«Մարտի 1-ի հետ կապված իրական պահանջը բավարարված չէ»,- ասում է ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը

12/05/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Իշխանությունների եւ ՀԱԿ-ի միջեւ սկիզբ առած այս երկխոսությունը անհրաժե՞շտ էր ներքաղաքական կամ հասարակության մեջ գոյություն ունեցող բեւեռացումը, լարվածությունը թուլացնելու համար:

– Ցավոք սրտի, մեր երկրում քաղաքական ուժերի ղեկավարներն ամենավերջինը հաշվի են առնում հասարակության կարծիքն ու ցանկությունները, նրանում առկա խնդիրները: Նույնն է իրավիճակը եւ այդ զարգացումների հետ կապված, որը ոմանք համարում են երկխոսություն: Այն բնութագրելու համար չպետք է մոռանալ, թե ինչ է տեղի ունեցել վերջին երեք տարիների ընթացքում: Առաջացել են բազմաթիվ հարցեր, որոնք պետք է պատասխաններ ստանան: Առանց այդ պատասխանների` հայտարարել, թե արդեն նոր մթնոլորտ է ձեւավորվել, երկխոսություն է սկսվել, երեսպաշտություն է: Երկուստեք տրվել են ամենակոպիտ գնահատականները, որոնք հաճախ վերածվել են քրեական մեղադրանքների ու հայհոյանքի: Եվ հանկարծ, առանց բացատրության, սկսվում են հարաբերություններ «նոր տողից»: Ընդ որում, իշխանությունները ձեւավորվել են ոչ թե երեկ, այլ երեք տարի առաջ: Բնականաբար, հարց է առաջանում` նախորդ որակավորումները ճի՞շտ էին, թե՞ սխալ: Եթե ճիշտ էին, ապա կարելի՞ է նման որակավորումների դեպքում խոսել երկխոսության ու քաղաքակիրթ հարաբերությունների մասին:

– Ընդդիմությունն ամեն դեպքում իր այդ որակավորումներից ու մեղադրանքներից չի հրաժարվում, չի հրաժարվում նաեւ իշխանափոխության, իսկ մինչ այդ` առաջին երեք, հետո` մյուս բոլոր պահանջներից:

– Տպավորությունն այլ է: Թվում է, թե պարզապես ցանկություն կա հայտարարելու, որ երեք պահանջներն էլ կատարվել են: Իրականում նման բան չկա, որովհետեւ Մարտի 1-ի հետ կապված հարցադրումներն իրական պատասխան կստանան այն բանից հետո, երբ նոր քննությունն ավարտվի եւ հրապարակվի, թե ինչի են հասել դրա արդյունքում: Եթե պետք է բավարարվեին խոստումներով, ապա կարող եք վերադառնալ 2008թ. ամռան եւ աշնան իրավիճակներին, եւ կտեսնեք, որ այն ժամանակ էլ խոստումներ էին տրվում, երբ ստեղծվեց խորհրդարանական հանձնաժողով, եւ քննություն էր կատարվում: Այնպես որ, խոստումը դեռ այդ հարցի պատասխանը չէ: Ես ավելի քան համոզված եմ, որ Մարտի 1-ի հետ կապված պատասխանները տրված չեն: Հասարակության մեջ գոյություն ունեցող իրական պահանջը Մարտի 1-ի հետ կապված` բավարարված չէ:

– Մարտի 1-ի հետ կապված ի՞նչ պատասխաններ կուզենայիք տրվեր:

– Կարծում եմ, որ այդ հարցերը հայտնի են:

– Օրինակ, ընդդիմության հիմնական հարցերից է, թե ով է տվել կրակելու հրամանը, կամ ովքեր կրակեցին:

– Ստացե՞լ են այդ հարցերի պատասխանը:

– Պաշտոնապես` ոչ, բայց հայտարարություններ են հնչում, թե կրակելու հրամանը տվել է Ռոբերտ Քոչարյանը:

– Հարցերի պատասխանի երկու ճանապարհ կա` ինչ-որ մարդկանց կարծիքի, համոզվածության կամ փաստերի հիման վրա: Թե ինչ կարծիք ունեին իշխանություններն ու ՀԱԿ-ը միմյանց մասին մինչեւ վերջերս, եւ ինչ են ասում այսօր, հայտնի է բոլորին: Հետեւաբար, օբյեկտիվ պատասխան ստանալու միակ հնարավորությունը փաստերն են: Ի դեպ, դա ընդունում է նաեւ ՀԱԿ-ը, հակառակ դեպքում` չէր պահանջի, որ գործը վերանայվի:

– Ընդդիմության բարձրացրած հարցերից էր նաեւ արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանը, որ անօրինական են համարում: Ռ.Քոչարյանն իր վերջին հարցազրույցում ասել էր, թե դա համաձայնեցրել է ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ: Դուք շարունակո՞ւմ եք պնդել, որ այն օրինական էր եւ ճիշտ լուծում` այդ պահի համար:

– Ի տարբերություն շատերի` ես օրումեջ կամ տարին մեկ իմ մոտեցումներն ու կարծիքները չեմ փոխում, որովհետեւ ի սկզբանե փորձում եմ դրանք ձեւավորել փաստերի հիման վրա: Իհարկե, արտակարգ դրություն մտցվել է Սահմանադրության համաձայն, այդ քայլն օրինական էր եւ անհրաժեշտ, քանի որ արդեն կային վիրավորներ եւ զոհեր: Ինչպես նախկինում էլ բազմիցս ասել եմ, համոզված եմ, որ եթե արտակարգ դրություն չմտցվեր, իրադարձություններն այնպես էին զարգանում, որ մարդկային զոհերի թիվն ավելի մեծ կլիներ: Իսկ դա ամենակարեւոր հարցն էր, որովհետեւ ամենաթանկ բանը մարդու կյանքն է: Նրանք, ովքեր վերջին խոսքերով իրար հայհոյում էին, այսօր փորձում են սիրահետել միմյանց: Բայց զոհված մարդկանց ոչ ոք չի կարող վերադարձնել: Ակնհայտ է, որ ամենամեծ կորուստը այդ 10 մարդիկ են: Եվ ես համոզված եմ, որ արտակարգ դրություն մտցնելով` հաջողվեց կանխել նոր ողբերգություն` մարդկանց կյանք փրկել: Ի դեպ, երբ այդ հարցը քննարկվում էր Ազգային ժողովում, որեւէ պատգամավոր Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված առարկություն չներկայացրեց, հետեւաբար` իրավական առումով բոլորն էին համաձայն արտակարգ դրություն մտցնելուն:

– Մարտի 1-ի գործով դատավարությունների ընթացքում կալանավորվածներից ոմանք հայտարարեցին, թե աշխատում էին Ս.Սարգսյանի համար: Չե՞ք կարծում, որ, այնուամենայնիվ, իշխանությունների կողմից սադրիչ գործողություններ են եղել, որ մեքենաների հրդեհումները, թալանը պարզապես կազմակերպվել էր, որ արտակարգ դրության համար հիմք լիներ:

– Չե՞ք կարծում, որ այդ հարցը պետք է տաք նրանց, ում մասին խոսում եք:

– ԱԺ 4 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու ժամանակ Դուք եւ Ձեր շատ-շատ գործընկերներ բացատրում էիք, որ դա հնարավորություն կընձեռի նրանց անմեղությունը կամ մեղավորությունն ապացուցելու համար:

– Հավանաբար ժամանակի հետ որոշ բաներ մոռացվում են եւ աղավաղվում են: Հիշեցնեմ: Նախ, թե ինչու էր պետք անձեռնմխելիությունից զրկել այդ պատգամավորներին, գլխավոր դատախազն էր ասում: Ըստ նրա, միայն այդպես էր հնարավոր բացահայտել ճշմարտությունը: Իսկ ճշմարտության բացահայտումը ողջ հասարակության պահանջն էր: Ավելին, պատգամավորներից մեկը, որոնց վերաբերյալ հարցը մտել էր ԱԺ օրակարգ, ասաց, որ եթե ճշմարտության բացահայտման համար անհրաժեշտ է նման որոշում ընդունել, ապա ինքը եւս կողմ է: Բայց պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հետ կապված կար այլ խնդիր: Ճիշտ է, Ազգային ժողովը նման դեպքերում ժամկետ չի սահմանում, սակայն, երբ մեր գործընկերները տեւական ժամանակ կալանքի տակ մնացին, անհրաժեշտ էր, որ խորհրդարանը կրկին անդրադառնար այդ հարցին վեց ամիս հետո: Ի դեպ, դա ասել եմ նաեւ այն ժամանակ:

– Այնուամենայնիվ, ընդդիմության շարքերից դատապարտված գործիչների, այդ թվում եւ` պատգամավորների մի մասը տարբեր եղանակով` նրանց մեղադրող հոդվածները փոփոխության ենթարկելով, համաներումով դուրս եկան: Իսկ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե արդարադատության նախարարին հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել: Այդպիսով իշխանությունները կարծես թե ընդունում են, որ նրանք անարդար են դատապարտվել:

– Խնդրում եմ հարցերը, որոնք վերաբերում են այլ մարդկանց, տալ նրանց, ովքեր խոսում են դրանց մասին:

– Այնուամենայնիվ, իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ սկսված այս երկխոսությունն ինչի՞ արդյունք է:

– Սոսկ խմբակային շահ հետապնդելու արդյունք է: Երկու կողմերին էլ լիովին բավարարում է այս իրավիճակի, ուժերի հարաբերակցության պահպանումը մինչեւ ընտրություններ: Սա է իրականությունը, բայց համոզված եմ, որ դա շատ երկար պահպանել հնարավոր չի լինի, որովհետեւ ի վերջո իրադարձությունների զարգացումը բերելու է նրան, որ կողմերից որեւէ մեկը կամ երկուսն էլ ինչ-որ քայլեր անեն այս կեղծ հավասարակշռությունը խախտելու համար:

– Ընդդիմության պահանջների կատարումը կամ դրանց շարունակական կատարումն այդ քայլերի շարքում կարելի՞ է դիտարկել:

– Պահանջների ձեւական կատարումը չի տալիս հարցերի պատասխանը: Դրանցից մեկի մասին արդեն խոսեցինք: Անդրադառնանք նաեւ Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու խնդրին: Մոտ 3 տարի թույլ չէր տրվում այնտեղ հավաքներ անցկացնել` խախտելով օրենքը: Որովհետեւ օրենքը որեւէ մեկին իրավունք չի տալիս, առանց որեւէ հիմնավորման, որը կտեղավորվի օրենքի շրջանակում, իրազեկումը մերժել: Հետո հանկարծ, թեեւ նորից մերժեցին հերթական իրազեկումը, բայց երբ այդ հավաքի մասնակիցները երթով մոտեցան Ազատության հրապարակին, Ոստիկանության հետ սկսվեցին բանակցություններ: Ի դեպ, Ոստիկանությունը ոչ միայն իրավունք չուներ շրջափակելու հրապարակը, այլեւ բանակցելու հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին: Ակնհայտ է, որ կամայականությունները շարունակվում են: Եթե դրա հերթական դրսեւորումն այնպիսին է, որ բավարարում է ընդդիմության մի հատվածի ցանկություններին, դա դեռ չի նշանակում, որ խնդիրները լուծվել են: Դեռ չեմ ասում այն բանի մասին, որ պատասխան չի տրվել, թե որ օրենքի հիման վրա էին դրվում սահմանափակումները, եւ որ օրենքի հիման վրա դա այլեւս չի արվում: Իսկ եթե չի ընդունվում, որ այդ ամենն արվել է ապօրինաբար, ապա ցանկացած պահին կրկին կարող է խախտվել օրինականությունը: Հետեւաբար` միայն ձեւականորեն կարելի է ասել` խոսեl պահանջների կատարման մասին: Եվ հայտարարել, թե ՀԱԿ-ի պահանջները կատարված են կամ մայիսի վերջին ամբողջությամբ կկատարվեն, ինքնախաբեություն է:

– Արտահերթ ընտրությունների հավանականությունը ինչպե՞ս եք գնահատում:

– Եթե խոսքը խորհրդարանական ընտրությունների մասին է, ապա ընդհանրապես դրա համար ժամանակ էլ չկա: Ոմանք բերում են անհեթեթ, խիստ ձեւական հիմնավորումներ, սակայն դրանք նաեւ իմաստ ու բովանդակություն պետք է ունենան: Ի վերջո, իշխանությունը եթե այդ ձեւական հնարավորություններն օգտագործի` խորհրդարանի քաղաքական մեծամասնությանը ստիպելով բոյկոտել աշխատանքը, եւ 4-5 ամիս հետո լուծարի խորհրդարանը, հասարակությանը, ում մոտ էլ հենց այդ ժամանակ գնալու է եւ խորհրդարանի համար նոր քվե է խնդրելու, պիտի բացատրի, թե ինչն էր իրեն խանգարում խորհրդարանում աշխատելու համար: Իսկ նման բացատրություն չունի իշխանությունը, որովհետեւ խորհրդարանում ունի մոտ 90 տոկոս մեծամասնություն: Արտահերթ ընտրությունները երկրում առկա խնդիրների լուծում համարող քաղաքական գործիչները խաբում են կամ իրենք իրենց, կամ հասարակությանը: Անգամ, եթե նման իրավիճակում հաջողվի անցկացնել արդար ընտրություններ, դա դեռ չի նշանակում, որ դրանից հետո Հայաստանում կյանքը դառնալու է արդար եւ արժանապատիվ: Ճգնաժամը համակարգային է` սկսած բազմակուսակցական համակարգից, վերջացրած դատական համակարգով: Վաղուց իրենց սպառած մարդկանցով, որոնց պատկերացումները խորհրդային ժամանակների կաղապարներից այն կողմ չեն անցնում, նոր Հայաստան հնարավոր չէ կառուցել: Այդ առումով իշխանությունն ու ընդդիմությունը միանգամայն արժանի են միմյանց: