Նախորդ հոդվածում մենք ներկայացրել էինք գերմանացի սոցիոլոգ Մաքս Վեբերի հայացքները լեգիտիմ իշխանության մասին: Նա առանձնացնում էր երեք տիպի լեգիտիմություն՝ ավանդական, որը հիմնված է ավանդույթների եւ սովորույթների վրա, խարիզմատիկ, որը հիմնված է առաջնորդի առանձնահատուկ գծերի եւ ունակությունների նկատմամբ հավատի վրա, եւ լեգալ, որը հիմնված է օրենքների վրա: Ցանկացած տեսություն հետաքրքիր է իր պրակտիկ կիրառության մեջ: Ուստի այս հոդվածում կփորձենք տեսնել, թե ինչպիսի լեգիտիմացիայի ճանապարհ են ընտրում հայ քաղաքական գործիչները՝ թե ընդդիմադիր, թե իշխանական դաշտից:
Նախ, եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը հղում են կատարում օրենքի գերակայությանը՝ իբրեւ կարեւորագույն սկզբունք: Եթե ընդդիմությունն այս ընթացքում իրական օրենքի իշխանությունը հակադրում է գործող կարգին եւ փորձում իրեն ներկայացնել իբրեւ իրական օրինականության կրող եւ միակ հնարավոր իրագործող, ապա իշխանությունն ընդդիմությանը մեղադրում է օրինականության դաշտից դուրս գալու, օրենքը խախտելու եւ օրենքի արդյունավետ կիրառությանը խոչընդոտելու մեջ: Օրինակ, ըստ իշխանության, ապրիլի 12-ին ընդդիմությունը խանգարում էր մարդկանց հանգստի իրավունքը, ազատ տեղաշարժման իրավունքը, չգնալով ԱԺ նիստերին՝ խորհրդարանին զրկում էր իրական քննադատության դաշտում օրենքներն ընդունելու հնարավորությունից: Փաստորեն, օրենքը մնում է գլխավոր լեգիտիմացնող արժեք եւ իշխանությունների, եւ ընդդիմության համար:
«Ժողովրդի հայր» – Արտաշես Գեղամյան. Նրա կուսակցությունն ավելի շուտ նմանվում է Գեղամյանի հետեւորդների խմբի, որոնք գնում են իրենց իրական խարիզմատիկ առաջնորդի հետեւից: Ընդ որում, խարիզման այստեղ ստանում է իր բուն իմաստը՝ աստվածային շնորհ, քանի որ Գեղամյանի կերպարի ներկայացումն իբրեւ փրկչի եւ տարբեր գունալուսային հնարքների օգտագործումը նրա տեսահոլովակներում ուղղված են հենց այդ տպավորության ստեղծմանը: Ընդ որում, Գեղամյանին ներկայացնելիս ակտիվորեն օգտագործվում են նաեւ ազգային էպոսի թեմաներն, ինչն ուղղված է ապահովելու նրա կերպարի ազգային մասը, այսինքն՝ իբրեւ թե նա ազգային փրկիչ է: Ակնհայտ է, որ «Ազգային Միաբանությունն» այս դեպքում դառնում է միաբանություն Գեղամյանի շուրջ՝ փրկության ակնկալիքով: Զուտ կրոնական մեխանիզմներ են կիրառվում: Հետաքրքիր է նաեւ Գեղամյանի խոսքի կառուցվածքը. նա փորձում է իրեն ներկայացնել իբրեւ ունիվերսալ հռետոր, որը ցանկացածի հետ կխոսի եւ կբանավիճի ցանկացած «լեզվով»՝ թվեր, բանաստեղծական մեջբերումներ, պատմական ակնարկներ: Եվ այս ամենը ուղեկցվում է բուռն եւ որոտընդոստ ծափահարություններով, ինչը շատ է հիշեցնում խորհրդային ժամանակաշրջանում ընդունված անձի պաշտամունքը:
Պտուղը ծառից հեռու չի ընկնում – Ստեփան Դեմիրճյան. Այս դեպքում գործ ունենք ավանդական լեգիտիմացիայի հետ, ինչն արդյունավետ չի գործում եւ ավելին. ստեղծում է միանգամայն հակառակ կարծիքը, քանի որ Կարեն Դեմիրճյանի դեպքում միանշանակ գործում էր խարիզմատիկ առաջնորդի կերպարը: Խարիզման ինքնին ժառանգվող բան չի, ուստի Ստեփան Դեմիրճյանի դեպքում ավելի շատ օգտագործվում է զուտ արյունակցական կապը՝ նա իր հոր զավակն է, եւ արտաքին նմանությունը, որը նաեւ օգտագործվում է հակառակորդների կողմից բացասական երանգով՝ որպես շարժանկար կամ նմանակում: Այս առումով ուշագրավ է, որ Դեմիրճյանը քիչ է երեւում հրապարակային դաշտում, հարցազրույցներ տալիս, նրա ինքնուրույնության պակասը` որպես առանձին քաղաքական գործչի, նրա ամենալուրջ բացթողումներից մեկն է: Ավանդական լեգիտիմացիան բավարար ուժ չի ստանում, ինչն էլ խոցելի է դարձնում Դեմիրճյանի լեգիտիմացիան ընդհանրապես՝ որպես ընդդիմադիր լուրջ գործչի, եւ նրա քաղաքական հավակնությունները խիստ նվազեցնում է: Դեմիրճյանը սեփական լեգիտիմացիան տեսնում է միայն «սահմանադրական ճանապարհով», ինչը, եթե հիշենք Վեբերի մեկնաբանությունները, որպես լեգիտիմացնող արժեք՝ ուժեղացուցիչների կարիք ունի:
Ընտանիքը հասարակության բջիջն է – Արամ Զ. Սարգսյան. Այստեղ էլ գործում է ավանդական լեգիտիմացիան, բայց առավել լայն՝ ընտանեկան շեշտադրումով: Ընդ որում, այս լեգիտիմացիան լեգալ դրսեւորում էլ ստացավ՝ վարչապետ նշանակվելու փաստը, ինչը նշանակում էր օրենքի դաշտում ավանդական լեգիտիմացիայի ընդունում: Լեգիտիմացիայի ընտանեկանությունը շեշտվում է նաեւ Վազգեն Սարգսյանին տրված Սպարապետ անվանումնով, ինչն էլի դնում է ազգային-ավանդական լեգիտիմացիայի հիմք` անկախ կոնկրետ լեգալ դրսեւորումներից: Այսինքն՝ տեղի է ունենում ընտանեկան կերպարների նույնականացում հայոց ազգային կերպարների հետ, որոնք առավել կայուն ու կրկնվող բնույթ ունեն, քան օրենքները, որոնք փոփոխական են ամեն իշխանության օրոք: Հետեւաբար, մի կողմից` Արամ Զ. Սարգսյանը հղում է անում օրենքին եւ օրինականությանը՝ նաեւ որպես իր պայքարի հիմնական դրդիչ գործոն, մյուս կողմից՝ սեփական լեգիտիմացիան տանում է օրենքից վեր գործող ազգային ավանդույթների եւ օրինաչափությունների շրջանակում: Բացի դրանից, Արամ Սարգսյանը փորձ է անում ներկայացնել իրեն որպես խարիզմատիկ գործիչ, սակայն խարիզման էլ այս դեպքում ունի ընտանեկան պատկանելության շեշտադրում:
Մավրը արել է իր գործը, մավրը կարող է հեռանալ – Լեւոն Տեր-Պետրոսյանն ի սկզբանե հանդես գալով որպես խարիզմատիկ լիդեր, այն լրացրել է լեգալության սկզբունքով: Գլխավոր հաղթաթուղթը, որ նա ուներ բոլոր հաջորդների նկատմամբ, օրինական կերպով ընտրված լինելն էր: Երկրորդ փաստարկը, որ նրա կերպարին լեգալության բնույթ է հաղորդում, նրա հեռացումն էր հրաժարականի միջոցով, որն էլի ֆորմալ իրականության դաշտում էր: Այսինքն, նա ի սկզբանե ներկայացվելով որպես օրինական պահանջների առաջ քաշող (Արցախյան հարցը), դրա միջոցով օրինական կերպով ընտրվելով նախագահ եւ այնուհետեւ հեռանալով պաշտոնից հրապարակային ելույթի եւ հրաժարականի միջոցով, ապահովում է սեփական անձի լեգիտիմացիան իրական օրենքի պաշտպանի կերպարում: Նրա լռությունը թույլ է տալիս շարունակել այդ կերպարի գործառնությունը, քանի որ նա «խաղում է» պաշտոնաթող նախագահի դերը՝ «օրենքի» բոլոր կանոններով: Նրա առավելությունը մյուսների հանդեպ այն է, որ նա «անցյալի» կերպար է, իսկ հասարակության որոշ խմբերի մոտ, որոշակի ժամանակի ընթացքից հետո անխուսափելիորեն գործում է «էրեկ լավ էր, քանց վուր էսօր» բանաձեւը: Անցյալի դժվարություններն ու սխալներն աղոտանում են ներկայի համեմատ, նվազում է նաեւ դրանց զգացմունքային ընկալման ուժգնությունը, ինչը եւ ապահովում է համեմատական առավելություն առանձնապես ավագ տարիքային խմբերի մոտ, որոնց համար անցյալի դրական մեկնաբանությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ դա իրենց երիտասարդության շրջանն էր:
Ամեն նոր լավ մոռացված հինն է – Արամ Կարապետյան. Այս գործիչն, ի տարբերություն նրանց, ովքեր հղումներ են անում ավանդույթներին եւ շարունակականությանը, շեշտում է նորի գաղափարը: Գալիս են նոր ժամանակներ. այս նշանաբանը արտահայտում է այն հիմնական խոստումը, որ տրվում է նրա պոտենցիալ հետեւորդներին: Այս կոչն ուղղված է երիտասարդներին եւ սոցիալապես ակտիվ մարդկանց, որոնք ցանկանում են ինչ-որ բան փոխել: Սակայն որպես այդպիսին՝ այն չափազանց անորոշ է, քանի որ անորոշությունն ընդհանրապես ամեն նորին հատուկ գիծ է եւ այդ անորոշությանը դիմագրավելու համար պետք է ուժեղ խարիզմատիկ առաջնորդ, ինչպիսին փորձում է ներկայանալ Ա. Կարապետյանը: Այս առումով նրա ժեստերը եւ միմիկան մշակված են վճռական եւ իր խոսքի տեր մարդու տպավորություն գործելու միտումով: Նրա դեպքում շեշտադրվում է նաեւ կրթության գործոնը, Կարապետյանը ներկայացվում է իբրեւ քաղաքական գիտությունների թեկնածու, ինչը հնարավորություն պիտի տար նրան հանդես գալու իբրեւ ՀՀ քաղաքական կյանքի փորձագետ եւ նաեւ` այդ փորձագիտական վերլուծությունների հիման վրա առաջարկել նոր ժամանակների գաղափարը: Այստեղ հակասությունն այն է, որ փորձագետն ինքնին ընկալվում է իբրեւ հասարակապես պասիվ անձ, դիտարկող, որը կարող է խորհրդականի դեր կատարել, այսինքն՝ օգնել իրական խարիզմատիկ լիդերին, այնինչ իրական խարիզման ընկալվում է առավելապես իբրեւ իրավիճակային լավագույն լուծումներ գտնելու, ինքնաբուխ եւ սպոնտան վարքի դրսեւորման ունակություն: Այս հակասության մեջ պետք է դիտարկել Արամ Կարապետյանի տարբեր արտահայտությունները տարբեր երեւույթների նկատմամբ:
Հաց եւ խրախճանք – Տիգրան Կարապետյան. Այս գործիչը փորձում է համադրել «մեր թաղի տղայի» եւ «փրկչի» կերպարները: Նա միաժամանակ «խոպանչի» է, որ կայարանցի լինելով` գնացել է դուրս, այնտեղ հասել հաջողությունների, բայց սիրտը չի դիմացել եւ վերադարձել է Հայրենիք՝ հայրենանպաստ գործունեություն ծավալելու: Նրա լեգիտիմացիան սկզբնապես ընթանում է այդ «զոհաբերության» միջոցով, այսինքն՝ թողնել հեռանկարային եւ շահութաբեր գործունեությունը եւ գալ այստեղ, սեփական միջոցներով հիմնել այլընտրանքային լրատվամիջոց: Այս այլընտրանքային միջոցն էլ դառնում է այն հիմնական միջոցը, որով Կարապետյանը դիմում է իր պոտենցիալ հետեւորդներին եւ առաջարկում իրագործել իրենց մանկության երազանքը՝ երգել, պարել, ասմունքել, ուղղակի երեւալ հեռուստատեսությամբ: Ես լեգիտիմ եմ, որովհետեւ թույլ եմ տալիս լեգիտիմացվել ձեզ. այս բանաձեւն է գործում Տիգրան Կարապետյանի դեպքում: Հեռուստատեսությունն ընդհանրապես աշխատում է ցուցադրել կրթված, ինչ-որ բանի հասած մարդուն: Այն օրինակ է ցույց տալիս: Իսկ պարոն Կարապետյանը դիմում է իր ընտրազանգվածին եւ ասում. ձեզ օրինակ պետք չէ, դուք ինքներդ ձեզ օրինակ եք եւ դուք լիովին իրավունք ունեք տեղ ունենալու եթերում, ավելին, այս եթերն ամբողջությամբ ձերն է: Սակայն սա չի նշանակում, որ նա հրաժարվում է փրկչի իր կերպարից. հակառակը. նա եկավ եւ տվեց խոսելու հնարավորություն, նա գիտական կոչում ունի, կանչում է տարբեր հյուրերի, որոնց հետ շփվում է այնպես, ինչպես հեռուստացույցի այն կողմում նստած հեռուստադիտողներից ոմանք հեռակա կարգով կշփվեին, այսինքն՝ կանչել եւ ցույց տալ, որ մենք ձեզնից շատ գիտենք ցանկացած ոլորտի եւ թեմայի առնչությամբ, ուղղակի ճակատագրի եւ այլեւայլ ճանապարհների բերումով դուք հայտնվել եք այս կամ այն պաշտոնին, բայց մենք ձեզնից ոչնչով պակաս չենք: Եթե մնացյալ հեռուստատեսությունը հիմնականում քարոզում է կյանքում հաջողակ մարդու կերպարը, ապա Տիգրան Կարապետյանը, որը, չնայած հասել է հաջողությունների, բայց չի մոռացել իր ակունքները, ձայն է տալիս կյանքից «նեղացած» մարդկանց: Եվ հույսն այն է, որ այդ ձայն տալը փոխադարձ է լինելու: