«Թանգարանային գիշեր» անցկացնելու գաղափարը ծագել է Ֆրանսիայում եւ հետո արագորեն տարածվել է գրեթե բոլոր եվրոպական երկրներում: Արդեն մի քանի տարի է` գիշերային մշակութային ակցիան կիրառվում է Հայաստանում: Մայիսի 14-15-ը երեկոյան ժամերին Երեւանի, Գյումրիի, Էջմիածնի, Սիսիանի, Չարենցավանի եւ այլ քաղաքների թանգարաններն իրենց դռները բաց կանեն հանրության առջեւ մինչեւ կեսգիշեր եւ դրա դիմաց փող չեն պահանջի: «Թանգարանային գիշեր» ակցիան թույլ է տալիս թանգարանային սրահներում եւ պահոցներում պահվող ցուցանմուշներին ծանոթանալ անսովոր ժամին եւ անսովոր պայմաններում: Շատ թանգարաններ հատուկ այս օրվա համար ցուցահանդեսներ, համերգներ, կինոդիտումներ են պատրաստել: Հայաստանի պատմության թանգարանը ցուցադրելու է հնատիպ գրքեր, Ազգային պատկերասրահը կանդրադառնա գրքերին, տառերին եւ օրիգամիի արվեստին, ինչպես նաեւ` կցուցադրի Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերը: Սարյանի անվան տուն-թանգարանը կներկայացնի վարպետի հուշերից կազմված ցուցադրությունը եւ կամերային համերգի ունկնդիրը լինելու առաջարկ կանի: Իսկ Թամանյանի տուն-թանգարանը, ցուցահանդեսներից բացի, այցելուներին կդարձնի ինտերակտիվ խաղի, կիթառի համերգի եւ թատերական ներկայացման մասնակիցը: Այլ թանգարաններ կառաջարկեն դեռ սովետական տարիներից բոլորին հայտնի գրական-երաժշտական կոմպոզիցիաների ֆորմատը, տարբեր վիկտորինաներն ու ասմունքի երեկոները: Այսօր ընտանիքով եւ հատկապես երեխաների հետ, կարելի է շրջել քաղաքով ու փորձել ըմբոշխնել մշակութային ժամանցի գրավչությունը: Սա այն օրն է, երբ համընկնում են հաճելին եւ օգտակարը: