Լավ հարթակ է

12/05/2011

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին: Զրուցակիցները կարեւորել են ԵԱՀԿ տարբեր կառույցների, այդ թվում` Խորհրդարանական վեհաժողովի հետ Հայաստանի համագործակցությունը` ընդգծելով հատկապես ժողովրդավարական բարեփոխումների, անվտանգության, մամուլի ազատության, Ոստիկանության համակարգի բարեփոխումների եւ մի շարք այլ ուղղություններով համատեղ աշխատանքը: Ս.Սարգսյանը կարծիք է հայտնել, որ Խորհրդարանական վեհաժողովը լավ հարթակ է ԵԱՀԿ մասնակից երկրների քաղաքական ուժերի եւ գործիչների փորձն ու կարողություններն օգտագործելու, Կազմակերպության աշխատանքներում ներդնելու համար: Իր հերթին` ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆտիմիուն նշել է, որ Խորհրդարանական վեհաժողովը մարմնավորում է ԵԱՀԿ-ի համար կարեւոր արժեքներ` խաղաղություն, անվտանգություն, բարեկամություն եւ համագործակցություն: Նա ընդգծել է, որ Կազմակերպությունն այդ սկզբունքներին եւ արժեքներին համապատասխան` ջանադրաբար աշխատում է: Պետրոս Էֆտիմիուն գոհունակությամբ է խոսել Վեհաժողովի շրջանակներում հայկական պատվիրակության ակտիվ աշխատանքի մասին: