Նյարդերը հանգստացնող բուժարարը
Calluna vulgaris-ցախի սովորական, խալանջ։ Բնության մեջ ցախին տարածված է գրեթե ողջ Եվրոպայում, Արեւմտյան եւ Արեւելյան Սիբիրում, Աֆրիկայի հյուսիս-արեւմուտքում, Փոքր Ասիայում, Կովկասում։ Ցախին իր ընտանիքի միակ բույսն է, որից մշակվել են մոտ 300 դեկորատիվ տարատեսակներ, որոնց պահպանությամբ առանձնապես մտահոգված են Գերմանիայում։ Մոսկվայի գլխավոր բուսաբանական այգում կան բույսի մոտ երկու տասնյակ տեսակներ, որոնց տերեւների եւ ծաղիկների գունային գամման ընդարձակ է` արծաթագույն, կանաչի բոլոր երանգները, ոսկեգույն, վարդագույնից մինչեւ ալ կարմիր, ձմռանը` շագանակագույն։ Բնության մեջ հանդիպող տեսակների ծաղիկները մանուշակագույն են, զանգակատիպ, տարածված են բույսի երկայնքով։ Պտուղը փոքրիկ տուփիկ է, բազմաթիվ մանր սերմերով, որոնք տեղափոխվում են քամու միջոցով։ Calluna անվանումը թարգմանաբար նշանակում է գեղեցկացնել, մաքրել, ավլել։ Ցախին հայտնի է եղել մ.թ.ա 2-րդ դարում։ Այն աճում է սոճուտներում, տափաստաններում, լեռնային թեքություններում, ավազուտային եւ տորֆով հարուստ հողերի վրա։ Բույսը սիրում է ոչ պարարտ, աղքատ հողեր։ Բույսը նորվեգական ազգի խորհրդանիշն է։ Շոտլանդիայում դրանից ստացած դեղին ներկանյութով ներկում են իրենց ազգային տարազը` պլեդը եւ կիլտը։ Ցախին ծաղկում է նաեւ աշնանը, այն տերեւաթափ չի լինում։ Փոքրիկ ոլորված տերեւները հիշեցնում են սոճազգիներին։ Մի շարք սլավոնական ժողովուրդներ (լեհեր, լիտվացիներ եւ այլք) աշնան առաջին ամիսն անվանում են Վրզեսիեն, Վիրզուս, Վերասեն, Վերեսեն` դա կապված է բույսի Վերեսկ անվանման հետ։ Ցախին միայնության խորհրդանիշն է։ Ըստ շոտլանդական լեգենդի` Աստված բույսին հատկացրել է ոչ բերրի, աղքատ, թթու, ավազուտային հողերն եւ ճահիճները, սակայն դրա փոխարեն` տվել է դիմացկունություն, հմայիչ, բազմերանգ գեղեցկություն, հրաշալի բուրմունք, քաղցր ծաղկահյութ, որը գրավում է մեղուներին եւ այլ միջատներին։ Բույսի մեղվատվությունը բավականին բարձր է, մինչեւ 300 կգ` 1 հա-ից, սակայն գնահատվում է ոչ բարձր որակի եւ հիմնականում վաճառվում է մեղվահացի հետ։ Մեղրի գույնը մուգ դեղին է, գորշագույն երանգով, համը` դառը, կպչուն։ Այն չի կարող ծառայել որպես կեր մեղուների ձմեռման համար, սակայն ունի բուժիչ հատկություններ։ Բույսի ծաղկափոշին նպաստում է մեղվաընտանիքի բազմացմանը, որոշ դեպքերում կարող է բուժել անպտղությունից։ Բույսը հաճախ կազմում է մացառուտներ, այդ վայրերում փոխվում է հողի որակը, այն անվանում են «ցախի հող», օգտագործում ծաղկաբուծության մեջ։ Ցախին հեշտությամբ է իր տեղը զիջում այլ բույսերին` գրավելով այլ տարածքներ։ Ցախին առաջին բույսերից է, որ հայտնվում է հրդեհված հողատարածքների վրա։ Բույսը բազմանում է սերմերով, նաեւ արմատներ տալիս գետնին կպած տերեւներից, ցողունը կարող է լինել ուղղականգուն` 20-70 սմ բարձրությամբ կամ հողի վրա տարածված։ Բույսը լայնորեն օգտագործվում է դեկորատիվ նպատակներով, մացառուտների գեղարվեստական տեսքը նկարագրված է Ժ. Վեռնի, Ռ. Բերնսի, Կ. Դոյլի, Գ. Իբսենի ստեղծագործություններում։ Վերջինիս դրամայի հիման վրա Էդվարդ Գրիգը գրել է իր հայտնի «Պեր Գյունտ» սյուիտը։ Բույսը հարուստ է սուրճի, վանիլինի, կիտրոնի թթուներով։ Պարունակում է քլորոգեն, կատեխիններ, կումարին, արբուտին, կվերցետին, դաբաղանյութ, ներկանյութ, սապոնիններ, օսլա, խեժանյութ, կարոտինային նյութեր։ Բույսի պատրաստուկները կիրառվում են ավանդական բժշկության մեջ։ Ցախին ժողովրդական բժշկությունում օգտագործվում է երիկամների, միզապարկի բորբոքումների, կոլիտի, բրոնխիտի, մրսածության, նեւրոզի, անքնության դեպքում։ Բույսի թուրմը, չորացրած ծաղիկների, տերեւների փոշին եւ հյութը օգտագործում են այրվածքների, վերքերի բուժման համար։
Դեղատոմսեր
Նյութափոխանակությունը կարգավորող միջոց. 10-ական գրամ ցախի սովորականի եւ եղեսպակի խոտերի խառնուրդին ավելացրեք 500 մլ եռջուր, թրմեք 30 րոպե, քամեք, բաժանեք 3-4 մասի, խմեք օրվա ընթացքում։ Խորհուրդ է տրվում նաեւ ավելորդ քաշի դեպքում։ Ժամկետը` 1 ամիս։
Գլխացավի, անքնության դեպքում. 1 ճ/գ իշառվույտի ծաղիկները 4 ժամ թրմեք 200 մլ սառը ջրի մեջ, քամեք։ Ավելացրեք մեկ ճ/գ ցախի սովորականի մեղր։ Բաժանեք 2-3 մասի, խմեք օրվա ընթացքում, 7 օրից ընդմիջեք։
Նեւրոզի դեպքում. Խառնեք ցախի սովորականի, առյուծագու, չորածաղիկի խոտերը, կատվախոտի մանրացրած արմատը (4։3։3։1)։ Խառնուրդի 4 ճ/գ-ն 1 լիտր տաք ջրով թրմեք 8 ժամ ջերմապահի մեջ։ Քամեք։ Բաժանեք 10-15 մասի, խմեք օրվա ընթացքում։
Շագանակագեղձի բորբոքման դեպքում. Ցախի սովորականի թարմ ծաղիկները 3 շաբաթ թրմեք 40 %-անոց սպիրտի մեջ` 1։10 քաշային հարաբերությամբ։ Քամեք։ Լուծեք թույլ մեղրաջրի մեջ 25-30-ական ոգեթուրմի կաթիլներ, խմեք օրը 3-4 անգամ, սնունդ ընդունելուց առաջ։
Օրգանիզմը խարամներից մաքրող միջոց. Խառնեք հավասար քանակությամբ ցախի սովորականի եւ մատիտեղ թռչնի խոտերը։ Խառնուրդի 1 ճ/գ-ին ավելացրեք 400 մլ եռջուր, թրմեք 2 ժամ, խմեք օրվա ընթացքում։ Ժամկետը` 3 շաբաթ։
Մազաթափության եւ թեփի դեպքում. Մազարմատների ամրացման համար 2 ճ/գ ցախի սովորականին ավելացրեք 500 մլ եռջուր, թրմեք 2 ժամ, քամեք։ Մաքուր լվացած մազերը թրջեք այդ թուրմով, ծածկեք գլուխը պոլիէթիլենային թաղանթով եւ փաթաթեք սրբիչով։ Պահեք 40 րոպե, լվացեք գլուխը ջրով, կրկնեք երեք օրը մեկ անգամ։ Այս գործողության համար կարելի է խառնել հավասար քանակությամբ եղինջի կամ կռատուկի խոտերի հետ եւ թրմել այդ խառնուրդի 2 ճ/գ-ն։
Ցախի սովորականի խոտաբույսը խորհուրդ չի տրվում օգտագործել ստամոքսաբորբի, ցածր թթվայնության եւ փորկապության դեպքում։