2010թ. պետական բյուջեի հաշվետվության մեջ ներկայացված թվերն արժանահավատ են, սակայն կան խնդիրներ: Երեկ ԱԺ-ում 2010թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Ի. Զաքարյանի խոսքով` մասնավորապես անարդյունավետ է պետական գնումների համակարգը:
Հիշեցնելով, որ 2010թ. պետական գնումների գործակալության կողմից իրականացվել են 337 մլրդ դրամ գնումներ, Ի. Զաքարյանն ասել է. «Պետությունը հանդես է գալիս 4-րդ կամ 5-րդ ձեռք, եւ մի քանի անգամ արհեստականորեն թանկացված գներով է ձեռք բերում ապրանքները»: Նաեւ հավելել է, որ որոշ մարդիկ կամ խմբեր դրա հետեւանքով գերշահույթներ են ձեւավորում:
ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն ասել է, թե ընդունելի է Ի. Զաքարյանի քննադատությունը` հավելելով, թե 2011թ. հունվարի 1-ից ուժի մեջ գտնվող «Գնումների մասին» նոր օրենքը թույլ կտա խուսափել կոռուպցիոն ռիսկերից: