«Վեց ոստիկան է դատապարտվել»

12/05/2011

Երեւանում գտնվող Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ իրավական բարեփոխումների վարչության պետ Հանա Ջունքերը երեկ ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից հետաքրքրվել է, թե ինչպիսի օրենսդրական դաշտ եւ գործնական փորձ է առկա խոշտանգումների, վատ վերաբերմունքի դեպքերով: Ի պատասխան, Ա. Հովսեփյանն ասել է, թե համաձայն գործող կարգի, երբ քաղաքացին բերման է ենթարկվում ձերբակալվածների ժամանակավոր պահման վայր, հենց տեղում ենթարկվում է բժշկական զննման: «Եթե առկա են բռնության հետքեր, մարմնական վնասվածքներ, ապա դրանք անմիջապես տեղում ստուգվում են, պարզվում են դրանց պատճառման հիմքերը: Եթե քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվում է կալանքը, եւ քաղաքացուն տեղափոխում են մեկուսարան, ապա մեկուսարանում կրկին կալանավորվածը ենթարկվում է բուժզննման: Մարմնական վնասվածքների հայտնաբերման դեպքում` կրկին նախապատրաստվում են նյութեր, պարզելու դրանց ստացման հիմքերը»,- ասել է Ա. Հովսեփյանը: Ըստ դատախազության մամլո հաղորդագրության` Աղվան Հովսեփյանը շեշտել է, որ մարմնական վնասվածքների, խոշտանգումների, վատ վերաբերմունքի դեպքերի բացահայտումը նախաքննական փուլում առաջին իսկ հերթին ձեռնտու է Դատախազությանը, քանզի դրանց ուղղությամբ կատարված քննությունը, ուսումնասիրությունը, ստուգումները միմիայն ամրապնդում են մեղադրանքի պաշտպանությունը եւ հիմնավորվածությունը: Ա. Հովսեփյանի խոսքով` ցուցում է տրված բոլոր դատախազներին, որ դատարաններում, դատաքննության ժամանակ, ամբաստանյալի կողմից իր նկատմամբ կիրառված բռնության, խոշտանգման դեպքերով հնչած յուրաքանչյուր հայտարարություն դարձնեն քննության առարկա: Գլխավոր դատախազն ասել է, որ նախորդ տարիների համեմատությամբ, այժմ բավականին շատ են դեպքերը, երբ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի մեղադրանքներով դատապարտվել են իրավապահ համակարգի աշխատակիցներ:

«Եղել են դեպքեր, երբ գործեր են հարուցվել քաղաքացիների նկատմամբ` ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործածելու դեպքերով, սակայն իմ ցուցումով, երբ այդ գործերի նախաքննությունն իրականացրել է Հատուկ քննչական ծառայությունը, պարզվել է ուղիղ հակառակ իրավիճակը: Ոստիկանները իրենք են բռնություն գործադրել քաղաքացիների նկատմամբ եւ, որպեսզի կոծկեն իրենց ապօրինությունները, գործ են հարուցել քաղաքացիների նկատմամբ: Միայն 2 այդպիսի քրեական գործով 6 ոստիկան են դատապարտվել»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ի դեպ, հանդիպմանը մասնակցել են նաեւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արամ Թամազյանը, Արմեն Դանիելյանը, Եվրոպայի խորհրդի եւ ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցներ: