Տիկին Վերգոյի համար ստեղծել են մի ռեստորան Հրազդանի ձորում: Էն հայտնի ռեստորանն է, որ նույն բլրի վրա է կառուցված, ինչ որ Եղեռնի զոհերի հուշարձանը: Էնտեղ մի էնպիսի տեղ է, որ բոլոր տիկինները ուզում են մի անգամ գոնե հայտնվել, որպեսզի հետո հարեւանները պայթեն նախանձից: Սա են համարում լավ կյանք»,- ասել է Ա. Մանուչարյանը` մանրամասնելով, թե օլիգարխն այս կյանքի հաջողակն է, իսկ տիկին Վերգոն ձգտում է հաջողակ դառնալ: