Ծրարը տալիս եւ վերցնելիս արժե երկար մտածել

13/05/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Կոռուպցիայի դեմ պայքարի թեման ավելի հին է ու մաշված, քան վերջերս Վայոց Ձորի մատույցներում հայտնաբերված աշխարհի ամենահին կոշիկը, որն, ի դեպ, գեղեցիկ եւ ժամանակակից պատվանդանի վրա ցուցադրվում է Հայաստանի ազգային թանգարանում:

Կոռուպցիայի արմատները բոլոր երկրներում էլ, թերեւս, նույնն են, սակայն տարբեր են դրանց պտուղները: Հայաստանում, ուր իշխանությունը 20 տարի անընդմեջ վերարտադրվում է, անսահմանափակ կոռուպցիայի հնարավորություններ են բացվում: Եվ այդ հնարավորությունների դեմ իշխանությունը ժամանակ առ ժամանակ պայքարելու ցանկություն է հայտնում:

Իրականությունը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ ճանապարհների փնտրտուքը դատարկ զբաղմունք է, այդ նպատակի համար հատկացված պետական միջոցները վատնված միջոցներ են: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի նորագույն ձեւերը՝ խստություններով թարմացված Քրեական օրենսգիրք, թղթադրամի կապոցը ձեռքին միջին օղակի չինովնիկի ցուցադրություն «Հայլուրով», իրենց վաղուց արդեն չեն արդարացնում:

Կոռուպցիայի դեմ պայքարելու մի հին ու փորձված միջոց կա, որը հաջողությամբ կիրառվում է, օրինակ, Չինաստանում, Իրանում: Խնդրեմ, լրատվամիջոցները երեկ տեղեկատվություն տարածեցին, թե Չինաստանի Խանչժոու նահանգի նախկին փոխքաղաքապետը մահապատժի է դատապարտվել` առանձնապես խոշոր չափերի կաշառակերության համար: Իրավապահները պարզել են, որ նա ոչ միայն կաշառք է ստացել, այլեւ հափշտակել է պետական գույքը, չարաշահել է իր պաշտոնական դիրքը, ինչի համար պետք է վճարի կյանքով: Թանկ գին է:

Պայքարո՞ւմ է Չինաստանի ղեկավարությունը կոռուպցիայի դեմ: Բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ` այո՛, պայքարում է: Թե ինչո՞ւ է Չինաստանն այսքան դաժան վարվում իր գանձագողերի հետ, թերեւս, կարելի է վերագրել նաեւ դեմոգրաֆիկ քաղաքականությանը՝ գերլրացված հասարակությունից պակասում է մեկ մարդ, ընդ որում՝ անազնիվ մարդ: Այսինքն՝ պետությունն, այսպես թե այնպես, չի տուժում:

Պայքարո՞ւմ է Հայաստանի իշխանությունը կոռուպցիայի դեմ: Լրագրողներս պարտավոր ենք հետեւել ամենօրյա լրահոսին, որն ազդարարում է՝ մեր իշխանությունները փորձում են պայքարել կոռուպցիայի դեմ:

Մեր օրենքները հումանիստական են եւ կոռուպցիայի համար մահապատիժ չեն նախատեսում: Թեեւ անգամ մահվան սպառնալիքը կոռումպացված մեր չինովնիկներին դժվար ստիպի ձեռքը չմտցնել պետության կամ քաղաքացիների գրպանը:

Դա հին եւ չհաղթահարվող սովորություն է, որից պետությունը ոչ մի կերպ չի կարող ձերբազատվել: Պետության համար, ինչպես գիտեն բոլորը, խիստ էական է անգամ հաշմանդամների եւ թոշակառուների կենսաթոշակներից եւ նպաստներից ապօրինաբար գանձվող 200-ական դրամը: Ի դեպ, այդ 200 դրամը գանձվում է նաեւ այսօր: Այնպես որ` Կենսաթոշակային հիմնադրամի արդեն նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի դառը ճակատագիրը որեւէ մեկի համար նախադեպ չի համարվում: Այդ 200-ական դրամներն արդեն ակնհայտորեն Վազգեն Խաչիկյանի գրպանը չէ, որ հոսում են: Սակայն այդ մարդիկ այսօր աշխատանքից ազատված չեն, նրանցով Դատախազությունը հետաքրքրված չէ, հետեւաբար` կան բոլոր հիմքերը՝ պնդելու, թե սրանք ազնիվ մարդիկ են:

Իսկ մինչ կոռուպցիային պատերազմ հայտարարելը՝ համադրելով աշխատավարձի եւ ծախսերի անհամամասնությունը, արժե հետաքրքրվել՝ ունի՞ իշխանությունը բարոյական իրավունք՝ պայքարել կոռուպցիայի դեմ: Բավական է հետեւել Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքներին, եւ կտեսնենք՝ մեր հատկապես բարձրաստիճան չինովնիկների լավագույն կեսը գանձագող է: Այդ դեպքում պայքարն իմաստազրկվում է դեռ չսկսած. իշխանությունն ինքն իր դեմ պայքարել ուղղակի չի կարող: Դա նույնն է թե` հարբեցողին ստիպեն պայքարել օղու վաճառքի դեմ:

Այն, որ կոռուպցիան եղել է եւ կլինի մարդկության պատմության թերեւս ողջ ընթացքում, լույսի պես պարզ է: Սակայն կոռումպացվածության մակարդակը Հայաստանում պայմանավորված է նաեւ հասարակության ցածր գիտակցությամբ, դաստիարակության եւ կրթության պակասով:

Ո՞ւմ են պատրաստ իրենց ձայները վաճառել ընտրողները: Այն մարդկանց, ովքեր զարդարված չեն առաքինություններով, սակայն կարող են ընտրակաշառք առաջարկել: Եվ սրա դեմ հասարակությունը ոչ թե ընդվզում է, այլ` հակառակը. առաջ լուռ եւ թեթեւ շառագունելով վերցնում էր գումարը, իսկ հիմա ընտրողն արդեն ինքն է գին թելադրում:

Փողոցում հանդիպող օլիգարխների ավտոշարասյուները` մարդիկ, հատկապես` երիտասարդներն, ուղեկցում են թախծոտ-հիացական հայացքներով: Կարեւոր ու հարգանքի արժանի է նա, ով ունի շքեղ մեքենա, մեծ առանձնատուն, ֆինանսական հնարավորություններ… Անուղղակիորեն ստեղծելով արժեքային մի համակարգ, ուր հարգանքի, ակնածանքի արժանանալու համար բավական է ունենալ փող եւ միմիայն փող, թերարժեքության բարդույթով տառապող մեր շատ պաշտոնյաների, չինովնիկների ստիպում ենք հասարակության հարգանքի սանդղակին հասնելու համար կաշառք վերցնել: Ընդ որում, այդ սանդղակն անասելի ցածր է: Դրան հնարավոր է հասնել սողալով: