Եվրոպական միությունը հայտարարություն է տարածել` Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների, մասնավորապես, իշխանություն-ընդդիմություն երկխոսության առնչությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «1. ԵՄ-ն, մի շարք առիթներով, մտահոգություններ է հայտնել երկրում հավաքների ազատության առնչությամբ: Այդ կապակցությամբ, մենք ողջունում ենք այն փաստը, որ երկար ժամանակ անց առաջին անգամ Երեւանի քաղաքային իշխանությունները թույլատրեցին քաղաքական ընդդիմությանը ապրիլի 28-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Հուսով ենք, որ հանրահավաք անցկացնելու հետագա դիմումները կարժանանան նույն արձագանքին: Այս հանրահավաքի ընթացքում պահպանվեց կարգ ու կանոնը` ինչը, ըստ ամենայնի, արդյունք էր իրավապահ մարմինների եւ ընդդիմադիր խմբերի միջեւ արդյունավետ համագործակցության: Հաշվի առնելով, որ 2012թ. ՀՀ-ում մեկնարկելու է նոր ընտրաշրջանը, հատկապես կարեւորում ենք հավաքների ազատության հարգումը: 2. ԵՄ-ն նաեւ ողջունում է նախագահ Սարգսյանի ապրիլի
20-ի հայտարարությունը, որտեղ կոչ է արվում առավել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել 2008թ. մարտյան դեպքերի առնչությամբ: Այդ նույն համատեքստում ողջունում ենք, որ վերջին շաբաթների ընթացքում, այդ դեպքերից հետո դատապարտված եւ կալանավորված 3 ընդդիմադիր ակտիվիստներ` Հարություն Ուռուտյանը, Ռոման Մնացականյանը եւ Արամ Բարեղամյանը, վաղաժամ ազատ են արձակվել: Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին` շուտ ազատ արձակել բոլոր մնացյալ ակտիվիստներին: Եվրոպական միությունը գտնում է, որ 2008թ. մարտյան դեպքերի մանրակրկիտ հետաքննությունը եւ այդ դեպքերի առնչությամբ ձերբակալված բոլոր անձանց ազատ արձակումը կօգնեն Հայաստանի իրական առաջխաղացմանը: 3.Վերջապես, ԵՄ-ն ցանկանում է եւս մեկ անգամ հաստատել այն կարեւորությունը, որ տրվում է Հայաստանի հետ հարաբերությունների ակտիվացմանը, եւ հորդորում է Հայաստանի կառավարությանը լիարժեքորեն օգվել Արեւելյան գործընկերության ու Եվրոպական հարեւանության քաղաքականության ընձեռած հնարավորություններից»: