ՄԱԿ-ի կենտրոնակայանում տարածվել է Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանի նամակը` ուղղված կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունին` ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի նախապես տարածած նամակի: Արտգործնախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նազարյանի նամակում նշվում է, որ «անբարո են կեղծիքներ տարածելու եւ երեխայի կյանքը որպես քարոզչության գործիք օգտագործելու նպատակով Ադրբեջանի փորձերը»: Նման փորձերի փոխարեն, ըստ Նազարյանի` Ադրբեջանը պետք է հրաժարվի շփման գծում սադրանքների իր արկածախնդիր պրակտիկայից, որը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը: Այդ գործողությունները, ինչպես նշել է Կարեն Նազարյանը, կոպտորեն խախտում են 1994թ. Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ստորագրված հրադադարի համաձայնությունը: ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը նշել է նաեւ, որ Ադրբեջանը պետք է հարգի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կոչերը` շփման գծից դիպուկահարներին հանելու մասին: Մարտի սկզբին ադրբեջանական աղբյուրները հաղորդագրություն էին տարածել, թե հայ դիպուկահարի կրակոցից ադրբեջանցի 9-ամյա տղա է զոհվել: Թեեւ հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը, պաշտոնական Բաքուն միջազգային ատյաններում, այդ թվում` ՄԱԿ-ում, շարունակում է նման պնդմամբ հանդես գալ, ինչին էլ հակադարձել է Կարեն Նազարյանը: