«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, հավանական է համարում, որ մինչեւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախանշած օրը` մայիսի 31-ը, 2008-ի հետընտրական իրադարձությունների առնչությամբ ազատազրկված Նիկոլ Փաշինյանը եւ Սասուն Միքայելյանը ազատ արձակվեն: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում Ա. Հակոբյանն ասել է. «Հնարավոր չէ լինել բանական մարդ եւ, հաշվի առնելով վերջին զարգացումները երկրում, իշխանության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ տեղի ունեցող դեռեւս հրապարակային, չասեմ` բանակցությունները, այլ պահանջ դնելու, պահանջ կատարելու գործընթացները, չմտածել, որ հավանականություն կա, որ կարող են ազատ արձակվել»: Հիշեցնենք, որ ապրիլի 28-ի հանրահավաքի ժամանակ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր. «Ես ոչ մի կասկած չունեմ, որ երկխոսության կիսաբաց դուռը լրիվ բացվելու է մեկ ամսվա ընթացքում, ինչը մենք կարձանագրենք մայիսի 31-ին կայանալիք մեր հաջորդ հանրահավաքում, երբ այս հարթակից ձեզ իրենց երախտագիտության խոսքը կասեն Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը»: Այս հայտարարությունից մի քանի օր անց` մայիսի 5-ին, Տեր-Պետրոսյանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում շուրջ մեկ ժամ տեւողությամբ հանդիպում անցկացրեց անազատության մեջ գտնվող «Հայկական Ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ: Դրա նախորդ օրը Տեր-Պետրոսյանը տեսակցել էր նաեւ Սասուն Միքայելյանին: «Ազատության» թղթակցի հարցին, թե` արդյո՞ք սա պատահականություն էր, թե՞ դեպքերի օրինաչափ շղթայի մի օղակ, Աննա Հակոբյանը պատասխանել է. «Այն պահին, երբ մենք լսեցինք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելում է բանտեր, այցելել է Սասուն Միքայելյանին եւ պատրաստվում է այցելել նաեւ Նիկոլին, ես` որպես անհատ իմ անձնական գնահատականով այդ քայլը դիտեցի որպես սկսված գործընթացների շղթայի մի մաս: Եվ կրկին մտածեցի, որ դա կարող է նաեւ հավելյալ ճնշում լինել` ՀԱԿ-ի այդ պայմանը (կալանավորված ընդդիմադիրներին ազատ արձակելու) աներկբայորեն կատարելու»: