Երեւան քաղաքի դիմանկարը միշտ վերափոխվել է կտրուկ, կամայական միջամտությամբ: Ու թեեւ տարբեր պետական կառույցների ընդերքում գեղարվեստական կամ այլ տիպի խորհուրդներ են ձեւավորվում ու կարծես թե մասնագիտական քննարկումների պատրանք է ստեղծվում, սակայն մեծ հաշվով` ցանկացած վերափոխում (լինի քանդում, կառուցում, կցակառույցներով համալրում կամ նույնիսկ նախագծի ընտրություն) միշտ պարտադրվում է «վերեւից» եւ չի անցնում խմորման, վերաիմաստավորման փուլ: Եվ քանի որ մեր օրերում ցանկացած ճարտարապետական, արձանագործական կամ դիզայներական աշխատանք դիտարկվում է միայն պարզունակ ֆինանսական շահի կամ սեփական հետքը պատմության մեջ թողնելու մոլուցքով, Երեւանի բոլոր շինարարական նորամուծությունները դառնում են օտար մարմիններ: Եվ ստացվում է, որ քաղաքին պարտադրում են այն ոճի, ֆորմայի, ծավալի կառույցները, որոնք բողոք ու դիմադրություն են ծնում հանրության մեջ:
Այդպիսի բողոք առաջացրեց «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը եկեղեցով փոխարինելու գաղափարը (որն, ի դեպ` անհասկանալի ավարտ ունեցավ. գաղափարը դեռ չի մերժվել, այլ անժամանակ սառեցվել է), ինչպես նաեւ` Սուրբ Կաթողիկե եկեցեղու մոտակայքում ոչ թե ազատ տարածք ձեւավորելու, այլ կաթողիկոսանիստ համալիր կառուցելու մտադրությունը (այդ գաղափարի դեմ բողոքները դեռ շարունակվում են):
Քաղաքը ոչ մի կերպ չի կարող ազատ շունչ քաշել տարբեր էքսպերիմենտներից, բոլորը կարծես ուզում են շուտափույթ մի բան փոխել (եւ դա անել այնպես, որ հաջորդ սերունդները չկարողանան նույնիսկ աննշան շտկումներ մտցնել), մինչդեռ լավագույն ելքը կլիներ բոլոր տիպի միջամտությունների արգելքը: Առանց այդ էլ քաղաքը «բռնաբարված» է, թող մի քիչ հանգստանա ու ազատվի ցնցումներից եւ տարբեր տեսակի կայսերական նկրտումներից:
Նույնիսկ հարկավոր չէ մասնագետ լինել` տեսնելու համար, որ Երեւանում որպես հիվանդություն` տարածում է ստանում մոնումենտալ, բազում դեկորատիվ էլեմենտներով հագեցած ճարտարապետական ոճը, որն իշխանաձիգ ուղղվածություն ունի: Մեր քաղաքի արտաքին տեսքի համար պատասխանատու անձինք, թերեւս, հենց այս` նեոստալինյան ճարտարապետությունն էլ ընկալում են` որպես ստաբիլ, բարեկեցիկ ու հանգիստ կյանքի սիմվոլ: Համենայնդեպս, հենց այդ մոտեցմամբ էլ կառուցվել են Հյուսիսային պողոտայի շենքերը, որոնք, ըստ նախագծողների` պետք է բնակիչներին սեփական անձը կարեւորելու շանս տան, քանի որ թանկարժեքության ու էքսկլյուզիվության շղարշ են ստեղծում:
Վերջերս հայտարարվեց երկու նոր ճարտարապետական միջամտությունների մասին: Մեկը` փոքր, մյուսը` խոշոր: Սակայն երկուսն էլ` զարմանալի ուռճացված ու պաթոսային, եւ հետեւաբար` անպատեհ (պաթոսն, ընդհանրապես, շատ անպատեհ բան է): Եվ երկուսի իրացման փաստը դեռ հստակեցված չէ:
Երեւանի քաղաքապետարանը քննարկեց Գարեգին Նժդեհի «փրփրադեզ», ժանյականման դետալներով լի ձիարձան-հուշարձանի տեղադրումը (հեղինակ` Գեւորգ Գեւորգյան), իսկ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հայտարարեց, որ պատրաստվում է իրականացնել Ալեքսանդր Թամանյանի երազանքն ու վերջիվերջո` ավարտին հասցնել Երեւանի Հանրապետության հրապարակը:
Արձանի տեղադրումը դեռ չի վավերացվել, իսկ հրապարակի խտացման հարցը համարվել է փաստ` առանց որեւէ հանրային քննարկման:
Կառավարությունը պատրաստվում է Երեւանի գլխավոր հրապարակում նոր շինարարական օբյեկտ կառուցել (ՀՀ քաղաքաշինության նախարարության կայքում տեղադրված ինֆորմացիան մատուցվում է «Թամանյանական երազանքը` իրականության ճանապարհին» կոչի ներքո): Այդ երազ-օբյեկտը 50 մետր բարձրություն եւ 30 մետր տրամագիծ ունեցող գմբեթավոր հսկա տուֆակերտ աշտարակ է, որը վեր կխոյանա կառավարության շենքի ետնամասում: Նախարարության կայքում նշվում է, որ նոր աշտարակը դառնալու է «մեր երկրի գլխավոր հրապարակի նոր խորհրդանիշը»: Ընդ որում` աշտարակը մի քանի մետրով ավելի բարձր է լինելու Ազգային պատկերասրահի շենքից` «գերիշխող տեսք ձեռք բերելով»: Բավականին ամբիցիոզ այս նախագիծը նաեւ զուտ կիրառական դեր կկատարի` ՀՀ արդարադատության եւ Սփյուռքի նախարարությունների աշխատակազմին ծառայելով` որպես վարչական տարածք:
Մեծածավալ այդ նախագծի մեկնարկն արդեն տրված է (համենայնդեպս, դա հրապարակի համալրման նախագծի հեղինակ, Հայաստանի գլխավոր ճարտարապետ, ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Նարեկ Սարգսյանի պնդումն է): Շինարարությունը նախատեսվում է սկսել սույն թվականի ամռանն ու ավարտվելու է 2 տարի հետո (եթե, իհարկե, օբյեկտի նպատակահարմարության վերանայում չկատարվի): Նախագծի մեկնարկային նախահաշվարկը կազմում է 10 մլն դոլար: Եվ ըստ Ն.Սարգսյանի` ներդրումներն անելու են այն անձինք, ովքեր այրված արդարադատության շենքի տեղում նոր բնակելի համալիրի կառուցման իրավունք կստանան:
Ն.Սարգսյանը այսպես է մեկնաբանում այս միջամտության պահանջը. «Թամանյանը երազում էր ստեղծել հայկական նոր պետականության թիվ մեկ հրապարակը, որն այսօր չունի այն տեսքը, որը նախագծել էր ճարտարապետը»:
Նախագծի հեղինակն ու միաժամանակ Հայաստանի գլխավոր ճարտարապետը վստահ է, որ գլխավոր հրապարակում փոփոխություններ կատարելու համար պետք է համընկնեն ճարտարապետական խիզախությունն ու պետական կամքը, իսկ էքսպերիմենտներ անելն անթույլատրելի է: Այս մտքին կարելի է ավելացնել առաջնային պահանջը` նպատակահարմարությունը: Չէ՞ որ հրապարակն արդեն շեղվել է իր նախնական տեսքից (քաղաքը փոխվել է, ընդլայնվել ու խեղաթյուրվել է), եւ ընդհանրապես մեր հանրապետության տարածքում հրատապ վերականգնում ու ամբողջացում պահանջող ավելի կարեւոր օբյեկտներ կան: Հարկ է հիշել նաեւ, որ Թամանյանը չի նախատեսել նաեւ Ազգային պատկերասրահի շենքի կառուցումը, սակայն հո չե՞նք կարող նրա մտահղացումները հարգելով` քանդել այն: Թեեւ, ո՞վ գիտե` միգուցե կարող ենք… Եթե այդպես է, ուրեմն` Հայաստանի գլխավոր ճարտարապետի պնդման մեջ շատ լավ տեղավորվում է նաեւ Լենինի արձանի վերադարձը: Ա՛յ թե իսկական խիզախությունը որտեղ կլիներ:
Ամեն դեպքում քաղաքն այսօր ոչ թե նոր աբստարկտ կամ վարչական սիմվոլների, այլ ֆունկցիոնալ հանրային կառույցների պահանջ ունի: Ուրբանիզացիայի տեմպերը մտահոգում ու միաժամանակ հուշում են, որ օբյեկտների առավելագույն խտացումը կենտրոնական հատվածում (եւ դրանց անհիմն դեկորացումը) այսօրվա Երեւանի շահերից չի բխում: Միգուցե խիզախությունը ոչ թե օբյեկտների ավելացումն է, այլ պակասեցո՞ւմը: Մի բան հստակ է. ոչ միայն նոր կառույցները, այլեւ դրանց վրա ծախսվող գումարներն ու եռանդը հարկ է ապակենտրոնացնել:
Եվ պատահական չէ, որ հանրությունը դեմ է դուրս գալիս պետական կամքի դրսեւորում համարվող պաթետիկ կառույցների դեմ: Դրա ապացույցն արդեն իսկ մեկնարկած Սուրբ Աննա եկեղեցու ու կաթողիկոսի նստավայրի կառուցման շուրջը բարձրացրած բողոքի ալիքն է: Բավական է նայել եկեղեցական համալիրի նախագծային տարբերակը (որն, ի դեպ` նույնպես որոշվել է իրականություն դարձնել առանց հանրային քննարկման)` հասկանալու համար, որ ճարտարապետները, ֆինանսավորում ապահովող բարերարներն ու ներդնողները, եւ առավելեւս` Հայաստանի կառավարությունը, փորձում են որքան կարելի է մեծածավալ ու անդառնալի քաղաքաշինական քայլեր ձեռնարկել: Որպեսզի հաջորդ սերունդներին անելու բան չմնա: Եվ կարելի է ենթադրել, որ եկեղեցական համալիրը (հեղինակ` Վահագն Մովսիսյան) կհամալրի այն կառույցների շարքը, որոնք պսեւդոթամանյանական կամարներով ու ազգային համարվող (չգիտես` ինչո՞ւ) դեկորատիվ դետալներով հանդերձ` շարունակում են կարծրացած ճարտարապետական ոճն ու բնավ էլ հաշվի չեն առնում հասարակության հետ տեղի ունեցած փոփոխությունները: Վերջիվերջո, ցանկացած ձեռնարկ, որը հավակնում է հանդես գալ միակ, անկրկնելի ու բացառիկ ճշմարտության անունից, վաղ թե ուշ փլուզվելու է: Եվ նշանակություն չունի` կառույցը Աստծո տո՞ւն է դառնալու, թե՞ շարունակելու է Թամանյանի (ճիշտ կլինի ասել` նրա աստվածացված կերպարի) գաղափարները: