Գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Շահեն Տոնոյանը երեկ tert.am-ի հետ զրույցում Դատախազության համակարգում հինգ դատախազների զոհաբերելու մասին մամուլի հրապարակումը համարել է «մանկամիտ երեւակայության արդյունք»: Հիշեցնենք, որ ըստ «ՀԺ»-ի` «Հայաստանի դատախազության համակարգում երկու շաբաթ է` փորձում են ընտրել այն հինգ դատախազներին, որոնք կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիայի շրջանակներում պետք է «զոհաբերվեն» եւ պաշտոնանկ արվեն»: Ըստ Դատախազության աղբյուրների` որպես քավության նոխազի առաջին պոտենցիալ թեկնածու` նշվում է Սիսիանի դատախազ Հայկ Կարապետյանի անունը: Ենթադրվում է, որ նրան հեշտ կլինի զոհաբերել, քանի որ այն հատուկենտ դատախազներից է, որը Դատախազությունում եւ գործադիր իշխանությունում կապեր չունի, եւ նրա պաշտոնանկությունը շղթայական ռեակցիա չի առաջացնի, նրա համար ոչ ոք «կռիվ» չի տա»:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Շահեն Տոնոյանն այս առնչությամբ ասել է. «Բացարձակ նման բան չկա, նման բան չկա նաեւ կոնկրետ Սիսիանի դատախազ Հայկ Կարապետյանի մասով, եւ նա կատարում է իր պաշտոնական պարտականությունները: Նման անհեթեթ, անհիմն եւ մտացածին լուրերն ուղղված են որոշ շրջանակների եւ մարդկանց կողմից ցանկալին իրականի տեղ ընդունելուն եւ կայացած համակարգերում ջուր պղտորելուն»: Նաեւ հավելել է, թե դատախազների աշխատանքի անկախության բոլոր հիմքերը կարգավորվում են օրենքով` միջազգային չափանիշներին համապատասխան. «Դատախազությունը, ՀՀ գլխավոր դատախազը միշտ պայքարել եւ պայքարելու են կոռուպցիայի, հանցավորության դեմ, իսկ նման ասեկոսեների, բամբասանքների տարածումը պարզապես մանկամիտ երեւակայության արդյունք է»: